
Սարսափելի տեսարաններ՝ Գավառ-Մարտունի ճանապարհին
Հակոբ Պողոսյան
«Հետքի» լուսանկարչի տեսախցիկը Գավառ-Մարտունի ճանապարհին եւ դրան հարակից տարածքներում արձանագրել է բազմաթիվ աղբավայրեր ու աղբակույտեր՝ պոլիէթիլենային տոպրակներից մինչեւ կենցաղային առարկաներ ու տարբեր իրեր: Կարելի է մտածել, որ այս ճանապարհով որեւէ պատասխանատու պաշտոնյա չի երթեւեկում, իսկ աղբն օր-օրի ավելանում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների եւ գյուղերի աղբահանման եւ մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների եւ ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան եւ այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է, եւ կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաեւ իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու եւ տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետեւաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային եւ համայնքային ծրագրերում»,- նշել էր Կ. Կարապետյանը։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել