
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրամական միջոցները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են եկամուտները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ավագանու թեկնածու է: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Արա Սադոյանն առաջադրվել է Հանրապետական կուսակցության ցուցակով: Նա այդ ցուցակում զբաղեցնում է 34-րդ տեղը:
Որպես ավագանու թեկնածու Արա Սադոյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որը ներառում է 2016թ. ապրիլի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ըստ հայտարարագրի՝ ավագանու թեկնածուի միակ եկամուտը ստացված աշխատավարձն է՝ 4 միլիոն 800 հազար դրամ: Բայց նրա դրամական միջոցները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են ստացված եկամուտները:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն Արագածոտնի մարզի Օշական համայնքում ունի մոտ 10 հեկտար հողատարածք: Արա Սադոյանը՝ առանց նշելու բնակավայրը հայտարարագրել է երկու շենք, շինություն: Մեկը՝ 132.5քմ՝ Թումանյան 11ա հասցեում, մյուսը՝ մոտ 247քմ տարածք՝ Քաջազնունի փողոցում:
Ենթադրվում է, որ դրանք գտնվում են Երևան քաղաքում: Արա Սադոյանը հայտարարագրել է նաև ավտոմեքենա՝ 2011թ. Hyundai Azera 3.0L: Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ավագանու թեկնածուին, սակայն նա չարձագանքեց և չպարզաբանեց, թե որտեղ են գտնվում նշված անշարժ գույքերը, ինչ նպատակով են օգտագործվում և որտեղից են գոյացել եկամուտը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցները:
Լուսանկարը` Ա. Սադոյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել