HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը». Կարեն Կարապետյան

Անդրադառնալով անտառների կառավարման և ապօրինի անտառահատումներին` կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրը առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով: Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված ու հետևողական աշխատանքը»։ 

Կարապետյանը անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատել է անբավարար և հանձնարարել ՀՀ գյուղատնտեսության նախարարին 2-ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ և գործողությունների ծրագիր:

Հանձնարարվել է ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների և տեխնոլոգիաների ներդրման գործողությունների ծրագիր։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է, սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ, մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է 1-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել և ներկայացնել հաշվետվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter