
Կլուծարվի տեսական և փորձնական հետազոտություններ կատարող «Կոմետա» ԲԲԸ-ն
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի որոշման նախագիծը, որով կլուծարի «Կոմետա» ԲԲԸ-ն։ Դրա կանոնադրական կապիտալի բաժնեմասների 80%-ը պետական են, իսկ 20%-ը պատկանում են ընկերության կոլեկտիվի անդամներին։
Ընկերությունը զբաղվում է տեսական և փորձնական հետազոտություններ կատարելով` աշխատանքներ տանելով ալիքային էներգիայի հեռու տարածությունների վրա սեղմման և կոնցետրացային սկզբունքները մշակելու նոր երևույթի ստեղծման ուղղությամբ:
Սակայն, ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, ընկերության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները պետական ֆինանսավորում չեն ստանում, իսկ նմանատիպ աշխատանքների կատարման այլ պատվերներ չկան` պետական, թե մասնավոր հատվածից:
Ընկերությունը նաև առաջարկներ է ներկայացրել արտասահմանյան կազմակերպությունների, որոնցից նույնպես պատվերներ չեն ստացվել:
«Ստեղծված իրավիճակում, հետագա պարտավորություններ չկուտակելու համար, նպատակահարմար է սկսել ընկերության լուծարման գործընթաց»,- ասվում է նախագծում։
Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքը հունվարի 1-ի դրությամբ 170 միլիոն դրամ էր, որից 117-ը` տարածքի, իսկ 45 միլիոնը` պարտավորությունների գումարն էր։
Ընկերությանը լուծարման գործընթացը կազմակերպելու համար պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է ստեղծել լուծարման հանձնաժողով՝ ընդգրկելով մեկական անդամներ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, կրթության և գիտության, արդարադատության նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից և պետական գույքի կառավարման վարչությունի։
Հավելենք, որ ընկերությունը գործում է 1995 թվականից։
Մեկնաբանել