HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Кто такой этот потерпевший?...

Ռուս-վրացական Լարս անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը հետաքրքիր պարզաբանումներ տվեց: Նրա ներկայացմամբ՝ կուտակումների հիմնական պատճառը որոշակի ժամանակահատվածում Լարսի փակման մասին սովորաբար տրվող հայտարարության բացակայությունը, ձյան անսպասելի տեղումներն ու Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավի բացակայությունն էր:

- Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ակտիվ ջանքերի ու մեր ասոցիացիայի շնորհիվ կարողացանք հարցը լուծել: Այսօր ոչ մի խնդիր չկա,- ասաց Հ. Համբարձումյանը:

Վերին Լարսում շուրջ 20 օր անցակետում գիշերելու դատապարտված 120-150 հայ վարորդների մասին մամուլի անդրադարձներում երբևէ հիշյալ ասոցիացիայի մասին որևէ տեղեկության չհանդիպեցի: Նրանց մասին տեղյակ չէին նույնիսկ մեր խմբագրության հետ հեռախոսակապով տեղեկություններ հաղորդող վարորդները: Որտե՞ղ էր այդ ասոցիացիան այն ծանր օրերին, երբ հայ վարորդներն ամեն օր հայրենիքից օգնության էին սպասում, երբ մի տաք թեյն ի՞նչ էր՝ դա էլ ռուսներից էին ստանում: «Դե, գիտե՞ք ինչ, ռուսների կողմն էին կանգնած, ռուսներից էին օգնություն ստանում»: Իսկ այսօր, երբ դժվարությունները հաղթահարված են, երբ նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում հազիվհազ լուծվեց նաև Վերին Լարսի խնդիրը, պարոն Համբարձումյանը գովաբանում է իր ղեկավարած ասոցիացիայի, տրանսպորտի նախարարի ջանքերը: Նախագահի այցի մասին հիշեցնելուց հետո ասաց.

- Ինչ վերաբերում է նախագահի այցելությանը, ապա, իհարկե, նրա գնալուց առաջ թարսի պես ձյուն էր եկել, առատ տեղումներ էին, ու վարորդներին օգնել հնարավոր չէր: Եվ հետո, Ձեր ասածը ճիշտ է, նախագահի գնալը ճիշտ ժամանակին էր, այդ այցը մեծ ազդեցություն ունեցավ, թեև դրանով մենք զբաղվում էինք:

Բայց իմ «ասածը» բոլորովին այլ հարց էր. հնարավոր չէ՞ր խնդիրը լուծել նախքան ՀՀ նախագահի պաշտոնական այցը: Այդ հարցին, սակայն, պարոն Համբարձումյանը չպատասխանեց, շարունակ կրկնում էր, որ ձյան դադարից հետո քարշակներով բեռնատարներին տեղափոխել էին: Վերին Լարսում իր բեռնատարներին քարշակներով օգնող «Սպայկա» ընկերության մասին չցանկացավ խոսել՝ հորդորելով հետաքրքրող հարցերի մասով դիմել նրանց: Նախորդ հոդվածներից մեկում նշել էինք, որ հայ վարորդների ներկայացմամբ՝ ինչ-որ մարդիկ խոստացել են 800 դոլարի վճարով քարշակներով փոխադրել դժվարանցանելի 8-10 կմ հատվածը: Երբ Հ. Համբարձումյանին հարցրի այդ մասին, վերջինս պատասխանեց.

- Ինձ հայտնի է, որ մենք գործընթացը կազմակերպել ենք 220 դոլարով, թե ով ինչ է անում՝ ինձ հայտնի չէ: Մեր ասոցիացիայի միջոցով փոխադրումներն իրականացրել ենք 220-230 դոլարով:

Պարոն Համբարձումյանը աղմկահարույց Վերին Լարսի հարցում հերքեց քաղաքական ենթատեքստի առկայությունը. «Ի պատիվ վրացի մեր գործընկերների՝ պետք է ասեմ, որ նրանց կողմից արհեստական որևէ խոչընդոտ չկա»:

Հիմա արդեն չկա, գենաց վալե, որովհետև հայ վարորդները երկու օր առաջ դարձյալ մեկնել են, այս անգամ արդեն՝ Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավով:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter