
Հայաստանը պահպանել է 67-րդ հորիզոնականը համաշխարհային ցուցակում
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին, ինչպես եւ նախորդ ամիս, զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը 527 վարկանիշային միավորով: Անցնող ժամանակահատվածում բավականին քիչ խաղեր են եղել, ինչի հետեւանքով էլ աղյուսակում փոփոխությունները չնչին են:
Համաշխարհային վարկանիշային առաջատարը շարունակում է մնալ Բրազիլիան, որին հաջորդում են Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան:
ԱԱ-2018-ում մեր մրցակցիներից 4-ը եւս մնացել են իրենց դիրքերում. Լեհաստան՝ 11, Ռումինիա՝ 47, Դանիա՝ 51, Մոնտենեգրո՝ 62: Միայն Ղազախստանն է առաջադիմել 1 տեղով ու հիմա 104-րդն է:
Նախկին ԽՍՀՄ երկրները նույնպես հիմնականում պահպանել են իրենց հորիզոնականները: Այդ առումով առաջատարն Ուկրաինան է (37), Ուզբեկստանը 60-րդն է, իսկ Ռուսաստանը՝ 61-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Թուրքիան (22), որին հաջորդում է Իրանը (28): Ադրբեջանը 87-րդն է, իսկ Վրաստանը՝ 122-րդը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Արթուր Պետրոսյանի գլխավոր թիմը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիս երկրի հավաքականի հետ: Կարիբյան ավազանի այս փոքր պետության ընտրանին ներկա պահին աշխարհում 98-րդն է:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը հրապարակվելու է հունիսի 1-ին:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել