Արտասահմանից հյուրեր էին այցելել «Նուբարաշեն»
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Աշխատասենյակում համակարգչի դիմաց նստած գործ եմ անում, միջանցքից անծանոթ ձայներ եմ լսում, մեկը խոսում է, մյուսը՝ թարգմանում.
-Ներսում մեր ուսանողներից է, դասերն է անում:
-Բացե՛ք, նե՛րս մտնենք, թո՛ղ տեսնեն, - հրամայական ձայնից կռահում եմ՝ կամ պետի տեղակալներից է, կամ վարչությունից:
Անգլերեն խոսք եմ լսում. փաստորեն դրսից հյուրեր կան: Վարկյաններ անց ներս են մտնում Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի ներկայացուցիչները: Արտասահմանցի հյուրերին հպարտանալով ինձ են ներկայացնում, որպես ուսանողի և բանտային թղթակցի:
Ցույց են տալիս լուսավոր սենյակը, որտեղ երկաթե ճաղերն ավելի լայն-լայն են, ու պատուհանն անհամեմատ մեծ է, քան բանտախցերում: Հյուրերից մեկը հարցնում է՝ որքան ժամանակ եմ այս սենյակում լինում: Պատասխանում եմ՝ շաբաթվա մեջ 4 օր 3-ական ժամով: ԽԿԿ մյուս անդամը մոտենում է համակարգչիս և նայելով էկրանին`հարցնում՝ ինչ եմ անում:
-Կուրսային աշխատանքս եմ պատրաստում ցմահ ազատազրկման վերաբերյալ, - պատասխանում եմ ես և փոխադարձ հարց տալիս, - իսկ տեղյա՞կ եք, որ մինչ օրս Հայաստանում ոչ մի ցմահ ազատազրկված պայմանական վաղաժամկետ (ՊՎԱ) չի ազատվել, չնայած նրան, որ օրենքով սահմանված 20 տարվա շեմը 17 դատապարտյալ է անցել, ու արդեն 25 տարի բանտում գտնվողներ կան:
-Գիտենք, դա շատ ցավոտ խնդիր է, - ասում է ԽԿԿ ներկայացուցիչը:
-Համաձայն Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի 2014 թ-ի զեկույցի ցմահ ազատազրկվածները պահվում են անմարդկային պայմաններում:
Հյուրերն էլ երևի նկատեցին, որ բանտի և վարչության ներկայացուցիչները սկսեցին անհանգստանալ, քանի որ խոսակցությունը շեղվեց ոչ ցանկալի ուղղությամբ:
-Կուրսային աշխատանքս պատրաստելու ժամանակ ծանոթացա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ցմահ ազատազրկման վերաբերյալ մի շարք նախադեպային որոշումների, նաև ՄԱԿ-ի դիրքորոշմանը, համաձայն որոնց`ցմահ ազատազրկումը առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրատեսական հնարավորության`Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է, - մի պահ լռելուց հետո`ավելացրեցի, - Հայաստանում 2003 թվականից ցմահ ազատազրկումը որպես պատիժ մտցնելուց հետո`12 ցմահական է մահացել, որից 11-ը` նախկին մահապատժի դատապարտված: Ահա ձեզ իրական տեսարանը`մահապատիժը շարունակվում է կիրառվել այս կերպ:
Ծանր լռություն տիրեց աշխատասենյակում:
-Մենք այս հարցն անպայման կբարձրաձայնենք Հայաստանի կառավարության առջև,- ասաց պատվիրակության անդամը:
Մեկուսարանի պետի տեղակալն, ասես, փորձելով պաշտպանել կառավարությանը, խոսք վերցրեց.
-Գիտեք, արդեն քայլեր են ձեռնարկվում, որ օրենսդրական փոփոխություններ լինեն ՊՎԱ-ի վերաբերյալ, հուսով ենք, որ շուտով հնարավոր կլինի ցմահ ազատազրկվածներին ներկայացնել պայմանական ազատման:
Հյուրերը` ինձ, ես էլ նրանց հաջողություն մաղթեցինք: Վարչության ներկայացուցիչը մնաց ու մի փոքր առանձին զրուցեցինք:
Գիտե՞ք`ինչն է զարմանալի, համակարգում աշխատողների մեծամասնությունն առանձին-առանձին գրեթե միանշանակ համամիտ են, որ շատ բացթողումներ կան համակարգում և մասնավորապես`ցմահ ազատազրկվածների հետ կապված պետք է մի լուրջ քայլ արվի, որպեսզի օրենքները սկսեն գործել, բայց հասկանում եմ, որ ամեն մեկը վախենում է առանց «վերևից» հրահանգի իր աշխատանքն օրենքին համապատասխան կատարի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել