HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կապ կա՞ Արարատի նախկին մարզպետին առաջադրված մեղադրանքի ու նախորդած բացահայտումների միջև

Նախորդ համարում «Դուշմանի փողե՞րն էին» վերտառությամբ հրապարակված հոդվածով ներկայացրել ենք Արարատի մարզպետարանում ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) կատարած բացահայտումների մի մասը: Ուշագրավ է, որ ՎՊ-ն իր վերահսկողությունն իրականացրել է 2011 թ. հունվարի 11-ից հունիսի 30-ը ժամանակահատվածում, իսկ դրանից կարճ ժամանակ անց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց իր վարույթում քննվող քրեական գործով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և պաշտոնեական անփութության համար հուլիսի 19-ին մեղադրանք առաջադրելու մասին:

Այժմ դեռ չգիտենք, թե նշված քրեական գործը կապ ունի՞ ՎՊ-ի կամ դրանից ավելի վաղ Արարատի մարզպետարանի շինարարական ծրագրերի նկատմամբ իրականացված ստուգումներով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կատարած բացահայտումների հետ. դա կփորձենք պարզել առաջիկայում: Այնուամենայնիվ, եթե կապ ունի, ապա բացահայտված բազմաթիվ խախտումների, չարաշահումների համար միայն նախկին մարզպետին մեղադրանք առաջադրելը կարծում ենք, ոչ միայն սխալ է ու անարդարացի, այլև հիմք կարող է հանդիսանալ եզրակացնելու, որ նշված չարաշահումները, խախտումները կատարած այլ անձանց քրեական պատասխանատվությունից պրծացնելու միտում կա:

Անդրադառնանք ՎՊ-ի կատարած այլ բացահայտումների: «Արտաշատի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների վերահսկողության ընթացքում արձանագրվել է 14522400 դրամի խախտում, որից 8262100 դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետբյուջե, իսկ 6260300 դրամը` ընկերություններին:

Արարատի մարզի պետական 112 հանրակրթական ուսումնական հաստատություններից ընդամենը 16-ի նկատմամբ իրականացված վերահսկողությամբ հայտնաբերվել են բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ, այդ թվում պարզվել է նաև, որ կատարվել է թվով 32 աշակերտի կրկնակի ֆինանսավորում` 1097200 դրամի չափով, որը, ըստ ՎՊ-ի, ենթակա է վերականգնման:

Ավելին, դպրոցներից 11-ում կատարվել է 4676900 դրամի անհիմն ծախս, որը նույնպես ենթակա է վերականգնման: Բացի դրանից` ուսումնասիրված դպրոցներում 2009-2010 թթ. գնումները կատարվել են առանց համապատասխան գնման գործընթաց իրականացնելու: Խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և ՀՀ կառավարության 2008 թ. հունիսի 5-ի թիվ 853-ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերի պահանջները:

Արարատի մարզում գործում է սոցիալական ծառայության տարածքային չորս գործակալություն` Արտաշատի, Մասիսի, Վեդու և Արարատի: Դրանցից առաջին երեքի վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են ընտանեկան նպաստի տրամադրման շուրջ 139 գործերի խախտումներ: Դրացից 34-ի պարագայում ընտանիքները կորցնում են նպաստի իրավունքը: Նշված խախտումների արդյունքում պետական բյուջեին պատճառված վնասի չափը, ըստ ՎՊ-ի, 9510500 դրամ է, որից ենթակա է վերականգնման 5446500 դրամը:

Վերահսկողութամբ պարզվել է նպաստառու ընտանիքների կողմից կենդանիների իրական թիվը թաքցնելու 11, հողերի իրական չափերը թաքցնելու 3, ընտանիքի կազմը սխալ ներկայացնելու 31 և ծածկագրերը ոչ ճիշտ կիրարկելու 4 դեպք: Նշված խախտումները հետևանք են նաև համայնքների ղեկավարների կողմից տրված սխալ տեղեկանքների, ինչպես նաև նշված գործակալությունների համապատասխան աշխատակիցների կողմից իրենց պարտականություններն այդ մասով չկատարելու:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Սոցիալական ծառայություների չարաշահունների միայն մի քանի տոկոսն են հայտնաբերել, թող գնան չարչու շորերը հագնեն և ժողովրդից հարցնեն , թե ինչքան են կաշառք տալիս , որ փարոս ստանան: Հետո ինչ է նշանակում վերականգնել, պետք է այդ մարդիկ գործից ազատվեն և քրեական գործ հարուցվի, դա նշանակում է կուտեմ կթալանեմ ,մեկա եթե բռնվեմ կվճարեմ ու կպրծնեմ կամ էլ ստուգողների հետ լեզու կգտնեմ......Ամոթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter