
Երևան-Կիև օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիում. ուղեւորները սեփական միջոցներով պիտի հասնեն Երեւան
Կիևից Երևան ուղևորվող օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Վրաստանից ուղևորները հայտնում են, որ իջել են օդանավից, սակայն թռիչքը սպասարկող «Աերոսվիտ» ավիաընկերությունը որևէ փոխադրամիջոց չի հատկացնում իրենց, որպեսզի հասնեն Հայաստան, և յուրաքանչյուրն իր միջոցներով է փորձում Հայաստան հասնել:
Ավիաընկերության ներկայացուցիչներն «անհետացել» են, և նրանցից որևէ պարզաբանում այլևս չենք կարող ստանալ:
«Զվարթնոցի» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը հայտնեց, որ ինքնաթիռը երկու անգամ Թբիլիսիից թռել է Երևան և կրկին հետ վերադարձել: Ըստ խոսնակի` օդանավի անձնակազմին տեղեկացրել են եղանակային պայմանների մասին, և նրանք որոշել են վայրէջք չկատարել և նորից վերադարձել են Թբիլիսի:
Գևորգ Աբրահամյանի հավաստմամբ՝ «Աերոսվիտ» ավիաընկրության ներկայացուցչի նշած` «քաղաքական նկատառումների ելնելով» թռիչքը չթույլատրելու մասին օդանավակայանը տեղյակ չէ: Մինչդեռ նշենք, որ եղանակային պայմանների պատճառով դեռևս որևէ թռիչք չի հետաձգվել, Թբիլիսի-Երևան ուղևորվող Կիև-Երևան թռիչքից հետո ժամանել է Մոսկվա-Երևան չվերթը, և բոլոր օդանավերն էլ նորմալ վայրէջք են կատարում:
Երևանից Կիև ուղևորվողներն այժմ «Զվարթնոց» օդանավակայանում փորձում են լուծել իրենց թռիչքի հարցը, որոշ ուղևորներ փոխանակում են իրենց տոմսերն այլ ուղղություներով:
Մեկնաբանել