HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է լուծարել «Բնապահպանական պետական տեսչությունը» և «Ընդերքի պետական տեսչությունը»

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ստեղծման, լիազորությունների և գործառույթների իրականացման միջոցով վերահսկողության արդյունավետ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Մասնավորապես, ինչպես հայտնում է կառավարության կայքը, որոշմամբ նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ, որի լիազորությունները կսահմանափակվեն հիմնականում ռազմավարական խնդիրների ու դրանց իրագործմանն ուղղված նպատակների սահմանմամբ և որոշումների կայացմամբ: 

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական պետական տեսչությունը», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Ընդերքի պետական տեսչությունը» և ստեղծել նոր՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»:

Որոշմամբ հաստատվում է տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը: Սահմանվել են նաև տեսչական մարմին ստեղծելու գործընթացում անհրաժեշտ հանձնարարականները: Տեսչական մարմնի լիազորություններում ընդհանրացվել են բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառները կարգավորող իրավական ակտերով տեսչական մարմնին վերապահված լիազորությունները, որոնց իրականացումն ուղղված է բնապահպանության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ընդերքօգտագործման անվտանգության ապահովմանը, այդ բնագավառներում իրավախախտումների կանխարգելմանը և տնտեսվարող սուբյեկտների մոտ իրավագիտակցության բարձրացմանը: 

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով տեսչական բարեփոխումներին, հետաքրքրվել է, թե արդյոք լուծվել են խնդրի շուրջ բարձրացված բոլոր հարցերը: Ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ մնացել են միայն օրենքի փոփոխությամբ պայմանավորված մի շարք հարցեր, որոնք արդեն մշակվել են և գտնվում են գերտեսչությունների հետ քննարկման փուլում: Վարչապետը հանձնարարել է հարցի վերաբերյալ իր մոտ քննարկում կազմակերպել և անել հնարավորը, որպեսզի տեսչական մարմինը խոչընդոտ չհանդիսանա բարեփոխման համար:

Անդրադառնալով հանրային ծառայության բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է, թե երբ դրա վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն: Դավիթ Հարությունյանը նշել է. «Փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ես կարծում եմ, որ համապատասխան առաջարկությունները պատրաստ կլինեն 1-1,5 ամիս հետու»: Կարեն Կարապետյանը հորդորել է հնարավորինս արագացնել գործընթացը. «Պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիրներ կան: Մենք ունենք սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ներգրավել թարմ, մտածող մարդու: Պետք է մաքսիմալ արագ այդ հարցը կարգավորենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter