HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Բուդումյան. «Սա այն գիրքն է, որ կուզեի իմ ձեռքում լիներ, երբ ինքս էի լուսանկարչություն ուսումնասիրում»

Մարգարիտա Ղազարյան

Օրերս տեղի ունեցավ «Լուսանկարչության հարցեր. Տեսություն և տեխնիկա» գրքի շնորհանդեսը: Գիրքը լուսանկարչության մասին ձեռնարկ է: Հեղինակներ Կարին Գրիգորյանը և Վահե Բուդումյանը, ունենալով լուսանկարչության դասավանդման և տեքստերի թարգմանության տարիների փորձ, հասկացել են, որ այսպիսի ձեռնարկի կարիքը կա, ինչն էլ շարժառիթ է դարձել գրքի ստեղծման համար: Գրքի ստեղծման, առանձնահատկությունների և այլ մանրամասների մասին հեղինակները պատմեցին «Հետք»-ին:

Գրքի համահեղինակ Կարին Գրիգորյանն առաջին մասնագիտությամբ լրագրող է, սովորել է նաև ֆոտոլրագրություն, 2005-2010 թվականներին ակտիվ լուսանկարչությամբ է զբաղվել, իսկ 2010թ.-ից սկսել է լուսանկարչության պատմություն ուսումնասիրել, ընթերցել և թարգմանել: «Զանգակ» հրատարակչությունում աշխատում է որպես թարգմանիչ և դասավանդում է «Մեդիալաբ» կրթական ծրագրում՝ որպես լուսանկարչության պատմություն և պատկերի ընթերցում դասընթացի վարող:

Գրքի մյուս հեղինակ Վահե Բուդումյանն արվեստագետ է, լուսանկարչական գործունեությամբ չի զբաղվում: Լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում ուսանելու տարիներից, որից հետո լուսանկարչություն, մասնավորապես` ֆոտոլրագրություն է դասավանդել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում, լուսանկարչության տեքստերի թարգմանությամբ է զբաղվել: Ղեկավարում է «Մեդիալաբ» կրթական նախագիծը, որտեղ ևս լուսանկարչական դասեր է վարում:

Գրքի ստեղծման շարժառիթը

Կարին. «Մեր գործունեության, հանդիպումների, թարգմանությունների ընթացքում անընդհատ խոսել ենք հայերեն գրականության պակասի մասին: Հայերենով կան առանձին հոդվածներ, կան հայ լուսանկարիչների մասին տեղեկություններ, սակայն մեր ձեռքի տակ չկար կայուն, հիմնային մի ձեռնարկ, որը կօգներ մեզ: Ինքներս էլ դասավանդման ընթացքում շարունակաբար օգտվել ենք այլալեզու գրականությունից: Գուցե դա էր պատճառը, որ հայերեն նմանատիպ ձեռնարկ ունենալու ցանկությունը մեզ դրդեց միավորվել գրքի ստեղծման շուրջ»:

Վահե. «Սա այն գիրքն է, որ կուզեի իմ ձեռքում լիներ, երբ ինքս էի լուսանկարչություն ուսումնասիրում: Օրինակ, երբ ինձ տեխնիկական, շատ պարզ ինչ-որ հարց էր տանջում, նույնիսկ ինտերնետի, տեղեկատվական տարափի պայմաներում չէի կարողանում դրա պատասխանը գտնել: Իրականում շատ դժվար է հավաստի ու մատչելի տեղեկատվության աղբյուր գտնել: Կարծեմ երկուսս էլ սա նկատի ունենալով ենք գիրքը գրել. ոնց որ մեզ համար գրեինք, երբ որ մենք ինչ-որ բաներ չգիտեինք: Ինչ-որ իմաստով մենք նախկինում մեր լավագույն ընթերցողները կլինեինք: Շատ կուզենայի մի երկու տարի առաջ այսպիսի գիրք ինձ հանդիպեր»:

Առանձնահատկությունը

Կարին. «Ինչ որ արվել է, չեմ ուզում շատ արժեքավոր թվա, որովհետև շատ ներածական բնույթ է կրում, այսինքն` համարել, որ սա իսկապես ձեռքբերում է հայ գիտական մտքի, դա բնավ այդպես չէ, սակայն սա առաջին փորձն է հայերենով խոսել լուսանկարչությունից ընդհանրապես՝ լուսանկարչության գյուտից, դարից, թե ինչ է առաջարկում լուսանկարչությունը կամ ինչպես ընթերցել լուսանկարը. սրանք թեմաներ են, որ երբևէ չեն շոշափվել հայերենով: Իհարկե, մասնավոր խոսակցություններում կամ լուսանկարչական տարբեր նախագծերի շրջանակներում և՛ արվեստագետները, և՛ լուսանկարիչները անդրադարձել են այս հարցերին, սակայն դրանք գրավոր բնույթ չեն կրել մինչ օրս»:

Վահե. «Նախ ինքն իրենով գրքի գոյությունը ինչ-որ իմաստով եզակի երևույթ է: Ոչ թե հիմա գլուխ եմ գովում կամ մեր արածը փորձում եմ բարձրացնել, չէ, որովհետև ուղղակի նման փորձ չի արվել շատ օբյեկտիվ պատճառներով: Մինչև հիմա չի եղել լուսանկարչության ձեռնարկ գրելու փորձ, որը կլինի ընդգրկուն, կանդրադառնա թե՛ տեխնիկային, թե՛ հատկապես տեսությանը»:

Կարին. «Նաև այլ լեզուներով քիչ են այնպիսի ձեռնարկները, որոնք և տեսություն և տեխնիկա են ներառում»:

Գիրքը՝ որպես լուսանկարչության ձեռնարկ

Կարին. «Լեզուն, որ մենք ընտրել ենք ձեռնարկի համար, մատչելի է, գրեթե հանրագիտարանային, և այն հասցեագրված է ուսանողներին, սկսնակ լուսանկարիչներին, թեև մասնագետները ևս այնտեղ կգտնեն իրենց համար հետաքրքիր նյութեր: Գիրքը չի անցել կրթության նախարարության կամ այլ օղակների միջով, սակայն ինքն իր բնույթով լուսանկարչության ձեռնարկ և ինքնուսույց է»:

Վահե. «Օրինակի համար կարող եք հիմա ազգային գրադարանում գտնել Ստեփան Մարությանի «Գեղարվեստական լուսանկարչությունն ու լրագրությունը» գիրքը, որը որպես ուսումնական ձեռնարկ է գրված և, եթե չեմ սխալվում, մանկավարժական համալսարանի համար, բայց այն չունի տեխնիկային անդրադարձող բաժին: Վիճակագրություն էի կազմել, որ եթե դուք փորձեք խորհրդային շրջանի գրքեր գտնել, որոնք լուսանկարչությանն են վերաբերում՝ ոչ որպես ալբոմ կամ լուսանկարչի կենսագրություն, այլ ուսումնական ձեռնարկ, մի գիրք կգտնեք. դա Աշոտ Առաքելյանի 1959 թվականին գրված ձեռնարկն է սկսնակ լուսանկարիչների համար, որն արդեն անդրադառնում է նաև տեխնիկական հարցերին, բայց, բնականաբար, չի անդրադառնում այն բոլոր երևույթներին, որ հետո են առաջացել, օրինակ` ողջ թվանշային լուսանկարչության ասպեկտին:

Իսկ նախախորհրդային շրջանում (ես նկատի չունեմ խորհրդային միությունում, այլ խորհրդային ժամանակներում)՝ 1860-ականներից մինչև 1920-ականները, 7 գիրք է գրվել հայերեն՝ որպես ուսումնական ձեռնարկ: Նույնիսկ ակադեմիական ինչ-որ գրություններ էլ չեն եղել, եթե դուք գնաք գրադարաններ և այդպիսի գրքեր հարցնեք, այդ շրջանից 6 գիրք կգտնեք, խորհրդային շրջանի 1 գիրք, անկախության շրջանում ևս 1, երևի 9 գիրք միասին վերցրած: Սա իսկապես մեր գիրքը դարձնում է ինչ-որ իմաստով եզակի, անկախ մեր կամքից, նույնիսկ եթե մենք հատուկ ջանք չթափենք, այդ գրքի գոյությունը, ստեղծելու փորձն արդեն ինչ-որ իմաստով հազվագյուտ, աննախադեպ մի բան պետք է լինի:

Հարց է առաջանում, եթե կարող ես գնալ գրախանութ կամ գրադարան և գտնել, ասենք, պոլիտեխնիկական բառարան կամ բժշկական բառարան, բուսաբանական տերմինների բառարան, ինչու չպետք է լինի լուսանկարչական բառարան, հատկապես որ մասնագիտական բառապաշարը բավական անմշակ, անկատար վիճակում է, և նոր բառեր են ի հայտ գալի: Գիրքը ինչ-որ իմաստով միտված է այս խնդիրը լուծելուն: Եվ սա երկրորդ առանձնահատկությունն է: Երրորդը՝ տեսողական նյութերի առկայությունն է. նկատի ունեմ լուսանկարները, որոնք օգտագործված են թե՛ տեխնիկական, թե՛ տեսական  մտքերը նկարազարդելու համար, տարբեր աղյուսակները, դիագրամմաները, սխեմաները, որոնք գիրքն ավելի մատչելի են դարձնում:

Կառուցվածքը

Վահե. «Գիրքը երկու բաժին ունի՝ «Տեսություն», որ հեղինակել է Կարինը և «Տեխնիկա» բաժինը, որ ես եմ գրել, դրանցից բացի գրքի վերջում կա նաև բառացանկ: Գրքի բաժիններն իրենց հերթին կազմված են գլուխներից և ենթագլուխներից, և լուսանկարիչը կամ ինչ-որ մեկը, ով ընթերցում է գիրքը, կարող է ուղղակի առանձին ենթագլուխ ընտրել, որն իրեն հետաքրքրում է և կարդալ միայն դա: Եթե իրեն հետաքրքրում է «Տեսություն» բաժնից որևէ թեմա, օրինակ, թե ինչպես ընթերցել լուսանկարը, նա պարտավոր չի լինի կարդալ ամբողջ գիրքը, կարող է ընթերցել միայն այդ բաժինը և նույնը նաև տեխնիկայի բաժնին է վերաբերում. եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ինչ է պահաժամը կամ ինչ է, ասենք, բացվածքը, նա ամենևին պարտավոր չէ կարդալ գիրքը ծայրից ծայր կամ նույնիսկ բաժինն ամբողջությամբ: Ինչ-որ իմաստով սա գրքին հանրագիտարանի տրամաբանություն է տալիս:

«Տեխնիկա» բաժինը «Տեսություն» բաժնից տարբերվում է նրանով, որ գրքի ընթացքին զուգահեռ կա նաև ծանոթագրական սյունյակ և այդ՝ ծանոթագրական տեղեկություններ ներկայացնող սյունյակը ևս պարտադիր չէ կարդալու համար: Այսինքն, եթե գիրքը ուզում ես ընթերցել նախնական մակարդակով, բավարար է բուն գրքի նյութը, եթե ուզում ես ավելի խորությամբ հասկանալ ինչ-որ հարց, կարելի է նաև ընթերցել ծանոթագրական նյութերը: Սա հատուկ է արված, որովհետև չէինք ուզում գիրքը բարդացնել, չէինք ուզում, որ ավելորդ ծանր ստացվի, ավելորդ գիտական լինի՝ հղումներով,  գրականության ցանկով և այլն, ուզում էինք հնարավորինս թեթև, ընկերական գիրք ունենալ, և քանի որ ծանոթագրություններից չէինք կարող խուսափել, ինչ-որ իմաստով անջատ են ներկայացված գրքի բուն ընթացքից և կնկատեք, որ տրված են գրքի էջի աջ սյունյակում՝ գրքի լուսանցքում, ոչ թե, ինչպես սովորաբար լինում է, էջի, բաժնի կամ ենթաբաժնի վերջում:

Կարին. «Ինչ վերաբերում է «Տեսություն» բաժնին, տեքստում ես գիտակցաբար հրաժարվել եմ ծանոթագրություններից, հղումներից, արվեստաբանական տարբեր եզրույթներից և բարդ ձևակերպումներից, քանի որ գիտակցում էի, որ ընթերցողը պետք է լինի մեկը, ով ամենից հաճախ առաջին անգամ է առնչվում լուսանկարչության վերաբերյալ տեքստին, լուսանկարչության պատմությանն ընդհանրապես, լուսանկարի նշանակությանը վերաբերող տեքստին, որի մասին արդեն տասնամյակներ շարունակ գրվում է Արևմտյան կրթակարգում, բայց ծանոթ չեն Հայաստանում: Միանգամից ներկայացնել բարդ տեսություններ, կարծում եմ, այս ձեռնարկում տեղին չէր»:

Պատասխանատվության և քննադատության մասին

Կարին. «Հայաստանում քննադատության պակասի և որակի խնդիր կա, մենք ուղղակի երազում ենք, որ գիրքը քննադատվի մասնագետների կողմից: Իհարկե, ենթադրում ենք, որ գիրքը ենթակա է լրամշակման, խմբագրման: Պատրաստ ենք դրան և իսկապես ակնկալում ենք որ որոշակի շրջանակներում այն կարժանանա բավարար ուշադրության:

Վահե. «Ես կհամաձայնեմ Կարինի հետ, որ գրքի ամենալավ ճակատագիրը քննադատված լինելն է, հատկապես` նման գրքի, որն ուսումնական ձեռնարկ է: Ուսումնական գրքերը հենց այդպես էլ գրվում են՝ բարակ թղթերի վրա, որովհետև չպետք է լինեն մնայուն, պետք է լրամշակվեն, փոփոխվեն և նոր գրքեր դառնան: Դա ինձ, իհարկե, նաև շատ վախեցնում է, որովհետև պատասխանատվությունը մեծ է, բայց միևնույն ժամանակ եթե լինեն քննադատություններ, և այդ քննադատությունների հիման վրա ինչ-որ նոր բան առաջանա, ինչ-որ բան հրատարակվի կամ, օրինակ, քննադատական հոդված գրվի, շատ լավ կլինի»:

Կարին. «Ինձ, հակառակը, վախեցնում է լռությունը գրքի շուրջ կամ դրվատանքի խոսքերը. դա իսկապես վախեցնող է, որովհետև թույլ չի տա, որ գործը զարգանա:

Վահե. «Ասեմ՝ ինչի է ինձ վախեցնում քննադատությունը, որովհետև միշտ պատկերացնում եմ, որ գիրքը երիտասարդ ընթերողի ձեռք է ընկնում, և այն խոսքի պես չի, որ կարող ես ասել, հետո՝ ինքդ քեզ ուղղել, շատ հեռու ես գրքից: Օրինակ, եթե սխալ տեղեկություն ես ասում, դա անուղղելի է: Ի՞նչ կարող ես անել, եթե հանկարծ մի օր լուրջ սխալ գտնես գրքում: Հուսով եմ՝ նման բան չի լինի, բայց պատասխանատվությունը մեծ է»:

Կարին. «Բացի այդ, թվանշային լուսանկարչության ոլորտում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, և որոշ ժամանակ անց տեղեկությունն արդեն ինչ-որ իմաստով և՛ կհնանա, և՛ ենթակա կլինի վերախմբագրման՝ անկախ մեր կամքից, որովհետև դաշտը զարգացման իր ուղին ունի, իսկ գրությունը տվյալ դեպքում քարացած է»:

Վահե. «Ինչպես օրինակ հիմա անալոգային լուսանկարչության մասին գրքերը, ձեռնարկները, որտեղ բացատրում են, թե ինչպես կարելի է լուսանկարները երևակել՝ քիմիական նյութերով և այլն, և այլն: Հիմա ոչ ոք դրանով չի զբաղվում էնտուզիաստներից բացի, երևի թե գիրքը մի օր այդպիսի մի բան էլ պիտի դառնա»:

առաջին լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

մնացած ուսանկարները «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter