HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով մեղադրողը միջնորդեց նոր ապացույցներ կցել գործին

Ամալյա Մարգարյան

2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև բախման ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանի, Ժորա Ավետիսյանի, Արման Ադամյանի գործով նիստի ընթացքում Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի պաշտպաններ Ռուզաննա Սիրեկանյանը և Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդություններ ներկայացրին` խնդրելով իրենց պաշտպանյալների գործերը քրեական գործից առանձնացնել և առանձին քննել:

«Իմ պաշտպանյալ Արման Ադամյանը տեսակցության ժամանակ հայտնել էր, որ ցանկանում է հանդես գալ միջնորդությամբ` արագացված կարգով քննությունը շարունակելու վերաբերյալ: Իմանալով մյուս ամբաստանյալների դիրքորոշումը` կարծում եմ, որ խոչընդոտ է հանդիսացել նման միջնորդությամբ հանդես գալը»,-հայտնեց փաստաբան Ռ. Սիրեկանյանը: Ժորա Ավետիսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի գործն առանձին քննելու վերաբերյալ:

Հրաչ Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանը պնդեց, որ առարկում է ներկայացված միջնորդությունների դեմ` նշելով, որ մեղադրյալներին վերագրվող մեղադրանքն ընդհանուր  է, մասնավորեցված չէ, իսկ իր պաշտպանյալ Հրաչ Բոյաջյանն ի սկզբանէ չի ընդունում մեղադրանքը:

Դատավոր Ռուդիկ Օհանյանը մերժեց միջնորդությունները` համարելով, որ քրեական գործերի անջատումը կարող է խանգարել դատական գործին:

Դատախազը հանդես եկավ նոր ապացույց ներկայացնելու միջնորդությամբ, նշեց, որ նախաքնության ընթացքում առգրավվել են տուժողների հագուստները, որոնց վրա առկա են վնասվածքներ: Դատաբանական փորձաքննությունների արդյունքները մինչև գործի սկսվելը պատրաստ չեն եղել, ուստի միջնորդում է փորձաքննության արդյունքները դատարանում հետազոտել:

Պաշտպանական կողմը դատարանից ժամանակ խնդրեց հետազոտության արդյունքներին ծանոթանալու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 5-ին:

Դատական նիստի ավարտից հետո «Հետքը» զրուցեց Արման Ադամյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի հետ: Նա նշեց, որ իրենց միջնորդությունների նպատակը գործն առանձին քննելն էր, որը հնարավորություն կտար գործի քննությունն արագացված դատական կարգով անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, որին մեղադրյալներից մեկը դեմ է:

Անդրադառնալով դատախազի ներկայացրած միջնորդությանը` Ռ. Սիրեկանյանն ասաց. «Փորձագետի եզրակացությունը չստացած` գործն ուղարկում են դատարան: Հիմա բավականին ժամանակ է անցել, բայց միջնորդում է դա կցել քրեական գործին: Ըստ իս` նախաքննությունն ամբողջություն չի ապահովել, ուստի դատարանի միջոցով փորձում են բաց մնացած տեղերը լրացնել: Ես առարկելու եմ այդ միջնորդության դեմ»:

Հիշեցնենք, որ Սարի թաղի  բնակիչներ Հրաչյա Բոյաջյանին, Ժորա Ավետիսյանին, Արման Ադամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, այն է` իշխանության ներկայացուցչի  նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Գործով տուժող են ճանաչվել ոստիկանության յոթ աշխատակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter