Մարդահամարի ծրագրի նախագիծն արժանացել է հավանության
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի հերթական նիստը:
Ազգային վիճակագրական ծառայության կողմից նշվել է, որ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման գործառույթների կանոնակարգման ու իրականացման համար անհրաժեշտ 66 փաստաթղթերից 46-ն արդեն իսկ հաստատվել են Վիճակագրության պետական խորհրդի (ՎՊԽ) որոշումներով, որոնք հրապարակվել եւ հասանելի են ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք-էջի` «Մարդահամար-2011» բաժնում:
Մարդահամարի ծրագրի (հարցաշարի)` Կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո, մյուս փաստաթղթերը եւս կհաստատվեն ՎՊԽ կողմից: Նիստում անդրադարձ է եղել համայնքներում հասցեների ճշգրտման խնդրին` հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի արդյունավետ իրականացման տեսանկյունից: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով` 2010թ. դեկտեմբերիի 24-ից մինչեւ այս տարվա ապրիլի 24-ը ճշգրտվել է 12 հազ. 118 քաղաքացու հասցե: Փոխվարչապետը նշել է, որ գործընթացը կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը, որպեսզի բուն մարդահամարի նախաշեմին նոր փոփոխություններ չլինեն:
Մանրամասն քննարկվել է նաեւ մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը կազմվել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականների համաձայն, ներկայացվել շահագրգիռ պետական մարմիններին ու ոչ կառավարական հաստատություններին եւ փորձարկվել 2010թ. հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի ընթացքում:
Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը եւ Ազգային վիճակագրական ծառայությանն առաջարկվել է այն ներկայացնել Կառավարության հաստատմանը:
Նիստում քննարկվել են նաեւ մի շարք կազմակերպչական, այդ թվում` մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հայթայթմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ պետբյուջեից հատկացումները 21 տոկոսի փոխարեն կկազմեն ընդհանուր գումարի (6,7մլն դոլար) 25 տոկոսը:
Ա. Գեւորգյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել այն պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011թ. բուն մարդահամարի կազմակերպմանը: Նա կարեւորել է անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը, որի վերաբերյալ կա նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականը: Արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվել է հարցը պահել օրակարգում` աշխատելով հատկապես Եվրամիության, ԵՄ անդամ-երկրների, ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել