
15-ամյա երեխան վազել է գնդակի հետևից եւ ընկել Մարց գետը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ ժամը 15:08-ին ահազանգ է ստացել, որ երեխա է ընկել Լոռու մարզի Լորուտ գյուղի սկզբնամասով հոսող Մարց գետը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ փրկարար ջոկատը հասել է կանչի վայր, գետից դուրս է բերվել Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թ. ծնված Է. Ք.-ի դին։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Շամուտ համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանը, երեխան իր քրոջ թոռն է, ընտանիքի անդամների և հարազատների հետ գնացել էր Մարց գետի մոտ՝ մայիսի 1-ը տոնելու, այդ ժամանակ էլ դեպքը պատահել է: «Վազել է գնդակի հետևից, ընկել գետը»,-ասաց համայնքապետը:
Վանյանի խոսքով՝ ընտանիքի անդամները նկատել են, որ երեխան ընկել է գետը, սակայն մինչ հասել են փրկելու՝ մահացած է եղել, և գետից դուրս են բերել երեխայի դին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել