Վահրամ Կաժոյանը խոսել է հայազգի փախստականների մասին
Դեկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցել է 1951 թ. Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի 60-ամյակին և 1961 թ. Անքաղաքացիության կրճատման վերաբերյալ կոնվենցիայի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պատվիրակություններ մոտ 145 պետությունից, այդ թվում 4 փոխվարչապետ, 60 նախարար և փոխնախարար, արտաքին և ներքին գործերի նախարարությունների և միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներ, մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ:
Հանդիպմանը Վահրամ Կաժոյանն իր խոսքում մասնավորապես ընդգծել է Ֆ.Նանսենի անգնահատելի դերը 1915 թ. Հայոց ցեղասպանության հետևանքով փախստական դարձավ հազարավոր հայերի տարբեր երկրներում ապաստան գտնելու գործում:
Իր ելույթում Վահրամ Կաժոյանը շեշտել է, որ ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը հազարավոր մարդկանց ստիպեց լքել իրենց բնակավայրերը՝ դարձնելով փախստականներ: Ադրբեջանի ագրեսիայի, էթնիկական զտումների և ատելություն սերմանելու հետևանքով հայազգի բնակչությունը ստիպված էր ամբողջությամբ լքել այդ երկիրը, և 1988 թ.-ից ի վեր Հայաստանն ապաստանել է ավելի քան 400 հազար փախստականի:
Վահրամ Կաժոյանը ներկայացրել է փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքները, անդրադարձել նրանց բնակարանային ապահովման խնդիրներին և այդ նպատակով Երևանում կայացած դոնորների միջազգային խորհրդաժողովին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդունել են նախարարական կոմյունիկե, որում անդրադարձել են աշխարհում փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի բարելավման ռազմավարությանը:
Լուսանկարը՝ Հակբերի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել