HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սահմանադրական դատարանը մերժեց Կոնգրես-ՀժԿ դաշինքի դիմումը

Սահմանադրական դատարանը քիչ առաջ մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:

Մինչ այդ այսօր դատարանում ամփոփիչ ելույթներ ունեցան դիմող ու պատասխանող կողմերը:

Դիմողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դիրքորոշում հայտնեց, որ դատարանում այսօր քննվող գործը տեխնիկական գործընթացի վերաբերյալ քննվող գործ չէ, և օրինականությունը, որը դրվում է այս գործի քննության կենտրոնում, չի կարող, որպես այդպիսին, միայն տեխնիկական նորմերի պահպանմամբ լինել  այս դատարանի հետաքրքրության միակ առարկան:

«Երբ Հայաստանը, բարեբախտաբար, ընտրեց Կելզենյան մոդելի սահմանադրական դատարանի համակարգը, և՛ ընտրողները, և՛  հետագայում երկու սահմանադրական փոփոխությունների ընթացքում այս մոդելը պահպանողներն իրենց մտքում ունեցել են այս մոդելի այն կարևորագույն առավելությունը, որ այն, այսպես կոչված արկղից դուրս դատարանի հնարավորություն է տալիս, այն կարող է լայն և կոնտեքստուալ վերլուծությւոնների հիման վրա քննել նաև դատական վեճերը»,- ասաց Գրիգորյանն ու  շարունակեց բացատրել, թե  ինչ նկատի ունի:

Ըստ Գրիգորյանի` ընտրական գործընթացը ինքնին միայն տեխնիկական գործընթաց չէ. այն տեղի է ունենում կոնկրետ քաղաքական, մշակութային ավելի լայն համատեքստում, Սահմանադրական  դատարանը չի կարող անտեսել այդ համատեքստը:

«Նամանավանդ, որ այդ համատեքստի մեջ գլխավոր խաղացողներից մեկը այս քաղաքական մրցակցության մասնակիցն է. խոսքը վերաբերում է այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ փաստաբանի` սա ուղղակիորեն սահմանադրական, իրավական հետաքրքրության առարկա է: Գրիգորյանը բացատրեց, թե ինչ նշանակություն ու կարևորություն ունի այս ամենը օրինականության սկզբունքի տեսանկյունից:

«Մենք խոսում ենք մի կուսակցության մասին, որը օրինական հիմունքներով, ըստ պատասխանողի կողմից կայացված որոշման վերահսկում է  Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը: Ես չեմ խոսում որևէ  հանցավոր կամ  ապօրինի սխեմայի մասին: Այն   ունի բավարար մանդատներ, որպեսզի կանխորորշի այդ մարմնի բոլոր գործողությունները: Օրինականությունը, որ դուք ասում եք, այս մարմնի կայացրած ակտերի համապատասխանություն է, այլ խոսքով՝ այդ կուսակցության կամքին համապատասխանությունը»,- ասաց Գրիգորյանն ու շարունակեց, որ նույն կուսակցությունն, ըստ պատասխանող կողմի կայացրած որոշման, օրինական հիմքերով, վերահսկում է նաև գործադիր իշխանությունը,  նախագահի՝  լայն իրավասություններով օժտված ինստիտուտը, որը միջամտություն ունի իշխանության բոլոր երեք ճյուղերում`դատական իշխանության մասով ավելի չափավորված:

Գրիգորյանն ապա անդրադարձավ ՀՀԿ-ի` դատական իշխանության  նկատմամբ վերահսկողությանը:

Փաստաբանի  խոսքով՝ այդ ատյանի նկատմամբ Հանրապետական կուսակցության վերահսկողությունն ավելի, քան շոշափելի է:

 «Դատական իշխանության՝ գործադիր իշխանությունից կախվածության հանգամանքը հիմք է հանդիսացել այս պետության սահմանադրական փոփոխությունների համար. հիշեք սահմանադրական փոփոխությունների կոնտեքստը՝ կապված դատական իշխանության հետ:  մեկ հանգամանք ևս. Հայաստանի  Հանրապետությունը երկիր մոլորակի վրա այն պետություններից է, որը միապետություն չէ, և որի  բոլոր դատավորները կամ նշանակված են կամ նշանակվել են կամ վերանշանակվել  Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի կողմից, և դուք գիտեք, թե նախագահի այդ հայեցողության շրջանակը որքան է»,- ասաց Գրիգորյանն ու շարունակելով  հավելեց, որ ՀՀ նախագահը դատավոր ընտրելու բացարձակ հայեցություն ունի, որը, ըստ նրա, բոլորին է հայտնի, թե ինչպես է վերածվում դրական հայեցողության:

Ըստ Գրիգորյանի` ստացվում է, որ հանձին Հանրապետականի` մենք գործ ունենք մի կուսակցության հետ, որը վերահսկում է իշխանության բոլոր երեք ճյուղերը, որն, ըստ իրավաբանի, ծայրահեղական հակասահմանդրական իրավիճակ է:

Գրիգորյանը հիշեցրեց, որ Սահմանդրության 5-րդ հովածի նպատակն է թույլ չտալը իշխանության որևէ ճյուղի կողմից մյուս ճյուղի նկատմամբ գերիշխանությունը և փաստեց, որ Հայաստանում իրավիճակի հակասահամանդրականությունն այնքան խորն է, որ այլևս չի քննարկվում իշխանության որևէ ճյուղի գերիշխանությունը մեկ այլ ճյուղի նկատմամբ, այլ քննարկում է մեկ կուսակցության գերիշխանությունը իր իշխանության երեք ճյուղերի նկատմամբ:

«Ի՞նչ նշանակություն ունի այս ամենն այս դատավարության հետ. երեկ իմ կողմից շատ հարգված պարոն Թոխյանը գործընկերոջս ասաց, թե  շարունակաբար սահմանադրական դատարանը սահմանել է ստանդարտներ,ապացույցների կանոններ, դատավարական ընթացակարգեր ու հարցրեց, թե  ինչո՞ւ դրանք չեն պահպանված: Բա՛րձր դատարան. եթե այս դատարանը շարունակելու է ընդհանուր կոնտեքստն անտեսելով՝ պահպանել այն ստանդարձները, որոնք ընդունման պահին ընդունվել են այն կանխավարկածով, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատություններ գոյություն ունեն, ապա այս դատարանը չի կարող բավարարել նույնիսկ ընտրական վեճերի վերաբերյալ արդարության նվազագույն պահանջներ, քանի որ, փաստորեն, անտեսվում է ընդհանուր կոնտեքստը, որտեղ քաղաքական մրցակիցը վերահսկում է բոլոր կողմերին»,- ասաց Գրիգորյանն ու օրինակով բացատրեց, թե ինչ նկատի ունի:

«Գոյություն  ունեն x, y, z ապացույցները, որոնք Սահմանադրական դատարանին հնարավորություն կտան խորությամբ ուսումնասիրելու վեճը: X ապացույցը տալու է Հանրապետական կուսակցությունը, y  ապացույցը ստացվելու է Հանրապետական կուցակցությունից, z ապացույցը  ձեզ կշնորհի Հանրապետական կուսակցությունը... Բերեք մեզ այդ ապացույցները, և մենք բարձր արդարադատության դիրքից կքննարկենք՝ զրկենք այդ կուսակցությանը իշխանության շարունակականությանից, թե ոչ. սա ապացուցման բեռի բաշխման չափազանց անարդար մոդել է: Միայն այն հանգամանքը, որ 20 տարի որևէ դիմող իր առավելագույն ջանքերի գործադրմամբ չի կարողացել ձեր պահանջած ստանդարտի նույնիսկ նվազագույնը բավարարել, դա առնվազն այս դատարանին պիտի հուշի, որ ապացուցման չափազանց բարձր բեռ է դրված դիմողների նկատմամբ»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Իրավաբանը կարծիք հայտնեց, որ, ունենալով բոլոր սահմանադրական լիազորություններն, այնուամենաիվ, Սահմանադրական դատարանն, իր խորին համոզմամբ, այն ատյանը չէ, որտեղ ժամեր շարունակ քննարկվի քվեախցիկի կահավորման օրինականության համապատասխանության հարցը:

«Բայց կողմերը ժամեր շարունակ գալիս ու իջնում են այդ մակարդակին, քանի որ խոսքը վերաբերում է օրինականության շրջանակներում ընտրությունների արդյունքների ամփոփման վեճի քննությանը. Սահմանարդության 5-րդ հոդվածն, այսօր, փաստացիորեն, գետնին հավասարեցված է օրենքի խստիվ պահպանմանբ. օրենքի ոչ մի տառ չի խախտվել 5-րդ հոդվածի ամբողջական տապալման համար: Իսկ 5-րդ հոդվածի տապալումն անխուսափելիորեն հանգեցնելու է 6-րդ հոդվածի  առաջ գալուն... Միակուսակցական ամբողջատիրոթյան դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները. կամ դուք այսօր նրան ցույց  եք տալու իր տեղը կամ սպասելու եք, որ նա, արդեն վերակենդանացված ցույց տա իր տեղը»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Հարցերի մասին, որոնք ինքը բարձրացրեց, ըստ Գրիգորյանի, գիտի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, մինչդեռ Սահմանադրակա դատարանն ինքն իրեն պատնեշել է օրինականության ստուգման իր առաջադրած խնդրով, այն օրինականության, որը ձևավորվում է այն նույն դատական ակտերի միջոցով, որոնք ընդունել է իշխող կուսակցոությունը:

«Ես չեմ ցանկանում որևէ կուակցության մասնավորեցնել, ցանկացած կուսակցություն այդ որակն է ձեռք բերում. այդպիսին է իշխանության որակը»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ շարունալեով, որ Սահմանդրական դատարանը կամ պիտի դառնա իր կողմից բարձրացված խնդիրների լուծման հիմնական ասպաերզը, կամ դեռ շատ տարիներ մնա քվեախցերի կահավորման օրինականության վերաբերյալ վեճերը քննող դատարան:

«Ես հույս ունեմ, որ առաջինն եք ընտրելու» : Իմ վստահորդի դիրքորոշումն  է. եթե նույնիսկ այս դատարանը չի կարողանալու բավարարել դիմումն ամբողջությամբ, ապա այս դատարանն առնվազն պարտավոր է համարժեքորեն արձագանքել Հայաստանի Հանրապետությունում տիրող սահմանադրական ճգնաժամին՝ առնվազն արձանագրելով դրա գոյությունը»,- խոսքը եզրափակեց Վահե Գրիգորյանը:

Այսօր ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև Լևոն  Զուրաբյանն:

Վերջինս  իր խոսքում նշեց, որ երեք օր շարունակ դատարանում քննվող գործի ընթացքում  ապացուցվել է, որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ ընտրությունների ժամանակ օգտագործել է պետական իշխանության լծակները և իր վերահսկողության ներքո գտնվող ամբողջ վարչական ռեսուրսն ու հանրային հիմնարկները:

Զուրաբյանը, մեջբերելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-դիտորդների՝ ընտրությունների վերաբերյալ դիտարկումները, ընդգծեց, որ իր կողմից վկայակոչված հանգամանքները հայտնի են նաև այդ դիտորդներին, ամբողջ հասարակությանը, մի խոսքով՝ բոլորին բացի այն հաստատություններից, ում գլխավոր առաքելությունն է ընտրությունների օրինականության վերահսկումը, ում գլխավոր պարտականությունն է նման հանցագործությունների բացահայտումը եւ մեղավորների պատժումը:

 «Տարիներ շարունակ այս հաստատությունները մեզանից պահանջել են ընտրողներին ճնշելու եւ կաշառելու հետ կապված համակարգային եւ համատարած խախտումների կոնկրետ ապացույցներ։ Հիմա այդ ապացույցները վերջապես ստացված են։ Այստեղ է, որը բացվում է նրանց իրական դեմքը, և պարզվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, ոստիկանությունը զբաղված են ո՛չ թե այդ հանցագործությունների բացահայտմամբ, այն նրանց պարտակումով»,- հայտարարեց Զուրաբյանն ու հիշեցրեց դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների վերաբերյալ ձայնագրությունները:

Ըստ Զուրաբյանի` առկա են եղել բոլոր հիմքերը` Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու համար։ «Բայց  կատարվում ապշեցուցիչ մի բան։ ԿԸՀ-ն սկսում է գործի վարույթ, ստանում է տնօրեններից եւ վարիչներից բացատրություններ առ այն, որ իրենք կուսակցության համակիրների ձայները հավաքել են ոչ աշխատանքային ժամերին, դրանից հետո որոշում է, որ օրենքը չի խախտվել եւ մերժում երկու ընտրական դաշինքների դիմումը՝ գործը Վարչական դատարան ուղարկելու վերաբերյալ»,- ասաց Զուրաբյանն ու շարունակեց, որ իրենց բազմաթիվ հարցերին, թե ինչպե՞ս է իրականացվել այդ վարույթը, ո՞վ է վերցրել բացատրությունները, ի՞նչ հարցեր են տրվել տնօրեններին, մասնավորապես` ցուցակների կազմման մեթոդների եւ այդ ցուցակները մարզպետարաններին և  ՏԻՄ-երին ուղարկելու նպատակի վերաբերյալ, ԿԸՀ նախագահ Մուկուչյան հրաժարվել է  պատասխանել։

«Տիգրան Մուկուչյանը չի կարող այդ հարցերին պատասխանել  և հրաժարվում է տալ տնօրեններից բացատրություններ վերցնող մարդկանց անունները շատ պարզ պատճառով. իրականում ԿԸՀ-ն վարույթ չի իրականացրել և ոչ մեկից բացատրություն չի խնդրել։ Նա ստացել է տնօրենների կողմից ստորագրված միաբովանդակ բացատրությունների տրցակը Հանրապետական կուսակցության շտաբից և իբր իրականացրած վարույթի արդյունքում հերքել է խախտման փաստը։ Մուկուչյանը ակնհայտ ստում է եւ պարտակում հանցագործությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով,  որ ԿԸՀ-ի որոշումով հաստատված ԱԺ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամքը և պետք է ճանաչվեն անվավեր։

 Զուրաբյանի խոսքով՝ պետական համակարգը հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ է ստեղծել ընտրակաշառքների բաժանման նկատմամբ, ընտրությունների ժամանակ  խախտվել է քվեարկության գաղտնիությունը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից քվեարության օրվա առկա տեսանյութերն ուսումնասիրելու իրենց միջնորդությունը մերժելու հանգամանքին՝ Զուրաբյանը դիրքորոշում հայտնեց, թե ապացույցները չուսումնասիրելն իրենք դիտարկում են որպես հանցագործության պարտակմանը հավասարազոր քայլ:

Ամփոփիչ ելույթ ունեցավ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 «Դատավարության ընթացքում հստակ ընդգծվեց մեկ հանգամանք. դիմող կողմը ավելի շատ քննարկման առարկա դարձրեց օրենսգրքի դրույթների ընկալման, մեկնաբանման հիմնահարցերը, դրանց վերաբերյալ տարաբնույթ տեսական հիմնախնդիրներ բարձրացնելը՝ բարձր դատարանին չներկայացնելով որևէ ապացույց: Ներկայացվածը հիմնականում իրավական հիմքերից զուրկ դատողություններ էին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

 Մուկուչյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ ԿԸՀ-ին ներկայացրած լիազորագրի տակ ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը դրված չէ.

«Անհասկանալի ինչ-որ անձի ստորագրություն է դրված, որը չես պատկերացնի, թե ում ստորագրությունն է: Այո՛, գուցե պետք էր սա ժամանակին հայտնաբերել եւ այս դիմումն ընդհանրապես քննության առարկա չդարձնել, որովհետեւ այդ լիազորագիրը չէր կարող համարվել պատշաճ, բայց արդյունքում անգամ իրենց օգտին է դա տեղի ունեցել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter