HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Եկամուտները թաքցրած պատգամավորության թեկնածուները պատասխանատվության չենթակվեցին

Աժ ընտրություններին ընդառաջ «Հետք»-ը ուսումնասիրել էր պատգամավորների թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը և պարզել, որ թեկնածուներից ոմանք թերի լրացված հայտարարագրեր են ներկայացրել՝ թաքցնելով իրենց եկամուտները։

Մասնավորապես՝ թերի հայտարարագիր էին ներկայացրել ՀՀԿ-ական Վահան ՀարությունյանըԽոսրով ՀարությունյանըՀրանտ ԳրիգորյանըՆաիրի Սահակյանը եւ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Գրավոր հարցում էինք ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դատախազություն և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պարզելու, թե այս կառույցներից որեւէ մեկը քայլեր ձեռնարկե՞լ է այդ թեկնածուների ներկայացրած հայտարարագրերն ուսումնասիրելու, թաքցրած եկամուտների համար պատասխանատվություն սահմանելու համար։

Ահա թե ինչ պատասխաններ ենք ստացել: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով 

ԿԸՀ-ից հայտնել են, որ Հանձնաժողովը ընտրական օրենսդրությամբ չունի որևէ պարտավորություն կամ լիազորություն՝ ուսումնասիրել թեկնածուի կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագիրը, հայտնաբերել սխալներ կամ սխալների հիման վրա վարչարարություն իրականացնել։ Այսինքն՝ ներկայացված հայտարարագրերը սխալ լրացնելու համար օրենսդրությամբ որևէ սանկցիա  սահմանված չէ, ավելին՝ առկա չէ որևէ սանկցիա՝ անգամ հայտարարագիրը չներկայացնելու համար։

«Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների պատգամավորների թեկնածուների հայտարարագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որևէ բովանդակային ուսումնասիրության չեն ենթարկվել»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում։ 

Դատախազություն

Դատախազությունից նույնպես հայտնել են, որ չունեն սահմանադրաիրավական պարտականություն՝ ուսումնասիրելու պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերը, ապա հավելել են, որ  հայտարարագրերում թույլ տրված խախտումների վերաբերյալ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով»-ի կողմից ներկայացված որևէ հաղորդում իրենք չեն ստացել։ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողը կրկին մեջբերել է Ընտրական օրենսգիրքը։ Մասնավորապես՝ 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուները իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում են ընտրական հանձնաժողով: Իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր են ներկայացնում բարձրաստիճան պաշտոնատար անձինք: 

Փաստորեն, երեք կառույցներից և ոչ մեկը օրենքով սահմանված պարտավորություն չունի ստուգելու թեկնածուների հայտարարագրերի հավաստիությունը, ինչպես նաև՝ նրանց պատասխանատվության ենթարկել եկամուտները թաքցնելու համար։ 

Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններն են, և ավագանու թեկնածուները արդեն ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ Այս թեկնածուները ևս կարող են հանգիստ կերպով թաքցնել իրենց եկամուտները, քանի որ դրա համար իրավական որևէ պատասխանատվություն չի սահմանվում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter