HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության ևս մեկ դեպք

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ Ա․Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է ծառայության կողմից բռնագանձված և իր վստահությանը հանձնված գումարները:

Մասնավորապես,  Ա․Խաչատրյանը, իրականացնելով Շիրակի մարզային բաժնի հաշվապահական հաշվառման, փաստացի նաև` դրամարկղային գործունեությունը, 2015 թվականի հունվարի 22-ից 2016 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու խախտելով Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ-ի պահանջները, հափշտակել է ԴԱՀԿ ծառայության կողմից տարբեր քաղաքացիներից հօգուտ պետության փաստացի բռնագանձված 18.575.344 ՀՀ դրամը: Դրանից 13.748.677 ՀՀ դրամի գումարներն Ա․Խաչատրյանը հափշտակել է` դրանք դրամարկղ և հաշվետվության ծրագիր չմուտքագրելու եղանակով: Բացի այդ, Ա. Խաչատրյանը դրամարկղից քաղաքացուն վճարած 2.684.162 ՀՀ դրամի փոխարեն  հաշվետվության ծրագրից ելքագրել է 5.684.162 ՀՀ դրամ, որի արդյունքում ավել ելքագրված 3.000.000 ՀՀ դրամը նույնպես յուրացրել է։ Եվս 1.826.667 ՀՀ դրամ էլ Ա. Խաչատրյանը յուրացրել է դրամարկղից փաստացի վերցնելու եղանակով:

Այսպիսով, յուրացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով` 18.575.344 ՀՀ դրամի գումար հափշտակելու համար Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter