Համայնքապետի տեղակալի համոզմամբ` Սերժ Սարգսյանին խաբում են
Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը վերջին 15 տարում գրեթե դատարկվել է: Երիտասարդները լքում են գյուղը ու մշտական բնակության մեկնում արտերկիր: Գյուղում հաշվառված է 2152 մարդ, սակայն վերջին մարդահամարի տվյալներով` փաստացի ապրում է 1973 մարդ: Գյուղից արտագաղթը սկսվել է 1996 թ. եւ մինչ օրս շարունակվում է: Այս տարի էլ Արտիմետ գյուղից մշտական բնակության է մեկնել 2 ընտանիք եւ 8 անհատ քաղաքացի: Ընտանիքներից մեկը Արտիմետի համայնքապետի տեղակալ Մանվել Սահակյանի որդու ընտանիքն է:
«Ցավալին այն է, որ երիտասարդ ընտանիքներն են գնում: Հեռուստատեսությամբ, երբ արտագաղթի մասին հաղորդումները լսում եմ, բոլորը ժողովրդին մեկ պատճառ են ցույց տալիս, թե տնտեսական վիճակից ելնելով են գնում: Ես համամիտ չեմ այդ կարծիքին: Այսօր ժողովրդին տնտեսական վիճակն այնքան էլ չի անհանգստացնում, ինչքան արհամարհված լինելը»,- ասում է Արտիմետի համայնքապետի տեղակալ Մանվել Սահակյանը եւ վառում ծխախոտի գլանակը:
Ըստ Մ. Սահակյանի` երկրում բյուրոկրատական քաշքշուկը, կոռուպցիան ձանձրացնում եւ զզվեցնում են ժողովրդին, ինչից դրդված էլ լքում են երկիրը:
«Դա է պատճառը, ոչ թե այսօր մարդը մսեղեն չի կերել, մակարոն է կերել կամ լավ չի հագնվում, դրա համար է հեռանում, չէ...: Շատ լավ գիտեն, որ գնում են դուրս` այնտեղ թափած չի, ձրի բանը միայն թակարդում է լինում: Հայաստանում ցանկացած կառույց որ մտնում ես, արհամարհական են ընդունում, կոպիտ վերաբերմունք է, դուրս ես գալիս` փողոցները ջահել երեխեքը ինչպես ուզում, այնպես մեքենան վարում են, ու Աստված չանի, որ ինչ-որ մեկը թույլատրելի ճանապարհով գնա, ու այդ երիտասարդը լավ մեքենայով գա ու իր ճանապարհը բաց չլինի, մեծ պատերազմ կլինի»,- ասում է Մանվել Սահակյանը:
Նա ուրախ է, որ գոնե Էջմիածնում կարգ ու կանոն կա, թեկուզ գեներալ Մանվել Գրիգորյանից վախենալով կամ հարգելով` ոչ ոք անկարգություն չի անում: Համայնքապետի տեղակալի ասելով` այսօր գյուղացին բազմաթիվ խնդիրներ ունի, եւ ոչ ոք նրա կողքին չէ, ինչն էլ դարձյալ նպաստում է արտագաղթին:
Արտիմետի սեփական եկամուտներից 9 մլն 600 հազ. դրամը հողի հարկն է, 1,5 մլն-ը` գույքահարկը, իսկ 2,4 մլն էլ ավտոմեքենաների գույքահարկն է: Տեղական տուրքերը քիչ են: Գյուղում ընդամենը 3 խանութ է գործում, եւ յուրաքանչյուրը համայնքային բյուջե վճարում է եռամսյակը 8 հազար դրամ: Դոտացիան կազմում է մոտ 17 մլն դրամ:
Այդ գումարը հիմնականում ծախսվում է աշխատավարձերի վճարման եւ ոչ մեծ ֆինանսավորում պահանջող ներդրումների վրա: Մանվել Սահակյանի ասելով` Արտիմետի ավագանին քառամյա ծրագիր է ընդունել եւ այն ներկայացրել մարզպետարան, սակայն մեկ օրինակը համայնքապետարանում չեն պահել, ստիպված աշխատանքային փաստաթուղթ են կազմել, որն էլ քառամյա ծրագրի փոխարեն օգտագործում են: Ըստ համայնքապետի տեղակալի` սխալն իրենն է, որ գյուղի զարգացման 4 տարիների ծրագրի պատճենը չունեն եւ հիմա ամաչում է մարզպետարանից պատճենը վերցնել:
Ծրագրով 2011 թ. համար նախատեսված է եղել խմելաջրի ներքին ցանցի վերանորոգում եւ ճանապարհների փոսալցման աշխատանքներ: Ջրագծերի փոխումը դեռեւս ընթացքի մեջ է, շուտով ավարտին կհասցվի: Ներքին ցանցի վերանորոգման համար խողովակների որոշ մասը համայնքին հատկացրել է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը:
Այս տարի էլ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում եւ համայնքի 15% համաֆինանսավորմամբ փոխվել են 1780մ երկարությամբ ոռոգման ներքին ցանցի կիսախողովակները: Վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի գլխավոր ճանապարհի լուսավորության համակարգը, թեեւ Մ. Սահակյանը նշեց, որ իրենց ճանապարհը լուսավորված է այն ժամանակվանից, երբ հանրապետության հրապարակում ընդամենը մի քանի լույս էր վառվում:
Գյուղի մանկապարտեզը 1971 թ. տիպային կառույց է եւ մինչ օրս ոչ մի անգամ չի վերանորոգվել: 2 տարի առաջ շենքը գազիֆիկացվել է, սակայն վերանորոգման համար գումարներ դեռ չկան: Արտիմետը մշակույթի տուն չունի, իսկ համայնքապետարանը տեղակայված է գյուղի «ակումբում» եւ ընդամենը 2 սենյակ է զբաղեցնում: Այստեղ ավագանու համար էլ սենյակ չկա: Այդ շենքի դահլիճ հիշեցնող հատվածում են հավաքվում նաեւ գյուղի տարեց տղամարդիկ եւ առավոտից մինչեւ ժամը 18-ը նարդի ու թղթախաղ են խաղում:
Մանվել Սահակյանի ասելով` գյուղացին հետաքրքրված չէ ավագանու կամ համայնքի ղեկավարի աշխատանքով: Նա մի քանի անգամ անձամբ է հորդորել գյուղացիներին իրենց հուզող հարցերը բարձրացնել ավագանու միջոցով, սակայն գյուղացին անտարբեր է: Դա է պատճառը, որ ավագանու անդամները ընտրողներից նամակներ ու դիմումներ չեն ստանում: Համայնքապետն էլ է քիչ թվով դիմումներ ստանում, հիմնականում` կենցաղային բնույթի:
Մանվել Սահակյանի խոսքերով, թեեւ Արտիմետի համայնքապետարանում իրենց համագյուղացիներին երբեք չեն վիրավորում, սակայն գյուղացու անտարբերությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ երկրում մարդու` իրեն արհամարհված զգալու հետեւանք է: Ըստ նրա` գյուղացին լավ ապրելու համար ունի գերխնդիր` գյուղմթերքների իրացումը, որին, ինչպես նշեց, մինչ օրս պետական աջակցություն չի ցուցաբերվում:
«Վերջին ամիսներին գյուղնախարարության կողմից գյուղմթերքների շուկա բացվեց Երեւանում, բայց դա ձեւական բնույթ է կրում: Մայրուղիների վրա ժողովուրդն ավելի շատ է իր ապրանքը վաճառում, քան շուկաներում»,- հավելեց Մ. Սահակյանը:
Արտիմետը գյուղտեխնիկայի խնդիր չունի, սակայն հող մշակելն այսօր թանկ հաճույք է դարձել: Նախ` ոռոգման ջրի վարձավճարն է թանկ, հետո էլ գյուղնախարարն իր խոստումը չի պահել, թե իբր ազոտական պարարտանյութի մեկ պարկի գինը 7000 դրամից չի բարձրանա:
«Ինչքան էլ գյուղնախարարը կոկորդ էր պատռում, թե 7000 դրամից ավել չի լինելու պարարտանյութի գինը, այսօր 9000 դրամ վրացական պարարտանյութն է, իսկ ռուսականը` 10.000 դրամ: Այս եղանակին պարարտանյութ չի օգտագործվում, բայց գինն այդքան բարձր է, պատկերացրեք, թե սեզոնին ինչ կլինի»,- ասում է Մանվել Սահակյանը:
Համայնքապետի տեղակալը նշում է, որ հողը միայն ազոտով չի հարստանում ու բերքատվություն ապահովում, սակայն գյուղացին ստիպված հողին այնքան ազոտական պարարտանյութ է տվել, որ հողը որակազրկվել է, բերքատվությունն էլ` նվազել: Հողին անհրաժեշտ են նաեւ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր, սակայն դրանք այսօր հողագործության մեջ չեն օգտագործվում:
«Համոզված եմ, որ այսօր հանրապետության նախագահն էլ իրական վիճակը չգիտի: Բնական է, որ նա չի հասցնի երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությամբ զբաղվել, երեւի սուտ տվյալներ են նրան տալիս, մարդն էլ գիտի, թե ամեն ինչ նորմալ է: Դրանում համոզված եմ, չգիտեմ»,- հավելեց համայնքապետի տեղակալը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել