HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են խմելու ջրի հետ կապված հարցեր

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության պատվիրակությանը: Հայաստանի խմելու ջրի միասնական օպերատորի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ խմելու ջրի որակի և տևողության հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Անդրադառնալով ջրամատակարարման տևողության վերաբերյալ հարցին՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան Լըֆեն նշել է, որ Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինում 23,65 ժամ ցուցանիշի: Մյուս համայնքներում նույնպես ցուցանիշի բարելավում է գրանցվել, սակայն հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «Վեոլիա ջուր» ընկերության գործընկերներին ներկայացրել է խմելու ջրի որակի վերաբերյալ ունեցած տվյալները.

«Մենք արդեն ունենք Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ այս տարվա մարտ ամսվա տվյալներով: Այդ ցուցանիշները կփոխանցվեն նաև Ձեզ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով այդ տվյալները, ինչպես նաև՝ Ձեր կողմից ստանձնված պայմանագրային պարտավորությունները՝ հնարավորինս բծախնդիր և պահանջկոտ կլինեք հատկապես խմելու ջրի որակի բարելավման ուղղոված աշխատանքներում: Կոմիտեն, իհարկե, պատրաստակամ է աջակցել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ իր կարողությունների սահմաններում»,- նշել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով Աէրացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման խնդրին՝  Քրիստիան Լըֆեն տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունը նամակով դիմել է գլխամասային «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությանը: Ակնկալվում է, որ մայիսի 25-ին ֆրանսիական ընկերությունը կներկայացնի կայանի շահագործման վերաբերյալ իր առաջարկները, որից հետո քննարկումներ առավել առարկայական կդառնան:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը գործընկերներից հետաքրքրվել է բաժանորդների հետ պայմանագրերի  վերակնքման գործընթացի վերաբերյալ և տեղեկացրել, որ հարցը քննարկվել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ: Ա. Հարությունյանը հորդորել է հնարավորինս արագացնել գործընթացը՝ սպառողների համար ապահովելով առավել հարմար պայմաններ:

Մանրամասնորեն քննարկվել է նաև ընկերության կողմից իրականացվելիք Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը (ՊԿԱԾ): Առաջարկվել է, որպեսզի իրականացվող աշխատանքները ծրագրվեն՝ ըստ պայմանագրային դրույթների և ունենան գույքի բարելավման շեշտադրում:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ընդլայնված կազմով քննարկումները դարձնել պարբերական՝ ամենշաբաթյա կտրվածքով, ընթացիկ խնդիրների կարգավորումն ու գործընթացներն արագացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter