
DHL-ի հայաստնյան ներկայացուցիչը հավաստիացնում է, որ վերացրել է սահմանափակումները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) որոշում է կայացրել նախազգուշացում կիրառել միջազգային փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի նկատմամբ։ Այս մասին հայտարարվեց Հանձնաժողովի այսօրվա նիստում։
Ավելի վաղ բողոքով հանձնաժողովին էին դիմել մի քանի տասնյակ մաքսային բրոքերներ, ինչպես նաեւ՝ խոշոր տնտեսվարողներ, այդ թվում՝ «Զիգզագ»-ը, «Վորլդ Վիժն»-ը, «Յուքոմ»-ը, «Արարատ գինու կոնյակի գործարան»-ը, «Ռուսալ Արմենալ»-ը և այլն։ Բանն այն է, որ «Յումակս» ընկերությունը տեղեկացրել էր, որ DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, մաքսային ձևակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց բեռները հետ կուղարկվեն:
«Ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ Հայաստան ուղարկվող բեռների և փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետեւապես վերջինիս նման վարքագիծը սահմանափակում է դաշտում մրցակցությունը՝ բացասաբար անդրադառնալով բրոքերների հետագա գործունեության վրա:
Մրցակցային օրենսդրության խախտման փաստով, «Յումակս» (DHL) ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ կարճ ժամկետում խախտումը եւ սահմանափակումները վերացնելու հանձնարարականով»,- հայտարարվեց այսօրվա նիստին:
Նաև ասվեց, որ վարույթի ընթացքում «Յումակս»-ը կատարել է ՏՄՊՊՀ պահանջը՝ հայտարարության միջոցով տեղեկացնելով, որ բոլոր սահմանափակումներն արդեն իսկ վերացված են, եւ ընկերությունը պատրաստ է աշխատելու նախկին սկզբունքով:
Մեկնաբանել