HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Քաղաքական գործիչներն ու պալատական արվեստագետները

Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը կգլխավորի անվանի կինոբեմադրիչ Ստանիսլավ Գովորուխինը: Պուտինն իր ընտրությունը կատարել է՝ հիմնվելով Գովորուխինի՝ իր խոսքերով, «սկզբունքայնության և կյանքի ճիշտ դիրքորոշում» ունենալու վրա: Իր հերթին կինոգործիչը (նա թե՛ կինոբեմադրիչ է, թե՛ սցենարիստ, թե՛ դերասան) հայտարարել է, թե «սրտանց կնվիրվի այս գործին», որն անգամ չէր անվանի «գործ», այլ ավելի շուտ՝ յուրատեսակ «ռեժիսուրա», սակայն չի կարող երաշխավորել, թե ճիշտ ընտրություն է կատարվել, քանի որ նման փորձ ինքը չունի:

Ըստ կանոնակարգի՝ նորանշանակ PR-շչիկը «չի տնօրինելու իրական ռեսուրսների ու գումարների, նա կարող է միայն որոշ քաղաքական կամ հրապարակային որոշումներ կայացնել»:

Ոմանց կարծիքով՝ իր այս ընտրությամբ Պուտինը ցանկանում է հենվել անցյալի գեղագիտական արժեքների վրա, օգտագործել բրեժնևյան դարաշրջանի հանդեպ կարոտախտային զգացումները, որոնք ուժեղ են հատկապես ավագ սերնդի ընտրողների մեջ: Դեռ հոկտեմբերին վարչապետի մամուլի քարտուղարը «նոր լճացման տարիների» քննադատներին պատասխանել էր, թե «Բրեժնևը մեր երկրի համար ոչ թե բացասական նշան է, այլ մեծապես դրական»: Իր հերթին, Պուտինը հակված չէ Բրեժնևի հետ համեմատվել, այլ նախընտրում է Շառլ դը Գոլի կամ Ֆրանկլին Ռուզվելտի հետ զուգահեռները:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված նույն բրեժնևյան դարաշրջանում կուլտային դարձած՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի հեղինակ, վարչակարգին հակադրվող, այլախոհ Վլադիմիր Վիսոցկու մտերիմ ընկեր, ելցինյան տարիներին, ավելի շուտ, ընդդիմադիր կեցվածք ունեցող Գովորուխինի՝ ոչ այնքան ժողովրդավար, չեկիստական անցյալով ներկայիս քաղաքական գործչին PR անելուն «սրտանց նվիրվելու» միտումը: Ի՞նչ է սա՝ հաշվա՞րկ, թե՞ քաղաքական նախասիրություն: Նման պահվածքով արվեստագետները շարունակո՞ւմ են նախկինի պես ընդունված լինել իրենց արվեստային շրջապատում ու հանրության մեջ:

Եվ եթե ասվածը տեղափոխենք հայաստանյան իրականություն (դե, էլ ի՞նչ ռուսաստանյան իրադարձություն, որ չզուգահեռվի մեր երկրի հետ), ապա նույն կերպ կարող ենք մի շարք հարցադրումներ անել: Ի՞նչ տվեց «ընկեր լեյտենանտի» և ուստա Մուկուչի անմոռանալի կեպարները մարմնավորած ժողովրդական դերասանին հարցը՝ ուղղված երկրի նախագահին, թե՝ «էս ընդդիմություն ա, ինչ զհարմար ա, Ձեզանից ի՞նչ ա ուզում»: Կամ բազմաթիվ երգիչ-շոումենների՝ վերջին տարիներին իշխող կուսակցության «տաք ուսը զգալու» ձգտումը:

Թե՞ կարելի է հիշել այն իրողությունը, որ Գոյան ու Մոցարտն էլ պալատական արվեստագետներն էին...

Գուրգեն Հայրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter