HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գյուղապետն ընդդեմ իրավապաշտպանի

Վիրավորանքի և զրպարտության գործերի շարքում Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը հայց է ներկայացրել նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցի դեմ տեղական «Վանաձորյան խճանկար» թերթում տպագրված մի հոդվածի համար:

Այդ հոդվածում իրավապաշտպանը մասնավորապես խոսել է այն մասին, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում իրավապահների կողմից` մատնանշելով Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի որոշ գործողություններ` «տեղական բյուջեի միջոցների վատնում», «իր և ընտանիքի անդամներին գույքահարկից ազատում»:

Նշված արտահայտությունները գյուղապետը որակել է իր հասցեին արված զրպարտություններ, որոնք վնաս են հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին: Գյուղապետը պահանջում է նույն թերթի միջոցով հերքել զրպարտություն համարվող տվյալները և իրավապաշտպանից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Դատարանում Արթուր Սաքունցի ներկայացուցիչ փաստաբան Էդմոն Մարուքյանը, մեջբերելով Սահմանադրական դատարանի նոյեմբերի 15-ի որոշումը, համաձայն որի, ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի վնասի առկայության փաստը, առաջարկեց Վանո Եղիազարյանին հիմնավորել իր մատնանշած` «ենթադրյալ» ոչ նյութական վնասի դիմաց 2 միլիոն դրամի պահանջը:

Գյուղապետն ասաց, որ շուրջ 2 տարի լրատվության տարբեր միջոցներով Արթուր Սաքունցն անվանարկել է իր անձը: Եվ դատարանին ներկայացրեց մի շարք լրագրային հոդվածներ, որոնցում, նրա ասելով, Սաքունցը պարբերաբար արտահայտվել է իր «դեմ»: Նշեց, որ գյուղապետ լինելուց բացի ինքը նաև դասախոս է, բանասիրական գիտությունների դոկտոր, ուստի` «2 միլիոնը դեռ քիչ է իր բարոյական կերպարին հասցված վնասի դիմաց»:

Փաստաբան Էդմոն Մարուքյանը նկատեց, որ գյուղապետը հայց է ներկայացրել կոնկրետ «Վանաձորյան խճանկար» թերթի հոդվածի հիման վրա, և այժմ դատարան բերված լրագրային հոդվածները կապ չունեն տվյալ հայցի հետ: Ապա դարձյալ մեջբերելով ՍԴ որոշումը, ըստ որի, վիրավորանքի և զրպարտության դրույթները պետք է դիտարկվեն դիտավորության համատեքստում, ասաց, որ գյուղապետի անձն անվանարկելու դիտավորություն չի եղել: Նրա անձը քննարկման առարկա է դարձել ոչ թե որպես ֆիզիկական անձ, այլ որպես ընտրված պաշտոնյա, դատական վեճն էլ վերաբերում է հանրային հետաքրքություն ներկայացնող թեմայի, ուստի նաև այս տեսանկյունից պետք է վերապահումով մոտենալ նյութական փոխհատուցման պահանջին`առաջնահերթությունը տալով ոչ նյութական փոխհատուցման ձևերին:

«Գրում են կալանավորեք գյուղապետին, ինչու պիտի կալանավորեն»,-հարց ուղղեց Վանո Եղիազարյանը:

Փաստաբանն ասաց, որ նախ Սաքունցի քննադատությունն ուղղված է եղել իրավական համակարգի դեմ, որը, վերջինիս կարծիքով, պատշաճ քննություն չի կատարում գյուղապետի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ապա գյուղապետին հիշեցրեց, որ երբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, դրա դեմ ոչ ոք չբողոքեց:

Խափանման միջոցի վերաբերյալ Սաքունցն արտահայտվել է այն բանից հետո, երբ մի խումբ լեռնապատցիներ դիմել են ՀՔԱՎ գրասենյակ`հայտնելով, որ իրենք գյուղապետի գործով վկաներ են, և որ վերջինս ճնշում է գործադրում իրենց նկատմամբ: Ընդ որում, փաստաբանի խոսքով, իրավապաշտպանի պահանջը բխում է օրենսդրությունից. Քրեական դատավարության օրենսգրքով` եթե ընտրված է խափանման միջոց, սակայն խախտվում է ռեժիմը, նախաքննական մարմինը կարող է փոխել այն, որպեսզի նախաքննության ընթացքի վրա չազդի: ՙՉճնշեիք վկաներին, չլիներ նման հայտարարություն՚,-եզրափակեց փաստաբանը:

Այս առնչությամբ գյուղապետն այլևս առարկություն չհայտնեց:

Սակայն շարունակեց վիճարկել Սաքունցի այն արտահայտությունը, որ գյուղապետն իրեն և ընտանիքի անդամներին ազատել է գույքահարկից: Ասաց, որ գյուղապետը նման իրավասություն չունի, նման որոշում կայացնում է ավագանին`քվեարկությամբ: Եվ դատարանին ներկայացրեց իրեն և այլ Եղիազարյանների` գույքահարկից ազատելու մասին ավագանու որոշումների պատճեններն ու արձանագրությունները: Դատավորի հարցին` ինչպես է, որ գյուղապետի միևնույն ազգակիցները երկու տարի անընդմեջ ազատվել են գույքահարկից, պատասխանեց` դիմում են, ազատվում են:

Ի դեպ, դատավոր Բորիկ Գրիգորյանը ավագանու որոշումներն ընթերցելու համար դիմեց գյուղապետի օգնությանը: Պարզվեց'նրա ձեռագիրն է: Դատավորի հարցին' գյուղապե՞տն է կազմում ավագանու նիստերի արձանագրությունները, վերջինս պատասխանեց, որ այդ ընթացքում քարտուղար չեն ունեցել, ինքն է կազմել:

Անդրադառնալով գյուղապետի`դատարան ներկայացրած փաստաթղթերին`Արթուր Սաքունցն ասաց, որ դրանք, ըստ էության, կապ չունեն բուն հարցադրման հետ: Տեղեկատվության ազատության մասին օրենքով ինքը դիմել է Լոռու մարզպետարան` խնդրելով տրամադրել Լեռնապատ համայնքի ավագանու որոշումների պատճենները: Ներկայացրել են փաստաթղթեր`գյուղապետի կնիքով և ստորագրությամբ: Եվ իրեն այլ բան չէր մնում, քան կարծել, որ համայնքի որոշումները գյուղապետն է կայացրել`իրեն ու իր ազգակիցներին ազատելով գույքահարկի պարտավորությունից:

Գյուղապետը պարզաբանեց, որ Սաքունցին ոչ թե ավագանու որոշման պատճենն է ուղարկվել, այլ դրա վերաբերյալ գյուղապետի պաշտոնական գրությունը` նրա կնիքով և ստորագրությամբ:

Սաքունցը պնդեց, որ «Վանաձորյան խճանկար» թերթում հարցազրույց տալու ժամանակ իր կարծիքը դա է եղել, որը ձևավորվել է տվյալ պահին իր ունեցած տեղեկատվության հիման վրա, այն է. «Ստացվել է փաստաթուղթ, որ գյուղապետն է ազատել գույքահարկից. ստորագրել է գյուղապետը»: Ինչ վերաբերում է դատարան բերված փաստաթղթերին, ասաց, որ դրանց վերաբերյալ կարծիք կհայտնի ուսումնասիրելուց հետո, բայց ոչ թե դատարանում, այլ հրապարակային:

Նրա ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, իրավական գնահատական տալով դատարան բերված փաստաթղթերին և դրանց վերաբերյալ գյուղապետի մեկնաբանությանը, դիրքորոշում հայտնեց, որ Վանո Եղիազարյանը «դե յուրե» չի ազատել իր ազգակիցներին գույքահարկից, սակայն «դե ֆակտո» ինքն է ազատել նրանց, քանի որ, ըստ նրա, ավագանու անդամները «գյուղապետի ենթականերն են»:

«Ուզում է համոզի, որ ավագանին անկախ է իրենից, և որ գյուղում կարիք ունեցողները միայն Եղիազարյան ազգանուն ունեցողներն են, որ գյուղում այլ կարիքավորներ չկան: Ավագանին է ստորագրել, բայց արդյոք այդպես է կամքի արտահայտման հնարավորության տեսանկյունից, երբ օրենքով ինքն է վարում նիստերը, ինքն է բյուջեի տնօրինողը և դատի տվողը»,-ասաց Սաքունցը:

Խոսելով նաև գյուղապետի` վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործերի մասին` Արթուր Սաքունցը գյուղապետի նման գործելակերպը որակեց որպես «հետապնդում», «կարծիք և գնահատական տվողների նկատմամբ պատժամիջոցի կիրառում»: «Գյուղապետը հայցեր է ներկայացրել իր այն ընտրողների դեմ, ովքեր քննադատական կարծիք ունեն»,-ասաց Սաքունցը:

Ավելացրեց, որ վիրավորանքի և զրպարտության մասին օրենքում բաց կա, որից օգտվում է նաև գյուղապետ Վանո Եղիազարյանը: Ուստի` գյուղապետի հայցերը պետք է մերժվեն նաև այն պատճառով, որ դատական պրակտիկայով նախադեպ է ստեղծվում, որպեսզի ընտրովի մարմնի նկատմամբ ոչ կարծիք, ոչ քննադատություն չլինի:

Արտահայտվեց նաև դատավոր Բորիկ Գրիգորյանը` կարծիքի ազատության կարևորության և ՍԴ որոշման մասին. «Ձեզ և բոլորին և լրատվական միջոցներին հնարավորություն է տրվում հրապարակումներ կատարել, կարծիքներ հայտնել և այլն, որի կարևորությունը դուք ինքներդ շատ լավ գիտեք, թե ինչքան է դա կարևոր: Իրոք շատ կարևոր է: Բնական է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, մտահոգված լինելով այդ հանգամանքներով, դիմել է ՍԴ, և ՍԴ-ն ասել է, որ չի կարելի, որ կարողանան մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունները, որ թերթերին սնանկության եզրին կանգնեցնելու միջոցով նրանց լռեցնեն կամ լռեցնեն ցանկացած մարդու, ով որ ունի կարծիք հայտնելու իրավունք: Ուղղակի ոսկե միջինը պետք է պաշտպանվի: Քննադատել կարելի է և պետք է: Դա ամբողջ ժողովրդավարական համակարգում ընդունված կարծիք է: Ամեն ինչ պետք է արվի չափի մեջ: Չափն էլ որոշել է օրենքը: Այն օրենքը, որի հիման վրա դիմում է այսօր դատարան հայցվորը, նույն օրենքին ապավինում եք նաև դուք, նաև ՍԴ որոշմանն եք ապավինում»,-ասաց դատավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter