HY RU EN

Անի Հովհաննիսյան

Կիև-Երևան օդանավի գտնվելու վայրն անհայտ է. քաղաքակա՞ն դրդապատճառներով

Այսօր` ժամը 03:50-ին, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր Կիև-Երևան չվերթը: Սակայն ինքնաթիռն այդպես էլ Երեւան չհասավ: Չվերթը սպասարկում է «Աերոսվիտ» ուկրաինական ավիաընկերությունը:

Ինքնաթիռում գտնվողների հարազատները, որ եկել են օդանավակայան` դիմավորելու նրանց, ժամը 03:00-ից սպասում են մինչ այս պահը: Մոտ 20 ժամ օդանավակայանում անց կացրած դիմավորողները բազմաթիվ հարցումներ են արել «Աերոսվիտ» ավիաընկերության ներկայացուցիչներին և սպասարկման բաժնին` իմանալու, թե որտեղ է ինքնաթիռը և երբ է վայրէջք կատարելու, սակայն ոչ ոք նրանց հարցերին չի պատասխանել:

Անկարողությունից դրդված` 30-ից ավելի դիմավորողներ զանգել են «Հետքի» լրագրողին, ով շուրջ մեկուկես ժամ առաջ ժամանել է օդանավակայան, մոտեցել «Աերոսվիտ» ընկերության տոմսավաճառներին` խնդրելով տեղեկություններ տրամադրել ինքնաթիռի վիճակի և գտնվելու վայրի մասին: Տոմսավաճառներն ասել են. «Հիմա փորձում ենք մեր ներկայացուցչին գտնել, չգիտենք` որտեղ է: Մենք էլ ոչինչ ասել չենք կարող»: Այնուհետեւ նրանք փակել են դուռն ու պատուհանը` փորձելով թաքնվել բողոքողներից:

«Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը նշել է, որ թռիչքների մասին որևէ տեղեկություն օդանավակայանը չի կարող տրամադրել, տեղեկություններ կարող է տալ միայն թռիչքը սպասարկող ավիաընկերությունը:

Հարցին, թե ինչու օդանավակայանը մինչ այժմ որեւէ բանակցություն չի ունեցել ավիաընկերության հետ, մինչդեռ մարդիկ օդանավակայանում են գիշերել, իսկ ուղեւորները` ինքնաթիռում, Գեւորգ Աբրահամյանը պատասխանեց. «Դրանով զբաղվում է քաղավիացիայի վարչությունը: Իսկ մարդկանց կերակրելով կամ փոխհատուցելով զբաղվում է ավիաընկերությունը»:

Մենք զանգահարեցինք քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղարին, ում հեռախոսն անջատված էր կամ գտնվում էր ռադիոծածկույթից դուրս: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղարը այս փաստը բացատրեց նրանով, որ միգուցե կիրակի օր է, մարդիկ հանգստանալու են գնացել: 

Գեւորգ Աբրահամյանի հետ զրուցելուց շուրջ 30 րոպե անց «Աերոսվիտ» ավիաընկերության տոմսավաճառները հայտնեցին, թե ընկերության ներկայացուցիչը առաջին հարկում է: Դիմավորողները ներկայացուցիչ Վիկտոր Ադյանից հարցրել են, թե որտեղ են իրենց հարազատները. արդյոք օդո՞ւմ են, թե՞ օդանավն արդեն վայրէջք է կատարել:

Ադյանը հայտնեց, որ ըստ Կիեւի ներկայացուցչությունից հայտնած տեղեկությունների` օդանավը Վրաստանում է վայրէջք կատարել, իսկ ինքնաթիռում գտնվողներից ոմանք տեղեկացրել են, որ ինքնաթիռը վերադառնում է Կիև: «Աերոսվիտ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Ադյանը հենց դիմավորողների ներկայությամբ զանգահարեց Կիեւում գտնվող «դիսպետչերին», ով տեղեկացրեց, թե օդանավը Երեւան չի թռչում` քաղաքական նկատառումներից ելնելով:

Հարցին, թե միգուցե ավիաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի Վրաստանի կամ Հայաստանի հետ, Վիկտոր Ադյանը պատասխանեց. «Չէ, եթե ֆինանսական խնդիրներ լինեին, կասեին` ֆինանսական խնդիրների պատճառով»:

Ուրեմն ի՞նչ քաղաքական խնդիրներ կարող են լինել: Ադյանը հավատացրեց, որ իրենց էլ հայտնի չէ. «Կիեւից չեն ասում»:

«Աերոսվիտ» ընկերության երկրորդ ներկայացուցչին խնդրեցինք ներկայանալ, սակայն նա հրաժարվեց և հեռացավ տարածքից:

«Զվարթնոց» օդանավակայանում են նաև Երևանից Կիև մեկնողները, ովքեր առավոտյան ժամը 08:00-ին պետք է մեկնած լինեին: Թռիչքը պետք է սպասարկեր «Աերոսվիտ» ընկերության նույն օդանավը, որը ժամանելու էր Երևան: Վաղ առավոտյան Կիև մեկնող ուղևորները հաշվառվել են և մինչ այս պահը մուտքի գոտում են: