HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան. «Շահագրգռված ենք, որ «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և հանրային կառավարում ուղղություններով: 

«Մեծապես կարևորում եմ «Թավիթյան» հիմնադրամի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետ համագործակցությունը: Հիմնադրամը բարձր հեղինակություն ունի Հայաստանում: ՀՀ կառավարության բարեփոխումներն ու ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք շահագրգռված ենք, որ հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, և ձեր ծրագրերը շարունակական բնույթ կրեն», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով, մասնավորապես, կառավարման համակարգի արդիականացման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, պետություն-մասնավոր գործակցության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը և այլն:

Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարձր գնահատականի համար՝ գոհունակությամբ խոսելով «Թավիթյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և Հայաստանից մասնակցող մասնագետների պատրաստվածության մասին: 

««Թավիթյան» հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը: Պատրաստ ենք շարունակել և ընդլայնել երիտասարդ մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնությունները», - նշել է Ասո Թավիթյանը: 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման տեսլականի և հեռանկարների շուրջ, կարևորել կրթության դերն առկա մարտահրավերները դիմագրավելու գործում և լայն աշխարհայացքով ու մտածելակերպով երիտասարդ մասնագետների պատրաստումը: 

Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր նոր ծրագրերն ու աջակցել դրանց իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter