HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոցք խոշորացված համայնքում շարունակում են բացահայտել հապճեպ իրականացված ծրագրի թերությունները

Աշոցք խոշորացված համայնքում շարունակում են բացահայտել հապճեպ իրականացված ծրագրի թերություններըԱշոցքի բնակիչները խոշորացման ծրագիրը համեմատում են մեկ երեխա ունեցող ընտանիքի հետ, որտեղ, օրերից մի օր, առանց մյուսների կարծիքը հաշվի առնելու, հայտնվում է եւս 10 երեխա: Բնականաբար, տան ավագը մղվում է երկրորդ պլան՝ մնացած տասի հոգսերը հոգալու հետ կապված: Ի հայտ են  գալիս չնախատեսված բազմաթիվ անհարմարություններ՝ կազմակերպչական, ֆինանսական եւ այլն: Համեմատությունը Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանի ժպիտն է հարուցում: Ասում է, թե ինչ-որ առումով համամիտ է, քանի որ ներկայում իրենք ավելի շատ զբաղված են փնջում ընդգրկված գյուղերի հիմնախնդիրներով եւ Աշոցքը հայտնվել է «անտեսված» զավակի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Աշոցքի նախկին տարածաշրջանում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորվեց երկու փունջ՝ Աշոցք (11 գյուղ) եւ Սարապատ (15 գյուղ) կենտրոններով: Խոշորացման գործընթացից առաջ նշված համայնքներում հանրաքվե կամ հանրային լսումներ բնակիչների շրջանում չանցկացվեց, հանգամանք, որը մինչեւ օրս էլ դժգոհության տեղիք է տալիս բնակչության շրջանում: Փաստն արձանագրել են «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» հկ-ի ներկայացուցիչները խոշորացումից հետո Աշոցքում կատարած ուսումնասիրությունների արդյունքում:

Աշոցքի համայնքային գրադարանի տնօրեն Աստղիկ Պողոսյանի կարծիքով` բնակավայրերի խոշորացումն այսպիսի մեծ մասշտաբով ճիշտ չէր: Նրա համոզմամբ` պետք է հաշվի առնվեին յուրաքանչյուր գյուղին բնորոշ սովորույթներն ու մարդկանց բնավորությունը, եւ ամենակարեւորը՝ բնակիչների կարծիքը: «Իրական արդյունքները տեսնելու համար, կարծում եմ, դեռ երկար ժամանակ պետք է անցնի,-ասում է Աստղիկ Պողոսյանը,-որքան որ ես եմ հասկանում, առաջնահերթ են դարձել միացված փոքր գյուղերի պրոբլեմները: Իսկ դա նշանակում է, որ Աշոցքն ինչ-որ ժամանակ մղվելու է հետին պլան: Մեր վիճակը 2014թ.-ից սկսել էր քիչ-քիչ լավանալ, ծրագրեր էին համայնք մտնում, հիմա, ոնց հասկանում եմ, բյուջեի գումարները առաջնահերթ կծախսվեն մյուս համայնքների խնդիրների լուծման վրա»:

Աստղիկ Պողոսյանին անհանգստացնում է նաեւ 10 բնակավայրի գրադարանային ֆոնդը: Գյուղապետարանների աշխատակազմերի լուծարման հետեւանքով կրճատվել են նաեւ գրադարանավարուհիների հաստիքները: «Ընդունում-հանձնում եղել է, բայց գրադարանները մնացել են տեղում, չէինք կարող ֆոնդը տեղափոխել, դա կլիներ անթույլատրելի քայլ, բա էդ գյուղի երեխան հարկ եղած դեպքում որտեղի՞ց վերցնի իրեն հարկավոր գրականությունը: Հիմա ստացվում է, որ այդ գյուղերում բացի վարչական ղեկավարից պիտի գրադարանավարի պաշտոնն էլ վերականգնվի: Ահա այսպիսի խառնաշփոթ վիճակ, որ դեռ չգիտենք` ինչ լուծում կստանա»,-ասում է Աստղիկ Պողոսյանը:

Աշոցք խոշորացված համայնքի փոխղեկավար Կարեն Ապրեյանը գործընթացից հետո առաջացած խնդիրներից առայժ մի քանիսն է թվում՝ նկատելով, որ դեռ դրանց են բախվել, գուցե հետագայում էլի ավելանան: Առաջին խնդիրն առաջացել է բազաների (հարկային, գույքային, հողային) ընդունում-հանձնման ժամանակ: «Ընդունման-հանձնման գործընթացը տեւել է բավականին երկար, մոտավորապես երկու ամիս: Ի հայտ են եկել թերություններ, բացթողումներ բազաների միավորման ժամանակ, հիմա փորձում ենք այդ հարցը կարգավորել: Միավորման արդյունքում տեղի է ունեցել հաստիքների կրճատում, մյուս կողմից էլ` գյուղերում նշանակվել են վարչական ղեկավարներ, որոնց գործառույթները դեռ մինչեւ վերջ հստակեցված չեն: Աշոցքին միացված գյուղերից միայն Սարագյուղում է վարչական ղեկավար ընտրվել նախկին գյուղապետը, մյուս գյուղերում նոր կադրեր են, որոնք դեռ պիտի հմտանան իրենց գործառույթներում»,-ասում է Կարեն Ապրեյանը:

Գյուղերում վարչական ապարատը կրճատելուն զուգահեռ, Աշոցքում ձեւավորված նոր համայնքապետարանում աշխատանքների ծավալի մեծացմամբ պայմանավորված, նոր հաստիքների ավելացման պահանջ է դրվել: Փոխգյուղապետն ասում է, որ սպասարկման գրասենյակ պետք է հիմնեն: Նախնական քննարկումներում առաջարկվել է հինգ հաստիք, սակայն որոշել են բավարարվել երեք նոր աշխատակից ընդունելով: Աշոցք համայնքի բյուջեն մինչեւ խոշորացումը 63 մլն դրամ էր, որից 30 մլն դրամը պետական դոտացիան էր: Համայնքների միավորումից հետո բյուջեն կազմել է 187 մլն դրամ, որից 130 մլն դրամը պետական աջակցությունն է:

«Գումարների ավելացում տեղի չի ունեցել, ընդամենը դոտացիան է 5 մլն դրամով ավելացել: Խոշորացման ծրագրի առավելությունը մեր համար էն է, որ նոր գյուղտեխնիկա են տրամադրելու, նաեւ` աղբահան մեքենա, որ կարողանանք բոլոր համայնքներում աղբահանություն կատարել,-նշում է Կարեն Ապրեյանը,-առայժ դեռ ուսումնասիրությունների փուլում ենք, թե որ համայնքում առաջնահերթ ինչ ծրագիր ենք իրականացնելու»:

Առաջին ծրագիրն իրականացրել են Սարագյուղ բնակավայրում 2016թ. հոկտեմբերի վերջին. խոշորացումից անմիջապես հետո գիշերային լուսավորության ցանցի անցկացման կիսատ մնացած աշխատանքներն են ավարտել: Հաջորդիվ հիմնանորոգելու են Սիզավետ բնակավայրը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող անբարեկարգ ճանապարհը: Կարեն Ապրեյանի փոխանցմամբ` զարգացման հնգամյա ծրագրում աշխատել են ընդգրկել բոլոր բնակավայրերի խնդիրներն առաջնահերթության կարգով:

«Որոշել ենք սկսել ամենահեռավոր գյուղից ու քիչ-քիչ աշխատանքներ անելով` հասնել մյուսներին: Իհարկե, Աշոցքն էս պահին մի փոքր տուժելու է, թեպետ իր խնդիրներն էլ քիչ չեն: Երկրաշարժից հետո Աշոցքում դեռեւս պահպանվում են մի քանի կիսաքանդ շենքեր, որոնք հույս ունեինք, որ պիտի ամրացվեն, բայց միայն մեկն ամրացվեց, իսկ մնացածները քանդման ենթակա են: Կան նաեւ վարչական շենքեր, որոնք տիրապետող կազմակերպությունները ոչ վերանորոգում են՝ ինչ-որ բանի ծառայեցնում, ոչ էլ հանձնում են համայնքին»,-բացատրում է զրուցակիցս:

Վթարային է «Հայփոստի» շենքը, որտեղ մարդիկ շարունակում են աշխատել: Նախընտրական շրջանում վարչապետի այցի ժամանակ բնակիչները հարցը բարձրացրել են, սակայն դրական որեւէ պատասխան չեն ստացել: Դատարանի նախկին շենքը եւս անտերության է մատնված: Համայնքապետարանը երկու անգամ նամակով դիմել է համապատասխան կառույցներին, սակայն պատասխան չեն ստացել: Աշոցքում կա բնակֆոնդի պակաս եւ բավական մեծ թվով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներ: Չօգտագործվող շինությունները համայնքին հանձնելու դեպքում հնարավոր է դրանք վերածել բնակելի տարածքների:

«2014թ. նոր դպրոցի կառուցումից հետո հին դպրոցն անցավ պետգույքի կառավարման վարչությանը: Քանի որ մենք ունեինք մի վթարային շենք, որտեղ 8 ընտանիք էր բնակվում, կառավարության որոշմամբ գումար հատկացվեց. դպրոցի մեկ մասնաշենքը որպես հանրակացարանային բնակարաններ վերակառուցվեցին, տրամադրվեցին այդ բնակիչներին: Մյուս մասնաշենքն էլ, էլի կառավարութան որոշմամբ, տրամադրվել է զինկոմիսարիատին, մյուս մասնաշենքերի համար համայնքը դիմել է պետգույքի կառավարման վարչություն, որ տան համայնքին վերակառուցելու եւ որպես բնակարաններ օգտագործելու: Առայժմ մեր դիմումները մերժված են»:

Եթե համայնքում պարապուրդի մատնված վարչական շենքերը վերածվեն բնակելիների, ապա հնարավոր կլինի 3-րդ տնակային թաղամասից 30 ընտանիքի բնակարանային հարց լուծել: Համայնքապետարանը պատրաստ է փնտրել նաեւ աջակից կազմակերպությունների՝ համաֆինանսավորմամբ ծրագրերն իրականացնելու համար:

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի հեղինակած «Քաղաքացիական հասարակության հզորացում» թեմայով սեմինարի փորձագետ Գեւորգ Պետրոսյանն անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին՝ նկատում է, որ որեւէ համայնքի պատկանելը նախ եւ առաջ մարդու ներքին պահանջմունքը պետք է լինի: Արհեստական միավորումները վաղ թե ուշ ծնելու են պրոբլեմներ: «Մենք երբեք չենք փնտրում, թե ինչ ընդհանրություն կա մեր մտքերում, բայց տեսնում ենք այնտեղ եղած տարբերությունը: Զարգացման հիմքը պետք է լինի նույն ուղղությամբ նայելու ունակությունը, որեւէ խնդրի շուրջ նույն մտածողության ձեւավորումը: Ցանկացած պարագայում զարգացման հետ կապված առաջարկները պետք է հնչեն «տեղերից»՝ չսպասելով «վերեւների» առաջարկներին»,-ասում է Գեւորգ Պետրոսյանը:

Փորձագետն ասում է, որ ցանկացած ծրագիր որեւէ համայնքում իրականացնելուց առաջ դոնոր կազմակերպությունը նախ նայում է, թե ինչպես է տվյալ համայնքում ծախսվել բյուջեն, ինչ նպատակների համար: Եթե գյուղի ղեկավարը չի կարողացել ռացիոնալ տնօրինել հավաքագրած գումարները՝ փոշիացրել է, նույն կերպ կվարվի նաեւ դոնորից ստացած դրամաշնորհի հետ: Կարեւորվում են նաեւ բնակիչների պահանջկոտությունն ու հանրային գիտակցությունը: «Մարզում դրա վառ օրինակը կա,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,-կան համայնքներ, որտեղ արդեն 4-5 ծրագիր է իրականացվել եւ բոլորն էլ` միտված համայնքի զարգացմանը՝ Թորոսգյուղ, Բասեն, Ցողամարգ եւ այլն: Ընդամենը համայնքի կառավարմանը մասնակցելու ցանկություն պետք է ունենա բնակիչը»:

Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը համայնքներում սպասվող փոփոխությունները կապում է ավագանու նորացված կազմի հետ: «Փոխվել է ավագանու կազմն ամբողջությամբ: Ավագանու 11 անդամ կա տարբեր համայնքներ ներկայացնող, եւ պիտի ասեմ, որ նախկինի պես չեն ընթանում նիստերը, հիմա շատ հետաքրքիր է անցնում՝ վեճ, բախումներ, ամեն հարցի հետ կապված երկար-բարակ քննարկումներ, ամեն մեկն ուզում է, որ առաջնահերթ իր գյուղի խնդիրը լուծվի, պայքարում են գումարն իրենց համայնք ուղղելու համար: Կարող եմ ասել, որ հավաքվել են մարդիկ, ովքեր շահագրգիռ են իրենց համայնքների զարգացման համար, մնում է, որ յուրաքանչյուր լավ ծրագրի համար կարողանանք գտնել համապատասխան գումար»,-ասում է Կարեն Ապրեյանը:

Մեկնաբանություններ (3)

Աշոտ
Ես չգիտեի, որ միջպետական Հյուսիս-Հարավ մայրուղու վերանորոգումը գյվում է հայամնքի զարգացման ծրագրերի մեջ: Կարո՞ղ է գրադարանների հետ մեկտեղ Աշոցք ՀՀ տրանսպորտի նախարարությունը տեղափոխենք կամ Աշոցքի ճանշինի հաստիկները Աշոցքի համայնքապետարանից տրամադրվեն:
Աշոտ
Ի դեպ ուսումնասիրելով թե Տաթևի թե Թումանյանի հնգամյա ծրագրերը թերություններ էր որ տեսնում էի: Մի բան եմ հասկանում, ինչքան հաստիկ հանել են, այդքա հաստիկ ել տեղը կդնեն: 82 հազարով աշխատող պահել 10 համայնք սպասարկելու համար իրատեսական չէ: Սա քաղաք չէ, որ բաժին-բաժին նեղ մասնագիտական ուղղություն ունենան, 60 հազար տաս բավարար լինի: Այնտեղ ամեն մասնագետ և կրտսեր է, և առաջատար, և գլխավոր: Հարկահավաքի հաստիքը վերականգնելու խնդիր կբացվի: Կարող է մի հաշվապահի վրա խնայեն, բայց նորից իրատեսական չէ:
Асмик
Абреян через б ,фамилия написано не правильно.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter