
Արտադրական դժբախտ պատահարների 65%-ը եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման հետևանքով 2016-ին գրանցվել է 58 արտադրական դժբախտ պատահար: 2015-ի համեմատ` պատահարների թիվն աճել է 13-ով։ Այդ 58 արտադրական դժբախտ պատահարներից տուժել է 59 մարդ, որից 6-ը մահացել է։
Ազգային վիճակագրական ծառայությունը օրեր առաջ հրապարակել է արտադրություններում դժբախտ պատահարների 2016թ. տվյալները՝ ըստ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների։
Արտադրություններում դժբախտ պատահարների գրեթե կեսը բաժին է հասել Սյունիքի մարզին, հաջորդիվ Երևանն է։ Այդպիսի պատահարներ չեն գրանցվել միայն Շիրակի և Վայոց ձորի մարզերում։ Բացի Կոտայքի մարզից, մնացած մարզերում, որտեղ տեղի է ունեցել արտադրական դժբախտ պատահար, ամեն պատահարից տուժել է մեկ անձ։
Ինչպես նշեցինք, 58 արտադրական դժբախտ պատահարից տուժել է 59 մարդ, որի հետևանքով Տավուշի մարզում 1 կին դարձել է I խմբի հաշմանդամ, իսկ Երևանում և Լոռու մարզում 1-ական տղամարդ` II և III խմբի հաշմանդամ:
Արտադրական դժբախտ պատահարների 65%-ը (կամ 27 հատ) գրանցվել է հանքագործական արդյունաբերություններում և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման հետևանքով: Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարները կազմում են 12% (կամ 7 հատ)։
ԱՎԾ-ի տվյալներով՝ աշխատանքի պահպանման միջոցառումների նպատակով 2016-ին ծախսվել է 1,1 մլրդ դրամ, որոնք ծախսվել են հատուկ արտահագուստի ձեռք բերման և անհատական պաշտպանության միջոցառումների վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 17-ին էլ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամլուղի 6-րդ փակ հանքում փլուզման հետևանքով 41-ամյա հանքափոր Աղբալ Առաքելյանը մնացել էր հանքաքարի տակ և ստացել մարմնական ծանր վնասվածքներ:
Մեկնաբանել