HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ՃՈ տեսուչը օրինապահ վարորդին տուգանել է ուրիշի փոխարեն

Ճանապարհային ոստիկանության տեսուչը օրերս Երեւանի բնակիչ, վարորդ Արմինե Գեւորգյանին տուգանել է արագությունը գերազանցելու համար, այնինչ արագաչափ տեսախցիկն արձանագրել է խախտում՝ մեկ այլ վարորդի կողմից։

ՃՈ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ավագ տեսուչ Էդուարդ Շահինյանը ապրիլի 26-ին, սխալ համադրելով արագաչափի կողմից ստացված լուսանկարը, «պարզել» է, թե իբր բեժ գույնի 34QO196 պետհամարանիշի Nissan մակնիշի ավտոմեքենան գերազանցել է արագությունը, եւ կազմել է վարչական վարույթ։

Շահինյանն արձանագրել է, թե իբր Արմինե Գեւորգյանը ապրիլի 8-ին, գիշերը ժամը 23։35-ին Երեւանի Լենինգրադյան փողոցում երթեւեկել է 72 կմ/ժ արագությամբ՝ 60 կմ/ժ թույլատրելի արագության պարագայում։ Գեւորգյանը տուգանվել է 2000 դրամով։

Սակայն, ինչպես երեւում է արագաչափ տեսախցիկի կողմից արված լուսապատկերում, երթեւեկության կանոնները խախտել է մեկ այլ ավտոմեքենա՝ 10RR555 պետհամարանիշի Toyota Corolla-ն։

Իրավախախտումը կատարվել է Corolla-ով, սակայն նույն պահին արագաչափի տեսադաշտում է գտնվել եւ լուսանկարվել Գեւորգյանի ավտոմեքենան։  

Արմինե Գեւորգյանը իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով դիմել է վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությանը։

Կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ սա առաջին դեպքը չէ։ «Իմ պրակտիկայում արդեն մեկ տասնյակից ավել նման դեպքեր են հանդիպել, երբ մի վարորդին տուգանում են մեկ ուրիշի կատարած խախտման համար։

Եղել է դեպք, երբ ավտոմեքենան արագության գերազանցման համար տուգանվել է էվակուատորի վրա բարձած վիճակում»

Նախորդները բողոքարկվել են վերադասության կարգով, սակայն այս անգամ «Վարորդի ընկեր»-ը վարչական վարույթը կբողոքարկի դատական կարգով, որպեսզի ՃՈ-ն նաեւ ֆինանսական հատուցում կրի սխալ որոշումների համար։

Հարցին, թե ինչո՞վ կարող են պայմանավորված նման պարզունակ սխալները, Տիգրան Քեյանը պատասխանեց․ «Ես այստեղ միտում չեմ տեսնում։ Մեր պրակտիկայում հանդիպած վարչական  վարույթներում նշված տեսուչների անունները ի մի բերելով հաշվել ենք, որ «Սեքյուրիթի դրիմի» կողմից կատարված արձանագրությունները ստուգում եւ վարչական վարույթ կազմում է ՃՈ 17-18 տեսուչ։ Այս մարդիկ ամեն օրը ստանում են մի քանի հազար խախտումներ, դրանց տալիս իրավական, մասնագիտական գնահատական՝ տվյալ արձանագրությունը արդյո՞ք երթեւեկության կանոնների խախտում է, թե ոչ։ Այսինքն՝ այս մարդիկ աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում, ինչը մեծացնում է սխալանքի հավանականությունը»։

Տիգրան Քեյանը նույնպես անձամբ ստացել է զավեշտալի բովանդակությամբ վարչական վարույթներ։ Դրանցից մեկում գրված է եղել, որ վարորդը սահմանված արագությունը գերազանցել է 0 կմ/ժամով եւ պարտավոր է վճարել 0 դրամ։

Կազմակերպությանը դիմած վարորդներից մեկն էլ ներկայացրել է վարչական վարույթ, որտեղ գրված է, թե վարորդը արագաչափի սխալանքի տոկոսը հանած, սահմանված արագությունը խախտել է -10 կիլոմետր/ժամ արագությամբ։

Արմինե Գեւորգյանին վարչական տույժի ենթարկելու ՃՈ որոշումը բողոքարկելու հայց՝ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը դատարան կներկայացնի առաջիկա օրերին։

ՃՈ տեսուչների կողմից արձանագրված սխալմունքների վերաբերյալ ոստիկանության մեկնաբանությունը ստանալ չհաջողվեց։

Գլխավոր լուսանկարը՝ police.am

լուսանկարները՝ tuganq.am

Մեկնաբանություններ (2)

Հայկ Արամյան
Ծովիկ կարելի ա ասել քո պղտոր են Ծովո :)))))
Ծովինար Տիրատուրյան
Անձամբ ես, լինելով շուրջ 3 տարվա վարորդ, երբևէ ՃՈ կողմից անհիմն ծանուցում չեմ ստացել: կարգախոսի հետևորդներից եմ, և որևէ դիտավորություն չեմ տեսնում` կապված վերոնշյալ իրադրության հետ: Չի բացառվում նաև, որ այս դիպվածը ծրագրային խնդիր լինի: Ինչևէ, մաղթենք ՃՈ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի բոլոր տեսուչներին առավել մեծ ուշադրություն` իրենց վստահված այս պատասխանատու աշխատանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter