
Պոլսահայ համայնքը և Ս. Էջմիածնի հեղինակությունը փրկելու հրամայականը. ի՞նչ անել Աթեշյանի հետ
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով մարտի 15-ին կայացած Պոլսի հայոց պատրիարքական տեղապահի ընտրություններում պարտություն կրելուց հետո Ստամբուլի նահանգապետարանի կոպտագույն միջամտությամբ շարունակում է իրեն համարել պատրիարքի փոխանորդ, նախօրեին շնորհակալական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ապրիլի 24-ի կապակցությամբ նրա հղած ուղերձի համար: Այդ ուղերձը Ցեղասպանությա զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ ընթերցել էր անձամբ Աթեշյանը, որի անունով էլ այն ուղարկված է եղել:
Չնայած 3 տարի շարունակ Էրդողանը ապրիլքսանչորսյան այդ ուղերձները դարձնում է Ցեղասպանությունը ցինիկորեն ժխտելու և աշխարհի առջև հայերի նկատմամբ հանդուրժողականություն խաղալու գործիք, Աթեշյանը նրան շնորհակալություն է հայտնում «թուրքահայության ցավը» կիսելու, «հայ համայնքի անդորրության, անվտանգության ու երջանկության նկատմամբ «մասնավոր կարևորություն» դրսևորելու, «հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ» պետության կողմից քայլեր ձեռնարկելու հավաստիացումների համար: Ընդ որում՝ երախտագիտությունն Աթեշյանն արտահայտում է ոչ միայն անձամբ իր, այլ նաև համայնքի անունից՝ նամակում շեշտելով, թե նախագահի ուղերձը դրական արձագանք է գտել համայնքում և մեծ գոհունակության արժանացել վերջինիս կողմից:
Նույն կերպ ինքնահռչակ Տեղապահը վարվել էր նաև անցյալ տարի, ինչը հարուցել էր ոչ միայն Առաջնորդարանի հոգևորականության, այլև ստամբուլահայ համայնքի խորը դժգոհությունը: Սակայն, եթե նախորդ տարի այդ քայլին Աթեշյանը դիմել էր՝ լինելով այսպես կոչված լեգիտիմ փոխանորդ, ապա այս տարի նման կերպ վարվելու բարոյական հիմք չուներ՝ առնվազն հաշվի առնելով տեղապահի ընտրություններում պարտություն կրած լինելու և հետևաբար թե՛ Պատրիարքարանի և թե՛ հայկական համայնքի աջակցությունը չունենալու պատճառով: Աթեշյանը, ըստ էության, տվյալ դեպքում գործել է ոչ թե որպես համայնքի հոգևոր առաջնորդ, նվիրապետական աթոռի հավակնորդ, այլ թուրքական իշխանության ստորին շարքային չինովնիկ, ով մի կողմից փորձում է լուծել իր մասնավոր խնդիրները, մյուս կողմից` սպասարկում հայկական համայնքի հետ կապված այդ իշխանության պլանները:
Խնդիրն այն է, որ ապրիլքսանչորսյան իր ուղերձում Էրդողանը հույս էր հայտնել, թե կարճ ժամանակում կավարտվեն Պոլսո պատրիարքի ընտրությունները և հաջողություն էր մաղթել: Ելնելով նրանից, որ ուղերձը ուղարկվել է Աթեշյանի անունով, ակնհայտ է, որ այդ մաղթանքն ուղղված է բացառապես Ստամբուլի նահանգապետարանի կողմից որպես պատրիարքի տեղապահ ճանաչվող սույն անձնավորությանը: Դրանով Էրդողանը, կոպտորեն միջամտելով հայկական եկեղեցու ներքին գործերին, որի իրավունքը, ի դեպ, պետությունը չունի սահմանադրությամբ, համայնքին և Առաջնորդարանի հոգևոր դասին հասկացնում է, որ հենց Աթեշյանն է հանդիսանում Պոլսո Հայոց պատրիարքի իրենց նախընտրելի թեկնածուն: Եթե թուրքական իշխանությունը չգնահատեր Աթեշյանի մատուցած ծառայությունները, և եթե նման «կադր» կորցնելու վտանգի զգացողությունը չունենար, դժվար թե ամենաբարձր մակարդակով փորձեր ուղղորդել ընտրության պոտենցիալ մասնակիցներին: Առաջին հերթին հենց դրա համար է Աթեշյանը շնորհակալություն հայտնում Թուրքիայի նախագահին՝ շատ լավ հասկանալով, թե ինչպես է ընկալվելու նոր «սուլթանի» այդ հպանցիկ մաղթանքը ստամբուլահայ այն պատվիրակների կողմից, որոնք մարտի 15-ին կայացած տեղապահի ընտրություններում քվեարկեցին Գերաշնորհ Տ․ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանի օգտին և մասնակցելու էին մայիսի 28-ին պլանավորված Պոլսո պատրիարքի ընտրություններին:
Թե՛ թուրքական ժխտողականությունը ողջունելու իր քստմնելի արարքով, թե՛ Պատրիարքի տեղապահի ընտրությունների արդյունքները չընդունելով և Ստամբուլի նահանգապետարանի կողմից ինչ-որ անհասկանալի գրության հիման վրա փաստացի փոխանորդի պաշտոնն ուզուրպացնելով՝ Աթեշյանը վերջնականապես համոզել է, որ ինքը ո՛չ Հայ Առաքելական եկեղեցու և ո՛չ էլ հայկական համայնքի և հայկական օրակարգի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Նա ինքնակամ, ուղղակի նյութական շահով և իշխանատենչության մոլուցքով տարված՝ իշխանությունների ձեռքին վերածվել է Թուրքիայի հայկական համայնքը պառակտելու, թուլացնելու կույր գործիքի: Ամենաամոթալին ու ողբերգականն այն է, որ Աթեշյանն ուղղակի թե անուղղակի դարձել է Հայ Առաքելական եկեղեցու ամենահզոր և, թերևս, արևմտահայկական հոգևոր, մշակութային ու եկեղեցական ժառանգության ներկայացուցիչը հանդիսացող կառույցը՝ Պոլսի հայոց պատրիարքությունը ս. Էջմիածնից անջատելու դավադիր գործարքի մասը:
Բանն այն է, որ Պատրիարքի տեղապահի ընտրությունների հարցը, որպես Պատրիարքի ընտրության նախապատրաստություն, որոշվել էր այս տարվա փետրվարի վերջին ս. Էջմիածնում Արամ Աթեշյանի եւ Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հետ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի երկարատև հանդիպումից հետո: Այն մեծ ոգևորությամբ էր ընդունվել հայկական բոլոր շրջանակների կողմից՝ որպես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու միջոց: Սակայն, տեղապահի ընտրությունների արդյունքը չճանաչելով՝ Աթեշյանը փաստացի, մեղմ ասած, արհամարհեց թե՛ ս. Էջմիածնին և թե՛ անձամբ Կաթողիկոսին: Նա իր այդ քայլով հասկացրեց, որ բավականաչափ ուժեղ և անկախ է Էջմիածնին չենթարկվելու համար և չի պատրաստվում գոնե հաշվի նստել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, իրեն արդեն իսկ պատկերացնում է այսպես կոչված «տեղական կաթողիկոսի» կարգավիճակում: Եկեղեցին պառակտելու և ս. Էջմիածնի հեղինակության հետ խաղալու ավելի զազրելի արարք դժվար էր պատկերացնել:
Արամ Աթեշյանը թե´ հայ համայնքի և թե´ ս. Էջմիածնի, պոլսահայ համայնքի ամբողջականության համար դարձել է ոչ միայն անվերահսկելի, այլև խիստ վտանգավոր: Պատկերացնել միայն կարելի է, թե նման արժեհամակարգ ունեցող, թուրքական իշխանությունների գործիք հանդիսացող անձի՝ Պատրիարք դառնալու դեպքում ինչ ճակատագիր է սպասվում թե´ պատրիարքությանը և թե´ համայնքին: Իսկ փոխանորդի կարգավիճակը նա կորցնել չի ցանկանում՝ տիրապետած վարչական լծակները չկորցնելու և առաջիկայում կայանալիք Պատրիարքի ընտրություններին շատ ավելի կոշտ ձևով դրանք կիրառելու նպատակով: Այդ մասին զգուշացրել է նաև ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Ապրիլի 2-ին նա հանդես է եկել Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում հայկական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքների մասին մի հայտարարությամբ, որտեղ նշում է. «Համոզուած եմ, որ հիմա այլեւս պէտք է սկսի նոր պատրիարքը ընտրելու գործընթացքը։ Տեղապահի ընտրութենէն ետք ես կ՚ակնկալէի, թէ հասարակութիւնը ու անոր ներկայացուցիչները զօրակցին նախատեսուած ընտրութեան եւ թէ Պատրիարքարանէ ներս իշխողները նկատի ունենան տեղապահի ընտրութեան թելադրանքները։ Ցաւօք նշեմ, թէ այս ակնկալութիւններս չեն կայացած։ Համոզուելով, թէ գործընթացի մեկնարկման փուլին հասած ենք, յարմար դատեցի ՎԱՏԻՓ-ի համակարգչական խմբակի հետ խորհրդակցութիւն մը ունենալ։ Ըստ իմ նկատումներուն ժողովականները կը յարգէին տեղապահի ընտրութիւնը, բայց կը վարանէին ընտրութեան գործընթացի մեկնարկման մասին։ Ամէն պարագայի անոնք յայտնեցին թէ յառաջիկայ 10-15 օրերու ընթացքին ընտրութեան գործընթացը կը մտնէ իր բնական հունին։ ...Միւս կողմէ դարձեալ կը նկատեմ որ տեղապահի ընտրութիւնը կատարած պատուարժան հոգեւորականները որոշ ճնշումներու կ՚ենթարկուին։ Կ՚ուզեմ որ միայն իրենց խղճի ձայնին հետեւելով կամք գործադրած այս եղբայրներս ժամ առաջ դուրս գան այդ ճնշումներէն։ Այս պարագային կոչ կ՚ուղղեմ Պատրիարքական Աթոռը գործնականապէս իր իշխանութեան մէջ պահողներուն, որպէսզի այս անվայել ընթացքը շուտով վերջ գտնէ»:
Հայտարարությունից հետևում է, որ ամենևին բացառված չէ, որ Աթեշյանն ընդհանրապես կփորձի տապալել պատրիարքի ընտրությունները: Խնդիրն այն է, որ այդ ընտրություններին հոգևոր դասից բացի մասնակցելու են նաև համայնքը ներկայացնող աշխարհիկ ներկայացուցիչներ, որոնք շատ ավելի արմատական են տրամադրված ներկայիս փոխանորդի նկատմամբ, քան նույնիսկ Առաջնորդարանի և նրան ենթակա թեմերի հոգևորականները: Աթեշյանի հույսն այն է, որ ընտրողների վրա կազդի էրդողանական դիկտատուրայի նկատմամբ վախի մթնոլորտը և կքվեարկեն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Հակառակ դեպքում նա Ստամբուլի նահանգապետասրանից փաստացի ստացել է բոլոր «իրավունքները»` տապալելու Պատրիարքի ընտրությունները և անվերջ ձգձգելու` այնպես, ինչպես դա արել է անցած գրեթե մեկ տասնամյակի ընթացքում:
Թե ինչ վտանգներով է հղի նրա այս քայքայիչ գործունեությունը, ավելորդ է անգամ մեկնաբանել: Անձամբ Աթեշյանից այս առումով ողջախոհություն ակնկալելն արդեն անիմաստ է: Խնդիրը պոլսահայ համայնքի և հատկապես Ս. Էջմիածնի անելիքների, հակաքայլերի դաշտում է, մինչդեռ նրանց վարքագիծն առավել քան անհասկանալի է:
Օրինակ` զարմանալի է, որ համայնքի կարծիքը նման կերպ ոտնահարելուց հետո Ստամբուլում դեռ գտնվում են մարդիկ, ովքեր մասնակցում են Աթեշյանի կողմից տրվող պատարագներին, նրա մասնակցությամբ միջոցառումներին: Այդ մարդն արդեն վաղուց պետք է անցանկալի հռչակվեր համայնքի կողմից և ենթարկվեր բացահայտ դեմարշի: Դա համարժեք արձագանք կլիներ ոչ միայն անձամբ Աթեշյանի նկատմամբ, այլև առհասարակ Հայ եկեղեցու ներքին գործերին իշխանությունների միջամտությանը և համայնքը քայքայելու, ջլատելու նրա փորձերին: Նույնը վերաբերում է նաև առաջնորդարանի հոգևորականներին:
Իր վերոնշյալ հայտարարության մեջ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը շեշտում է, որ «թէեւ պատրիարքի ընտրութիւնը ամբողջովին մեր եկեղեցւոյ ներքին խնդիրն է, սակայն նկատի կ՚ունենանք նաեւ երկրի իշխանութիւններու տեսութիւնները»։ Նրա ակնարկն ավելի քան հասկանալի է՝ անկախ ամեն ինչից՝ Թուրքիայի առանձնահատկությունն այնպիսին է, որ անհնար է շրջանցել իշխանությունների դիրքորոշումը: Դրանով նա փորձում է, թերևս, արդարացնել այն վախվորածությունը, որ նկատելի է իր` իբրև տեղապահի կարգավիճակը լրիվ օրինական ճանապարհով ստացածի գործողություններում և Աթեշյանի հետ ընդհանուր լեզու գտնելու նրա փորձերը: Սակայն, որքան համայնքը հարմարվողականություն է ցուցաբերում, այնքան ավելի ազատություններ է տալիս իշխանություններին:
Մյուս կողմից` ուղղակի ոչ մի տրամաբանության չի ենթարկվում մարտին կայացած Պատրիարքի տեղապահի ընտրություներից հետո ս. Էջմիածնի պահպանած լռությունը, այն դեպքում, երբ էջմիածնում, թերևս, բոլորից լավ են հասկանում, թե ինչ է նշանակում Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքի նման արժեզրկումը: Ս. Էջմիածինը կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ ստեղծել է մի իրավիճակ, երբ մի ամբողջ հզոր համակարգ, ինչպիսին եկեղեցին է, իր լիակատար անզորությունն է ցուցադրում առաձին վերցրած մեկ հոգևորականի առջև: Ամենևին չի բացառվում, որ Էջմիածնում ևս առաջնորդվում են Թուրքիայի առանձնահատկությունները հաշվի առնելու և հայ համայնքին չվնասելու առաջնահերթությամբ: Սակայն, նժարին այս դեպքում շատ ավելին է դրված, քան միայն տեղապահի հարցը, և անտարբերությունը կամ լռությունն այս հարցում կարող են միանգամայն հակառակ ազդեցություն ունենալ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել