
Վարպետ Վոլոդյայի պատրաստած աստղադիտակները
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
87-ամյա տեխնիկ-մեխանիկ Վլադիմիր Աղաբաբյանը 2009 թվականից ձեռքով աստղադիտակներ է պատրաստում։ Վարպետ Վոլոդյան 8 տարիների ընթացքում ձեռագործ 5 աստղադիտակ է պատրաստել։ Դրանք նախատեսված են երկնային բոլոր մարմիների դիտման համար։
Ասում է՝ իր պատրաստած աստղադիտակների վրա միայն պտուտակն ու մանրադիտակներն են գործարանային, մնացածը անձամբ է «ստանում»։
Աստղադիտակների պատրաստումը սկսել է 2006 թվականից, երբ հանդիպել է ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունու հետ, որից երեք տարի անց արդեն սկսել է աստղադիտակներ պատրաստել, իսկ 2012-ին ստեղծել է իր առաջին աստղադիտակը։ Ասում է, որ շատ կցանկանար` իր աստղադիտակներից գոնե մեկը Հերունին տեսած լիներ։
«Սա իմ հոբբին է։ Մտել է հոգուս մեջ և մինչ կյանքիս վերջ կզբաղվեմ ու կզբաղվեմ աստղադիտակներով»,- ասում է վարպետը։
Նա շատ է ցանկացել պատրաստել «Կասեգրեն» տեսակի աստղադիտակ, որի վրա արդեն 3 տարի աշխատում է։ Այն ավարտելու համար դեռևս շատ աշխատանքներ ունի. «Սրանով երևի հազիվ ավարտեմ»։
Իր աստղադիտակներով վարպետ Վոլոդյան երբեմն Երևանի տարբեր կետերում աստղասերների հետ աստղադիտումներ է կազմակերպում։ Կարծում է՝ իր պատրաստած և դեռևս պատրաստվելիք աստադիտակները կնվիրի դպրոցներին և մանկատներին. դեռ չի որոշել։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել