HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ բնակչության ժողովրդագրական գործընթացները 1985-2016թթ.

Արտակ Մարկոսյան,

Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ, ՄԱՀՀԻ գործընկեր

Ներածություն

Բնակչության բնական աճն այն կարևոր բաղադրիչներից է, որն ապահովում է հասարակության բնականոն զարգացումը և հնարավորություն է տալիս դրա հիման վրա կատարել ռազմավարական կանխատեսումներ: Ոչ մի երկիր չի կարող ծրագրավորել իր հետագա սոցիալ-տնտեսական զարգացումն առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության, որի նշանակությունը ժամանակակից աշխարհում գնալով աճում է: 

Պատահական չէր, որ ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար ամենաբարձր մակարդակով հստակ քաղաքականություն մշակվեց Ռուսաստանում: 2001թ.  առաջադրանքներ դրվեցին Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ, նշվեցին դրանց իրագործման մեխանիզմները: Այս առումով Ռուսաստանն իրոք անհանգստանալու հիմքեր ուներ: Տարեկան կտրվածքով բնական աճը բացասական էր  600 հազար մարդով, և նման շարունակության պարագայում, ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական քաղաքականության մասնագետների, 2025թ. նրա բնակչության թիվը կկազմեր 130 մլն, իսկ 2050թ.` 110 մլն մարդ, որը Ռուսաստանի նման երկրի համար պարզապես կործանում է:

Ուստի, ինչպես վկայում են վիճակագրական փաստերը, ազգային ծրագրի շրջանակներում ընդգրկված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերից ելնելով` յուրաքանչյուր երկրորդ երեխայի պարագայում 400 հազար ռուբլու հատկացումը տվել է իր առաջին դրական արդյունքները: Արդեն իսկ 5 մլն ռուս ընտանիք օգտվել է մայրական կապիտալի տրամադրած միջոցներից: 2012թ. սկսած Ռուսաստանում ծնունդները սկսել են գերազանցել մահերին, և բնական աճի ցուցանիշը դրական է: Բացի այս առաջին իսկ երեխայի ծնվելու պարագայում ՌԴ կառավարությունը յուրաքանչյուր երեխայի համար ամսական մոտ 170 դոլարին համարժեք գումար է հատկացնում:

Ծնելիության խրախուսման քաղաքականություն գոյություն ունի նաև Բելառուսում, որտեղ պետությունը նորակազմ ընտանիքներին փորձում է ապահովել բնակարանի ձեռքբերման հիպոթեքային վարկավորման մատչելի պայմաններով: Այսպես, հիպոթեքային վարկերը տրամադրվում են 5 տոկոս կանխավճարով, 40 տարի ժամանակահատվածով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է 1 տոկոս: Բացի այդ երրորդ երեխայի ծնվելու պարագայում  տրամադրված հիպոթեքային վարկը զեղչվում է 50, չորրորդի ժամանակ՝ 70, իսկ 5 երեխայի ժամանակ՝ 100 տոկոսով: Պետությունը յուրաքանչյուր երեխայի պահելու համար ծնողներին ամսական 150 դոլար է վճարում, իսկ անապահով ընտանիքների երեխաներին մինչև 2 տարեկան դառնալն անվճար սննդով է ապահովում[1]: Գերմանիայում յուրաքանչյուր ծնված երեխայի համար պետությունն ընտանիքին երեք տարի անընդմեջ ամսական վճարում է 700 եվրո:

Հայաստանի Հանրապետությունում ևս շրջանառության մեջ է դրվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը, որով 1 մլն դրամ է նախատեսված յուրաքանչյուր երրորդ երեխայի ծննդյան համար, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ տրամադրվում է ծննդաբերության սերտիֆիկատ: 2016-2018թթ. ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության մեջ է ընդգրկված նաև երիտասարդ նորակազմ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու միջնաժամկետ ծրագիրը: Սակայն ընդունված հայեցակարգերը բավարար արդյունք չեն ապահովում, իսկ կյանքը ցույց է տալիս, որ հստակ ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է անկայուն աշխարհաքաղաքական գոտում, ունի ներքին և արտաքին բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Իսկ սրա արդյունքում Հայաստանում արձանագրվում է այն իրողությունը, որ մեր երկիրը կարող է դասվել վերարտադրողական տեսանկյունից անկարողունակ երկրների շարքում, որը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը: 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1985-1991ԹԹ.

Ինչպես ցույց են տալիս խորհրդային տարիներին անցկացված մարդահամարների արդյունքները, Հայաստանի Հանրապետության բնակչությունը բնականոն աճ էր արձանագրել, երբ տարեկան միջին աճը կազմել էր 1,5 %: Դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն էր Խորհրդային միության հանրապետությունների մեջ և զիջում էր միայն Ադրբեջանին ու Միջինասիական հանրապետություններին[2] :

Այս առումով Հայաստանի անկախացումը, դրան նախորդած Սպիտակի աղետալի երկրաշարժը, քաղաքական սրվող պայմանները՝ կապված Ղարաբաղյան շարժման հետ և դրան հաջորդած Ղարաբաղի ազատագրման համար մղված պատերազմն իրենց խորը կնիքը թողեցին ժողովրդագրական իրավիճակի վրա:

Այս ամենին հաջորդեց Խորհրդային միության փլուզումը, տնտեսական կապերի խզումը, օրեցօր վատացող սոցիալ-տնտեսական պայմանները, գործազրկությունը, որոնց արդյունքում 1991-1993թթ. թափ առած զանգվածային արտագաղթը զգալիորեն փոխեց հանրապետության ժողովրդագրական պատկերը:

Այսպես, անցյալ դարի 80-ական թվականներին Խորհրդային Հայաստանում բնական աճի տեմպերը համեմատաբար կայուն էին: Ըստ 1985թ. վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ծնվել է 80.306 երեխա, մահացել է 19.581  մարդ, բնական աճը կազմել է 60.725 մարդ[3]:  1986թ. հանրապետությունում գրանցվել է 81.192 ծնունդ[4],   իսկ 1987թ.` 78.492 ծնունդ[5]:

1988թ. հանրապետությունում գրանցվել էր 74.707 ծնունդ և 35.567 մահացության դեպք[6]: Մահացության կտրուկ ավելացումը կապված էր 1988թ. երկրաշարժի ողբերգական հետևանքների հետ, որն էլ հանգեցրել էր բնակչության բնական աճի նվազմանը: Ըստ  պաշտոնական տվյալների՝ աղետալի երկրաշարժին զոհ գնաց 25 հազար մարդ[7]: 1989թ. հանրապետությունում ծնվել է 75.250 երեխա, մահացել` 20.853: Բնական աճը կազմել է 54.397 մարդ[8]:

1990թ. ծնված երեխաների թիվը հանրապետությունում կազմել էր 79.882, իսկ մահացածներինը՝ 21.993 մարդ: 1991թ. այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար` 77.825 և 23.425 մարդ, բնական աճը կազմել էր 54.440 մարդ:

Այսպիսով, համադրելով բնակչության բնական աճի՝ 1985թ. մինչև 1991թ. ունեցած տվյալները՝ տեսնում ենք, որ բնական աճի ցուցանիշները եղել են բավականին կայուն և բարձր, որի շարունակվելու դեպքում ՀՀ բնակչության թվաքանակն այսօր կարող էր բարձր լինել:

 

Աղյուսակ 1. ՀՀ բնակչության բնական աճի ցուցանիշները 1985-1991թթ.

Տարի

Ծնելիություն

Մահացություն

Բնական աճ

1985

80306

19581

60725

1986

81192

-

 

1987

78492

-

 

1988

74707

35567

39140

1989

75250

20853

54397

1990

79882

21993

57889

1991

77825

23385

54440

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բնական աճի այս ցուցանիշը կտրուկ փոփոխվում է անկախության առաջին տարիներից սկսած, պատճառներն էին՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, աղետալի երկրաշարժը և Ղարաբաղի ազատագրական պատերազմը:

1992թ. ցուցանիշը ցույց էր տալիս, որ հետագա տարիներին այդ երևույթը շարունակվելու է, և լինելու է բնական աճի նվազում: Այս տարում հանրապետությունում բոլոր ծնվածները կազմում  էին 70.581 մարդ, իսկ մահացածները՝ 25.824 մարդ, բնական աճը կազմել էր 44.757 մարդ[9]:

1993թ. անկախ հանրապետության սոցիալ-տնտեսական դժվարին ժամանակահատվածում, ըստ ընթացիկ հաշվառումների, ծնունդների թիվը զգալիորեն նվազել էր` հասնելով 59.041-ի, իսկ մահացածներինը` 27.500 մարդու: Մահացության թվի այսպիսի ցուցանիշն արդյունք էր նաև Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների: Այս պարագայում բնական աճը կազմել էր 31.541 մարդ: 1994թ. վիճակագրական տվյալներով՝ ծնվողների թիվը կազմել է 51.143 մարդ, իսկ մահացածներինը` 2464 մարդ, բնական աճը կազմել է 25.395 մարդ[10]:

Անկախության այս տարիներն իսկապես դժվարին ժամանակահատված էին հանրապետության համար, սակայն այստեղ կարելի է համեմատության մեջ դնել որոշ ցուցանիշներ:

Այսպես, նայելով 1990թ. հանրապետությունում գրանցված ծնունդների թիվը՝ պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշը բարձր էր նախորդ՝ 1987-1989թթ. նույն ցուցանիշներից: Նայելով 1991թ. ցուցանիշը՝ այստեղ ևս պարզորոշ է, որ ծնելիության անկում չի արձանագրվում, բայց հենց հաջորդ տարում` 1992թ., ծնելիության անկում է նկատվում, որը, համեմատելով նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ, նվազել էր 10%-ով:

1993-1994թթ. ծնունդների թիվը կազմել էր համապատասխանաբար՝ 59.041 և 51.143 մարդ: Այսինքն 1992թ. համեմատությամբ անկումը կազմել էր 12 և 25 տոկոս: Այստեղ կարելի է նշել, որ 1992-1994թթ. մասսայական արտագաղթի ժամանակաշրջան էին, և ծնունդների այսպիսի անկումն ուղիղ հարաբերական էր արտագաղթողների թվի հետ:

1995թ. բնակչության զանգվածային արտագաղթը որոշ չափով նվազեց: 1995-1996թթ. բնակչության բնական աճը շատ մեծ անկում չապրեց: Այսպես, 1995թ. ծնվածների թիվը կազմել է 48.960 մարդ, իսկ մահացածներինը՝ 24.842, բնական աճը կազմել է 24.118 մարդ, իսկ 1996թ. համապատասխանաբար` 48.134 և 24.936, բնական աճը՝ 23.158 մարդ[11]: Եթե համեմատենք 1991թ. հետ, ապա բնակչության բնական աճը 1995թ. նվազել է 2,2 անգամ, իսկ 1996թ.՝ 2,3 անգամ:

1997թ. ծնունդները եղել են 43.929, իսկ մահերը՝ 23.985, բնական աճը` 19.944 մարդ:

1998թ. ունենք հետևյալ պատկերը` ծնունդները՝ 39.366, մահացությունները՝ 23.410, բնական աճը` 16.156 մարդ[12]:

1999թ. ծնվել է 36.502, մահացել՝ 24.087 մարդ, բնական աճը կազմել է 12.415 մարդ: Իսկ 2000թ. այդ ցուցանիշը կազմեց 34.276 և 24.052,  բնական աճը` 10.251 մարդ[13]:

2001թ. շարունակվեց անկումը, և ծնունդները հասան նվազագույն ցուցանիշի` 32.065-ի, իսկ մահերը՝ 24.003-ի: Բնական աճը կազմեց 8062 մարդ:

 

Աղյուսակ 2. ՀՀ բնակչության աճի ցուցանիշները 1992-2001թթ.

Տարի

Ծնելիություն

Մահացություն

Բնական աճ

1992

70581

25824

44757

1993

59041

27500

31541

1994

51143

24652

26491

1995

48960

24842

24118

1996

48134

24936

23198

1997

43929

23985

19944

1998

39366

23210

16156

1999

36502

24087

12415

2000

34776

24025

10751

2001

32065

24003

8062

ընդամենը

464.497

247064

217443

 

Այսպիսով, 20-րդ դարի վերջին տասնամյակում նախորդի հետ համեմատած՝ բնական աճը կրճատվել է գրեթե 5,3 անգամ: Բնակչության բնական աճի դինամիկան, սկսած 1992թ., արձանագրել է նվազելու միտում: Դա էլ իր հերթին կոնկրետ ազդել է բնակչության թվաքանակի փոփոխությունների վրա: Աղյուսակից պարզ է, որ ծննդաբերությունը տարեցտարի նվազել է: Ծննդաբերության տարեցտարի նվազման պատճառները պետք է փնտրել ոչ միայն վերարտադրող հատվածի զգալի մասի բացակայությամբ, այլև հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի խորապատկերին: Չնայած բնական աճի այսպիսի կտրուկ անկմանը՝ պետք է նաև արձանագրել, որ այն 10 տարվա կտրվածքով կազմել է 217.443 մարդ:

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ 1-ԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ

Սպասվում էր, որ 2001թ.-ից Հայաստանում իր ամենացածր կետին հասած ծննդաբերության ցուցանիշը պետք է աճ արձանագրեր, քանի որ ամուսնական ակտիվ շրջան էր մտնում 70-ականներին և 80-ականներին ծնված սերունդը, որի թիվը զգալիորեն գերազանցում էր նախորդ դարի 50-60-ականների ծնվածներին: Եվ այս պարագայում պետք է արձանագրվեր ծնունդների զգալի աճ: Ըստ կանխատեսումների՝ ծննդաբերությունը պետք է առնվազն հասներ տարեկան 50-60 հազարի:

2002թ. գրանցվեց ծնունդների աննշան աճ` 32.380, մահերը` 25.315, բնական աճը՝ 7065 մարդ[14]:

2003թ. ծնունդների աճն առավել էական էր` 35.793՝ 26104 մահերի դիմաց: Բնական աճի ցուցանիշը 9779 մարդ էր:

2004 և 2005թթ. ծնունդների թիվը շարունակեց ավելանալ՝ համապատասխանաբար`  37.526 և 37.509, մահերը` 25.823 և 26.278 մարդ: Բնական աճի ցուցանիշը երկու տարվա կտրվածքով կազմեց 22.934 մարդ[15]:

2006թ. ծնվածների թիվն ավելացավ` կազմելով 37.600, սակայն աճեց նաև մահացությունների թիվը` 27.200, որի արդյունքում բնական աճի ցուցանիշը նվազեց և կազմեց 10.400 մարդ:

2007թ. գրանցվեց ծնունդների որոշակի աճ, որը կազմեց 40.100 մարդ, մահացությունը փոքր-ինչ նվազեց` 26.800, իսկ բնական աճը հասավ 13.300 մարդու:

2008թ. ծնելիության աճը շարունակվեց և հասավ 41.200-ի, իսկ մահերի թիվը` 27.400 մարդու: Բնական աճի ցուցանիշը կազմեց 13.800 մարդ[16]:

2009 և 2010թթ. ծնելիությունը հասավ 21-րդ դարի առաջին տասնամյակի բարձրակետին` 44.600 և 44.800: Մյուս կողմից ավելացան մահերը՝  համապատասխանաբար`27.600 և 27.800 մարդ: Բնական աճը կազմեց 16.800 և 16.900 մարդ[17]:

Սակայն 2011թ. ժողովրդագրական ցուցանիշներն ամենևին էլ հուսադրող չէին, քանի որ գրանցվեց ծնելիության մոտ 3,5% անկում` 43.447 երեխա, և սա այն դեպքում, երբ ակտիվ ամուսնական տարիքում էին 1985-1992թթ. ծնվածները: Իսկ մահացության ցուցանիշն ամենաբարձրն էր վերջին տասնամյակի համար` 28.030: Նվազել էր նաև բնական աճը`15.467 մարդ:

Նվազման այս միտումը փաստում էր, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական գործընթացներում սկսվում է նահանջի փուլը:

Աղյուսակ 3. ՀՀ բնակչության աճի ցուցանիշները 2002-2011թթ.

Տարի

Ծնելիություն

Մահացություն

Բնական աճ

2002

32380

25315

7065

2003

35793

26104

9779

2004

37526

25823

11705

2005

37509

26278

11231

2006

37600

27200

10400

2007

40100

26800

13300

2008

41200

27400

13800

2009

44600

27600

16800

2010

44800

27800

16900

2011

43447

28030

15467

Ընդամենը

394.957

268.350

126.607

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած 2002-2011թթ. գրանցված ծնունդների աճին՝ նախորդ`1992-2001թթ. հետ համեմատած՝ Հայաստանի Հանրապետությունում ծնունդների թիվը կրճատվել է 1,2 անգամ, իսկ բնական աճը` 1,8 անգամ:

Սակայն Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական կորուստներն ավելին են, որովհետև արտագաղթի հետևանքով շատ հայ երեխաներ ծնվում են արտասահմանում: Հակառակ պարագայում 2002-2011թթ. Հայաստանում ծնունդները պետք է հավասար լինեին 80-ականների վերջին գրանցված ծնելիության ցուցանիշներին: Իսկ դա տարեկան կտրվածքով պետք է համարժեք լիներ 70-80 հազարի: Այս հանգամանքը կարող էր կայունություն հաղորդել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակին:

Սակայն այս իրողության բացակայությունն էապես ազդելու է առաջիկա տասնամյակների՝ Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա: Հայկական ընտանիքը մինչև 80-ական թվականները միջին հաշվով բաղկացած էր 4,7 մարդուց, այսօր այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 3,3 մարդու: Վերջին տասնամյակում սակավ է այն ընտանիքների թիվը, որտեղ երեխաների թիվն անցնում է երեքից:

Խզվել է նաև երեխաներ ունենալու հաջորդականությունը: Եթե մինչ անկախությունը դա կազմում էր 2-3 տարի, ապա ներկայումս այդ ժամանակահատվածը մեծացել է` հասնելով 4-7 տարվա: Իսկ երրորդ երեխա շատ քիչ ծնողներ են ներկայումս ունենում: Եթե 1997թ. ընդհանուր ծնունդների թվաքանակում  24,7%-ը եղել են  երրորդ և ավելի ծնված երեխաները, ապա 2015թ. տվյալներով այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 19%-ի:

Բարվոք չէ նաև բնական վերարտադրության վիճակը: Վերարտադրողական տարիքում գտնվող կանայք միջինն ունենում են 1,6 երեխա[18], թեև վերարտադրության համար անհրաժեշտ է նվազագույնը 2,15 երեխա: Այս ցուցանիշը չի ապահովում ոչ միայն ընդլայնված, այլև պարզ վերարտադրությունը:

Ծնելիության և բնական աճի ցուցանիշների ոչ բավարար քանակային պատճառներին պետք է գումարել նաև միգրացիոն հոսքերը, որոնք դեռևս միտված են արտահոսքին: 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բնակչության (մարդիկ, որոնք գրանցված են ՀՀ-ում և մարդահամարի անցկացման պահին գտնվել են իրենց բնակության վայրում) արձանագրված 2 մլն 870 հազար թվաքանակը ցույց է տալիս, որ այն զիջում է 2001թ. ցուցանիշին 132.574 մարդով, իսկ եթե դրան գումարվի նաև 2002-2011թթ. բնակչության բնական աճը` 126.607 մարդը, ապա Հայաստանի առկա բնակչությունը 2001-2011թթ. նվազել է մոտ 260 հազարով:

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1989-2011ԹԹ.

Բնակչության բնական աճի կարևոր նախապայմաններից են նաև սեռա-տարիքային կազմի վերաբերյալ տվյալները, որոնք հնարավորություն են ընձեռում կատարել որոշակի կանխատեսումներ և պլանավորել ինչպես պետության տնտեսական, քաղաքական, Հայաստանի պարագայում նաև՝ ռազմական հետագա կանխատեսումները:

Աղյուսակ 4.  ՀՀ մշտական բնակչության սեռա-տարիքային կազմն ըստ 1989, 2001, 2011թթ. մարդահամարների տվյալների (հազ. մարդ)[19]

 

1989

2001

2011

Տարիք

ընդ.

տղամ.

կին

ընդ.

տղամ.

կին

ընդ.

տղամ.

կին

3304776

1619308

1685468

3213011

1541999

1671012

3.026.600

1583600

1679000

0-4

375515

192872

182643

196076

104553

91527

205500

109600

95900

5-9

335555

172197

163358

258524

133667

124587

178000

95400

82600

10-14

291775

149294

142481

325440

165778

159652

209000

111000

98000

15-19

278047

144413

133634

313614

157024

156590

272300

139700

132600

20-24

280642

138056

142586

267552

132088

135464

317500

161200

156300

25-29

329633

161427

168206

222596

107554

115042

300100

151300

148800

30-34

292198

142739

149449

204557

97104

107453

250300

124100

126200

35-39

216089

104563

111526

244294

114999

129295

206200

99700

106500

40-44

131454

63508

67946

276137

131653

144484

198100

94400

103700

45-49

136513

65690

70823

211525

98992

112533

247200

116400

130800

50-54

174823

84416

90405

153808

71283

82525

251200

118100

133100

55-59

154333

74605

79728

80101

35787

44314

183800

83800

100000

60-64

136292

61925

74367

147306

64844

82422

124200

54600

69600

65 և բարձր

170.545

63532

107553

311498

126624

184854

319200

124300

194900

 

Պետք է նշել, որ Հայաստանը մտել է բարդ ժողովրդագրական գործընթացների փուլ, և արդեն իսկ զգացնել են տալու վերջին քսանամյակի անբարենպաստ միգրացիոն և ժողովրդագրական գործընթացները:

2011թվականին 2001թ. համեմատությամբ 0-4 տարեկան երեխաների խմբում մոտ 4%-ի աճը թեև խոսում է ի նպաստ ծննդաբերության ավելացման մասին, սակայն այդ ցուցանիշը 80%-ով զիջում է 1989թ., որը վկայում է ժողովրդագրական խորն անկման մասին:

Իսկ ահա 5-9 տարեկան երեխաների խմբում վիճակն ավելի անհանգստացնող է: 2001-2011թթ. ընկած ժամանակահատվածում երեխաների թիվը նվազել է 80.524-ով: Իսկ 10-14 տարեկանների մոտ նվազման միտումն ավելի մեծ է` 116.400 մարդ: Պակասել է նաև 15-19 տարեկանների թիվը` 41.314-ով:

Այս ժողովրդագրական իրավիճակն իսկապես մտահոգիչ է, և որոշակի խնդիրներ է առաջ բերելու մասնավորապես բանակի համար, քանի որ էապես կրճատվելու է զորակոչային տարիքի տղաների թիվը: 2019թվականին 2012թ. համեմատությամբ զինակոչային տարիքի երիտասարդների թիվը կնվազի ևս 30%-ով, և դա այն դեպքում, եթե բացառենք արտագաղթը:

Մոտակա 3-4 տարիներին զորակոչային տարիք են մուտք գործում 2000-ականների սկզբին ծնվածները: Այսպես, 2000թ. Հայաստանում ծնվել է 34.776, 2001թ.՝ 32.065, իսկ 2002թ.՝ 32.380 երեխա, և ամենևին էլ պատահական չէ վերջերս շրջանառության մեջ դրված զինծառայության ժամկետը մինչև 3 տարի դարձնելու գաղափարը: Թեև այդ նախաձեռնությամբ դրված են զինվորական ծառայության խրախուսման ձևեր մինչև 5 մլն դրամի չափով, որը կարող է ծախսվել հիպոթեքով բնակարանի ձեռքբերման, մինի ֆերմա ստեղծելու և ուսման վարձի փոխհատուցման վրա, սակայն զինվորական ծառայության ժամկետը երկարացնելու հիմնական պատճառներից մեկը հենց ժողովրդագրական խնդիրներն են: Նվազել է զինակոչիկների թիվը, որն էլ բարդություններ է ստեղծում բանակի թվակազմի համալրման տեսանկյունից:

Այս նույն հանգամանքն առաջիկա տարիներին ազդելու է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական թվակազմի վրա, քանի որ 2017թ. բուհ դիմած դիմորդների թիվը 1500-ով պակաս է 2016թ.-ից, իսկ մոտակա 2-3 տարիներին այդ թիվն էլ ավելի է նվազելու:

Մյուս կողմից այս հանգամանքը կարող է որոշակի մեղմել աշխատաշուկայի ներկայիս լարված իրավիճակը, քանի որ բավարար տնտեսական զարգացման պայմաններում աշխատաշուկայում կնկատվի առաջարկի ավելցուկ պահանջարկի նկատմամբ, իսկ դա իր հերթին կարող է մեղմել դեպի դուրս միտված միգրացիոն հոսքերը:  Ներկայումս այդ հոսքերը հիմնականում դեպի դուրս են, քանի որ 20-34 տարեկանների տարիքային խմբում, ի տարբերություն 2001թ., մարդկանց թիվն ավելացել է մոտ 170 հազարով, և նրանցից շատերը, աշխատանք չգտնելով Հայաստանում, արտագաղթում են: Դա էլ իր հերթին բացասաբար է ազդում ծնելիության ցուցանիշների և Հայաստանի բնակչության բնական աճի վրա: 

Ժողովրդագրական հաջորդ ցավոտ հարցն այն է, որ Հայաստանում կտրուկ ավելացել է 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց տեսակարար կշիռը: Այսպես, եթե 1979թ. նրանք կազմել են ամբողջ բնակչության 7,9%-ը, 1989թ.` 9,2%-ը, ապա ներկայումս` 15%-ից ավելին: Մեծահասակների բարձր տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվում հիմնականում կապված է ծնելիության նվազման, երիտասարդների և միջին տարիքի մարդկանց արտագաղթի հետ: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա 10-15 տարիների ընթացքում մեծահասակների թիվը համեմատաբար կավելանա, և նրանք  կկազմեն  բնակչության 20%-ից ավելին: Այս ամենը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կունենա “ծերացող հասարակություն”, որը հղի է տնտեսական և սոցիալական անկանխատեսելի հետևանքներով: Այս երևույթն ավելի սուր արտացոլում կարող է ստանալ հատկապես գյուղական բնակավայրերում, մասնավորապես սահմանային գոտիներում, որտեղից արտագաղթի և արտագնա աշխատանքի մեկնողների թիվն առավելապես մեծ է, և այսօր արդեն փոքր թիվ չեն կազմում “ամայացող” և  “ծերացող”  գյուղերը:

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Ներկայումս Հայաստանը մուտք է գործում ժողովրդագրական գործընթացների նոր փուլ, ակտիվ ամուսնական տարիք է մուտք գործում նախորդ դարի 90-ական թվականների ծնված սերունդը, որի թիվը մոտ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 1980-ականներին ծնվածներինը:

Աղյուսակ 5. ՀՀ բնակչության աճի ցուցանիշները 2012-1016թթ. [20]

Տարի

Ծնելիություն

Մահացություն

Բնական աճ

2012

42500

27600

14900

2013

41800

27200

14600

2014

43031

27714

15317

2015

41763

27878

13885

2016

40638

28129

12509

Ընդամենը

209732

138521

74211

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին 2012թ. համեմատությամբ Հայաստանում ծնունդների թիվը նվազել է 4,6 տոկոսով: Միաժամանակ մահերի թիվն ավելացել է մոտ 2 տոկոսով, իսկ բնական աճը նվազել է 6 տոկոսով: Ծնելիության հետագա նվազումը կարող է հանգեցնել նրան, որ 2025թ. Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդներին, և բնական աճը կունենա բացասական ցուցանիշներ: Այս հանգամանքն էլ ավելի կարող է խորացնել ժողովրդագրական ոչ բարենպաստ վիճակը և հանգեցնել բնակչության թվաքանակի առավել կրճատմանը:

Շրջապատված լինելով ոչ այնքան բարեկամ երկրներով, որոնց բնակչությունը, ի դեպ, բավականին մեծ տեմպերով աճում է, Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական, քաղաքական, ռազմական ոչ շահեկան իրավիճակում: Այսպես, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ 2025թ. Թուրքիան կունենա մոտ 90, Իրանը՝ 92, Ադրբեջանը` 9,7 , իսկ Հայաստանի բնակչությունը լավագույն դեպքում 3 մլն մարդ:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[1]  М. Б Денисенко, С.В. Новоселев, Основы демографии, Минск, 2012г, стр 98-99:

[2] Борисов В., Демография, М., 1999, с. 71:

[3] Армения в цифрах в 1985 готу, ЦСУ Арм. ССР, Ер., 1986, с. 21:

[4] Армения в цифрах в 1986 году, ЦСУ Арм. ССР, Ер., 1987, с. 18:

[5] Армения в цифрах в 1987 году, Госкомстат Арм. ССР, Ер., 1988, с. 20:

[6] Армения в цифрах в 1988 году, Госкомстат Арм. ССР, Ер., 1989, С. 23:

[7] Novosti, Liasion Agency, Wasington, 1995:

[8] Հայկական ԽՍՀ ժողովրդագրական տնտեսությունը 1989թ.,  Վիճակագրական տարեգիրք, ՀՀ Վիճպետկոմ, Եր., 1991թ.:

 

[9] Հայաստանը թվերով 1992, Վիճակագրական համառոտ ժողովածու, ՀՀՎ, Եր., 1994:

[10] Հայաստանը թվերով 1994, Վիճակագրական համառոտ ժողովածու, ՀՀՎ, Եր., 1995:

[11] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 1995-1996թթ., ՀՀ ՎՊՌՎՆ, Եր., 1998, էջ 71:

[12] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 1997-1998, ՀՀ ԱՎԾ, Եր., 2001, էջ 114:

[13] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 1999-2000, ՀՀ ԱՎԾ, Եր., 2001, էջ 121:

[14] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2002-2003թթ. ՀՀ ԱՎԾ, Եր., 2003, էջ 154:

[15] Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2004թ., ՀՀ ԱՎԾ, Եր., 2005թ., էջ 132-134:

[16] Հայաստանի բնակչությունը թվերով 2006-2008թթ, Ազգային զեկույց, ՀՀ ԱՎԾ, Եր., 2009թ., էջ 145-155:

[17] Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2011, ՀՀ ԱՎԾ, Եր., 2011թ., էջ 133-134:

[18] ՀՀ վիճակագրական տարեգիրք 2011թ., ՀՀ ԱՎԾ, Եր. 2011թ, էջ 147:

[19] ՀՀ 2001 և 2011թթ. մարդահամարի տվյալները, ՀՀ ԱՎԾ, Երևան 2003 և 2012թթ.

[20] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016թ.,  ՀՀ ԱՎԾ, Եր. 2017թ., էջ 58-61:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter