HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Իտալիա և Վատիկան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և Վատիկան: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հռոմում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդես:

Հանրապետության ղեկավարը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև նրա հանդիպումը «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաև Վենետիկի քաղաքապետարան, որտեղ ներկա կլինի Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter