Ավարտվել է բժշկի կողմից «Կապանի բժշկական կենտրոնում» բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2017թ. հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդ աղջիկը հունվարի 16-ին ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք։ Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որը նախատեսված չի եղել հիվանդներին պահելու համար։ Նշված սենյակում հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։ Վերջինս դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան, և այդ կերպ կանխել նրա հանցավոր մտադրությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել