Գյումրու քաղաքապետարանը որոշեց ամեն տարի «մրցույթ» կոչված «գլխացավանքը» փոխարինել նորաստեղծ ՀՈԱԿ-ով
Կառավարության կայացրած որոշման համաձայն` համայնքներում կոմունալ ծառայությունների իրականացումը մրցութային կարգով հանձնվելու է մասնավոր կազմակերպություններին: Գյումրու քաղաքապետարանը, որ 2012 թ-ից այդ աշխատանքներն իրականացնում է կոմունալ բաժնի միջոցով` նման տարբերակը համարելով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպման եւ գումարների տնտեսման առումով, որոշել է գնալ այլ ճանապարհով եւ ստեղծել ՀՈԱԿ:
Ամեն տարի մրցույթ հայտարարելու փոխարեն սեփական ենթակայության հիմնարկ ունենալը Գյումրու քաղաքապետարանում համարել են ձեռնտու տարբերակ: Նորաստեղծ համայնքային ընկերություն տեղափոխվելու են քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, պահպանվելու է նաեւ ֆինանսավորման չափը:
Այսօր կայացած ավագանու նիստի ժամանակ միաձայն հաստատվեց «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը: Ավագանու անդամներին ներկայացվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Մկրտչյանը, ով հրավիրված էր մասնակցելու նիստին:
Նորաստեղծ ՀՈԱԿ-ի տրամադրության տակ է անցնում մոտ 265 մլն 897 հազար դրամի արժողության գույք: Հաստիքացուցակը եւս համեստներից չէ՝ 337 աշխատակից: Աշխատավարձի ֆոնդը տարեկան կազմելու է 347 մլն 873 հազար դրամ: Տնօրենի աշխատավարձը սահմանված է 205 հազար 800 դրամ, ամենացածր աշխատավարձի սանդղակը սահմանված է 77 հազար 905 դրամ: ՀՈԱԿ-ը Գյումրու վարչական տարածքում իրականացնելու է աղբահանություն, սանիտարական մաքրում, բարեկարգում, կանաչապատում եւ այլն: Համագործակցելու է համայնքային ենթակայության «Բարեկարգ քաղաք», «Հավերժ հիշատակ», «Տիմ-շին» ՓԲԸ-ների եւ «Գյումրու զբոսայգիներ եւ պուրակներ» ՀՈԱԿ-ի հետ:
Ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի` նորաստեղծ ՀՈԱԿ-ը հնարավորություն կտա ավելի շատ գումարներ տնտեսել, քան նախկինում: Քաղաքապետարանն այդ փորձն ունի, երբ 2013 թ-ին, խզելով պայմանագրերը աղբահանություն իրականացնող 4 կազմակերպությունների հետ, որոշեց այն իրականացնել սեփական ուժերով ու միջոցներով՝ տնտեսելով շուրջ 70 մլն դրամ:
Ընդամենը կես ժամ տեւած ավագանու նիստին քննարկվեց եւս 15 հարց: Որոշվեց 50 հազարական դրամ հատկացնել բազմազավակ երկու ընտանիքի. Արմինե Սարգսյանի ընտանիքում ծնվել է 8-րդ, իսկ Նարինե Կարապետյանի ընտանիքում` 6-րդ երեխան: Ավագանու անդամներից մի քանիսն առաջարկեցին կրկնապատկել գումարը, սակայն քաղաքապետն առարկեց՝ խնդրելով այս պահին բավարարել ներկայացված գումարը, քանի որ նախորդ օրը Մուշ 2/2 թաղամասում գազի պայթյունից տուժած ընտանիքին եւս դրամական աջակցություն պետք է ցուցաբերվի: Սոցիալապես անապահով 139 ընտանիքի ավագանու որոշմամբ կհատկացվի 10 հազարական դրամ. այդ նպատակով բյուջեից առանձնացվեց 1 մլն 400 հազար դրամ:
Ավագանու այս նիստին եւս, ինչպես եւ նախորդներին, շարունակում են չմասնակցել ԳԱԼԱ-ից, ԲՀԿ-ից եւ ՀՎԿ-ից ընտրված ավագանու անդամները: Նիստի ավարտին քաղաքապետ Սամվել Բալասանյանը կրկին հետաքրքրվեց, թե ինչու չեն գալիս «ընկերները»: Դահլիճից ինչ-որ մեկը վստահեցրեց, որ ավագանու բոյկոտող կազմը հունիսին կայանալիք ավագանու նիստին անպայման կմասնակցի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել