HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որոշ ազատամուտցիներ տեղյակ չէին, որ իրենց սոցիալական օգնություն են տվել

Ազատամուտը Հայաստանի միակ համայնքն է, որի 2016թ. ծախսերը և 2017թ. տարեկան բյուջեն դեռևս չեն հաստատվել՝ համայնքի ավագանու կողմից քվորում չապահովելու պատճառով: Համայնքում խնդիր կա ավագանու անդամների և համայնքի ղեկավարի միջև։

2016 թվականի ընթացքում Ազատամուտի համայնքային բյուջեից ավագանին տրամադրել է 6,7 միլիոն դրամ սոցիալական օգնություն: Ազատամուտի համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ օգնությունները տրամադրել է իր որոշմամբ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոդնությամբ միայն կարողացանք ստանալ համայնքային բյուջեից աշխատավարձ ու սոցիալական օգնություն ստացած անձանց անվանացանակը, բայց ոչ այդ օգնության տրամադրման` համայնքապետի որոշումները։

Մեզ տրամադրած անվանացանկով` համայնքի բյուջեից սոցիալական օգնություն է ստացել 197 ազատամուտցի։ Համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն ամենաշատը տրամադրել է 2016 թ․ օգոստոս- սեպտեմբերին, երբ Ազատամուտի համայնքապետի պաշտոնում կրկին որպես թեկնածու էր առաջադրված։ Դրան նախորդող ամիսներին տրված սոցիալական օգնությունը զգալիորեն տարբերվել է այդ ամիս հատկացված սոցիալական օգնության չափից և անձանց քանակից։

Համայնքի ղեկավարի՝ մեզ ուղարկված սոցիալական օգնություն ստացած անձանց անվանացանկից կարողացանք զրուցել չորս հոգու հետ։ Նրանցից երկուսը տեղյակ չէին, որ իրենց անունը կա սոցիալական օգնություն ստացածների ցանկում։

Մասնավորապես՝ օգոստոսին 30000 դրամ «ստացած» Նարեկ Ղազարյանի հայրը՝ Արսեն Ղազարյանը, մեզ հետ զրույցում զարմացավ, որ տղայի անունը կա այդ ցանկում, ապա կնոջից հետաքրքվեց, ով ևս պնդեց, որ որդին գյուղապետարանից երբևէ որևէ օգնություն չի ստացել: «Հնարավոր չի։ Կարող ա ինչ-որ օգնություն եղել ա, բայց իրան չեն տվել։ 100 %։ Հես ա, կինս էլ ա մոտս նստած, Նարեկը ճիշտ ա, տունը չի, բայց մենք ամեն ինչից տեղյակ ենք էլի... Ոչ, չի տրված, զրպարտություն ա էդի», - ասաց Արսենը։

Արդեն այսօր Արսենը զանգահարեց և շնորհակալություն հայտնեց, քանի որ մեր հեռախոսազանգից հետո առավոտյան գնացել էր համայնքի ղեկավարը Ժորա Մարտիրոսյանի մոտ` պարզելու, թե որդուն երբ են 30 000 դրամ տվել, որ իրենք չեն իմացել, և նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարը այսօր տվել է դեռևս օգոստոս ամսին դուրս գրած 30 000 դրամը՝ պատճառաբանելով, որ թյուրիմացություն է եղել։

«Իրենք նայեցին իրենց թղթերի մեջ։ Երեխու անունով էր դիմում գրած, ուղղակի որ չէին կանչել, թե ինչ պատճառներ կար, չգիտեմ... Նոր էսօր երեխուն կանչել են, էդ գումարը փոխանցել։ Էսօր էլ, որ մոտեցա, դիմեցի, ասեցի, որ սենց հարց պետք ա լիներ, էդ գումարային  հարցը ինչի՞ չեք մեզ ասել։ Ասեցին՝ բա մոռացել ենք երևի կամ թյուրիմացություն ա եղել։ Հեն ա կանչել են, էսօր տվել», - ասաց նա։

Նրա խոսքով՝ սոցիալական օգնության տրամադրման որոշումը վաղուց կազմված է եղել, սակայն գումարը փոխանցել են միայն համայնքապետի հետ այսօրվա հանդիպումից հետո։ Այսինքն՝ եթե մենք չզանգահարեինք Արսենին, նա այդպես էլ չէր իմանա, որ որդու անունով, որպես սոցիալական օգնություն, 30 հազար դրամ է դուրս գրվել։

Անվանացանկում կա նաև հայր և որդի Արթուր և Անդրանիկ Քոքոբելյանների անունները։ Ըստ անվանացանակի՝ Անդրանիկը հունիսին 30000 դրամ սոցիալական օգնություն էր ստացել, իսկ որդին՝ Արթուրը, նույնչափ ստացել էր օգոստոսին։ Սակայն Անդրանիկը մեզ հետ զրույցում հերքեց իր՝ սոցիալական օգնություն ստանալու փաստը: «Չէ, մենք չենք ստացել։ Ես տեղյակ էլ չեմ սկի», - ասաց նա։ Իսկ հոր փոխանցմամբ՝ Արթուրը ստացել է 20, ոչ 30 հազար դրամ` որպես բանակից չորակոչված զինվոր։

Ավագանու անդամները ևս համայնքի ղեկավարից սոցիալական օգնություն են ստացել։ Մասնավորապես 30 հազար դրամ օգոստոսին ստացել է ավագանու անդամ Մարինե Ամիրջանյանը, հունվարին նույնչափ՝ Վարդուհի Խուդավերդյանը, մարտին՝ 40 000 Մարտիկ Այվազյանը։

Սոցիալական օգնություն ստացածների ցանկում են արվեստի դպրոցի տնտեսվարը, ուսմասվարը, համայնքապետարանի հաշվապահի ամուսինը, քարտուղարի կինը, համայնքի ակումբի գրադարանավարուհին, արվեստի դպրոցի աշխատակիցներ, համայնքի հրջեշ մեքենայի վարորդը, մի ընտանիքից մի քանի հոգի։

Վարդուհի Օթարյանն ավագանու անդամ է և Ազատամուտի արվեստի դպրոցում աշխատում է որպես ուսմասվար, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը արգելում է աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար։

Հավելենք, որ ապրիլի 20-ին Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանին հարցում էինք ուղարկել, պարզելու թե ինչի հիման վրա են համայնքի 2016 թվականի սոցիալական բոլոր օգնությունները տրամադրվել նրա կողմից, ինչպես նաև պահանջել էինք այդ օգնության տրամադրման որոշումները, սակայն մինչ օրս նրանից պատասխան չենք ստացել։

Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով` եթե ավագանին մինչեւ տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

լուսանկարում` Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter