Վանաձորի բնակիչ․«Երեխաներին զրկում են բակից»
Գայանե Սարգսյան
Վանաձորի կենտրոնում գտնվող շենքի բնակիչները քաղաքապետարանին մեղադրում են 12 տաղավար կառուցելու նպատակով բակը տարբեր անձանց օտարելու համար:
Վանաձորի կենտրոնում՝ շուկայի հարևանությամբ գտնվող Լազյան 45 և Գր. Լուսավորիչ 52 շենքերի բնակիչներն այսօր դուրս էին եկել բակ՝ բողոքելու Վանաձորի քաղաքապետարանի` դեռ 2000-ականների սկզբին կայացրած որոշման դեմ: Ըստ թաղամասի բնակիչների` Վանաձորի քաղաքապետարանը Լազյան 45 շենքի բակը, որը հանդիսանում է նաև հարակից շենքերի համար միակ խաղահրապարակը, օտարել է տարբեր անձանց՝ տաղավարներ կառուցելու համար:
Թեև դա արվել է շուրջ 15 տարի առաջ, սակայն բնակիչների բողոքի ակցիաներն ակտիվացել են հատկապես վերջին շրջանում, երբ տեղեկացել են, որ քաղաքապետարանը նախորդ տարեվերջին տարածքի սեփականատերերից մեկին շինարարության թույլտվություն է տվել:

Սեփական ուժերով բակը բարեկարգած, բնակիչների ու երեխաների հանգստի համար պայմաններ ստեղծած քաղաքացիներն այսօր մտահոգված են, որ առաջին շինթույլտվությանը կարող են հաջորդել մյուսներն ու խաղահապարակից ոչինչ չի մնա:
«Խոսակցության թեմա է գնում, որ մեկը եկել է, էս տարածքը առել է, պատկերացնում ե՞ս, ու հիմի թույլ չի տալիս, որպեսզի էս երեխեքը ստեղ խաղան, մեծանան, իրենց հայ հողի վրա աճեն, զարգանան: Եկել էս պետական հողին տիրացել են, առել են: Վիճաբանությունը գնում է դրա համար, որ երեխանց համար տեղ չունեն էս շենքը»,- բացատրում է Բագրատ Սարգսյանը:
«Ես 49 տարի ապրում եմ էս շենքում: Էս երեխեքը իջնում են, խաղում են, ես էլ մեծ կնիկ եմ, գնում էի քաղաքապետարանի դուռը նստում, հիմի իմ դուռն եմ նստում: Հազիր լավ սարքել են, կոպեկ են հավաքել, իրանց երեխեքի հըմար սարքել են, էս նստարանն էլ, ապրի արևները, դրել են, գալիս եմ նստում, իմ դռնից ուրիշ տեղ չեմ գնում: Հիմա ժողովրդի անդորրը խախտվել ա: Ամբողջ օրը խոչընդոտ, ժողովրդի մեջ լարվածություն...»,- ստեղծված իրավիճակն է ներկայացնում բնակիչներից 80-ամյա Ջեմմա Սահակյանը:

«Երեխեքին խաղալու տեղ չունեն, որտե՞ղ պիտի խաղան: Էն կողմը միլիցիան ա, ստեղ հայաթ ա, էն կողմն էլ շոշն ա: Էսքան տեղն ա մեզ մնացել,- բնակիչների դժգոհությունն է փոխանցում բնակիչներից Էլգուջ Շահբազյանն ու ցույց տալիս կուտակված քարակույտը,- վաճառված ա, որ վաճառած չլնեին, չէին գա սենց ռիսկով իրանց հմար գործ անեն: Էսա, քարեր ա կիտում, որ ինչ-որ շինարարություն անի»:
Բնակիչների ու տաղավարի սեփականատիրոջ տարածքի մաքրման աշխատանք իրականացնողների միջև հերթական վիճաբանությունը գրանցվել է երեկ: Տարածքի սեփականատերերից մեկը երեկ բեռնատար է ուղարկել շենքի բակ, որպեսզի բանվորներն իր տարածքը մաքրեն ու շինարարական աղբը հեռացնեն: Բնակիչները թույլ չեն տվել դա անել:
«Մենք կմաքրենք, մենք կսարքենք, մեր երեխեքը կխաղան: Շինարարություն չենք թողալու: Ստեղ ի՞նչ շինարարություն: Շենքի մյուս կողմում մեքենաների ստայանկեքն ա, խաղալու տեղ չկա, ստեղ էլ որ բազար սարքեն, բա մեր երեխեքն ի՞նչ անեն: Չենք թողնելու: Պիտի գամ կանգնեմ: Կարող ա՞ տրակտորը գա վրովս քշի»,- վրվովվում է Աշոտ Սարդարյանը:
Հարցի իրավական կողմին անդրադառնալով` բնակիչներից Կոնստանտին Խաչատրյանը առաջ է քաշում տարածքի ապօրինի օտարման հարցը:
«Խախտվել են «Հողային օրենսգրքի» 60-րդ ու «Քաղաքացիական օրենսգրքի» 224 հոդվածը: Շենքը համարվում է բնակիչների ընդհանուր սեփականությունը: Շենքից ոչ ոք թույլտվություն չի տվել, որ իր բակը օտարեն, 12 հոգու վրա ծախեն: Այստեղ եթե մի շինարարություն սկսվեց, մեկը մյուսից հետո պիտի աճեն, ինչպես սնկերը անձրևից հետո: Դրանով փաստացի իրենք ժողովրդին զրկում են խաղահրապարակ ունենալուց»:

Վերը նշված երկու շենքերի համատիրությունների նախագահները այս տարվա մարտի 23-ին բնակիչների խնդիրը գրավոր տեսքով ներկայացրել են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին` խնդրելով օգնել վերականգնել արդարությունն ու բակը վերադարձնել բնակիչներին: Դիմումին ի պատասխան` Մ. Ասլանյանը մարտի 27-ին պատասխանել է. «Ձեր կողմից բարձրաձայնված խնդիրը հանդիսանում է հողային վեճ և ՀՀ «Հողային օրենսգրքի» 114 հոդվածի համաձայն ենթակա է լուծման դատական կարգով»:
«Քաղաքապետարանն ասում է՝ հողային վեճեր են, պետք է այդ հարցը դատական կարգով լուծվի, բայց միևնույն ժամանակ քաղաքապետարանը շինարարության թույլտվություն է տվել տարածքի սեփականատերերից մեկին»,- դժգոհում է Կ. Խաչատրյանը:
2016թ.-ի նոյեմբերի 9-ին 20 քմ տարածքով տաղավարի կառուցման համար շինարարության թույլտվություն է ստացել Լազյան 45/1 հողամասի սեփականատեր Հովհաննես Հայկազի Եղիազարյանը, ով հանդիսանում է Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ: Վերջինիս անվամբ գույքը գրանցվել է 2016թ.-ի հոկտեմբերի 31-ին:
![]() |
![]() |
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի խոսքով` նշված շենքերի միջնամասում գտնվող տարածքը քաղաքապետարանի կողմից օտարվել է 15-16 տարի առաջ: Ընդհանուր առմամբ օտարվել է 12 տարածք՝ յուրաքանչյուրը 20 քմ տարածքով: Ավելի ուշ նշված տարածքը քաղաքի գլխավոր հատակագծում ներառվել է որպես հասարակական կառուցապատման գոտի:

«Այն ժամանակ, երբ օտարվել է, դրանից հետո մշակվել է Վանաձորի նոր՝ գլխավոր հատակագիծը, որը հաստատվել է համայնքի ավագանու կողմից 2013-2014թթ.: Գլխավոր հատակագծով այդ հատվածը, որտեղ հիմա բնակիչները խաղահրապարակի դետալներ են տեղադրել, ներառված է որպես հասարակական կառուցապատման գոտի: Այսինքն, այն ներառվել է գլխավոր հատակագծում այդպես և հաստատվել ավագանու կողմից»,- նշում է բաժնի պետը:
Ինչ վերաբերում է 2016թ.-ի նոյեմբերին տարածքի սեփականատերերից մեկին՝ Հովհաննես Հայկազի Եղիազարյանին շինթույլտվություն տալուն, Սուրեն Աբովյանի մեկնաբանությունն այսպիսին է. «Այդ հատվածում սեփականություն ունեցող մարդիկ իրավունք ունեն դիմել համայնքի ղեկավարին, սահմանված կարգով ներկայացնել փաստաթղթեր ու ստանալ շինթույլտվություն, և մենք մերժելու հիմք չունենք: Այլ հարց է, որ բնակիչները գտնում են, որ ոտնահարվել են իրենց իրավունքները, օտարվել է հողը, որը պետք է չօտարվեր... Դա արդեն հանդիսանում է հողային վեճ: «Հողային օրենսգրքի» 113, 114 հոդվածներով նախատեսվում է, որ հողային վեճերը պետք է լուծվեն դատական կարգով, եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում: Այսինքն՝ մինչև իրենք չդիմեն դատարան, մինչև դատարանի վճիռ չլինի, որ դա ապօրինի կերպով է օտարվել, համայնքապետարանը այդտեղ շինթույլտվություն չտալու ոչ մի իրավասություն չունի»:
Այդուհանդերձ, Ս. Աբովյանը չի բացառում բնակիչների կողմից շրջանառվող օրենքի խախտմամբ հողի օտարման վարկածը:
«Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով բակը համարվում է հանրային օգտագործման տարածք, իսկ թե ո՞նց է օտարվել, չեմ կարող ասել: Պետք է ուսումնասիրենք, թե հողային օրենսգիրքը այդ թվականին ինչպես է գործել, բայց եթե նշված է եղել, որ հանրային տարածք է ու օտարվել է, խախտում կարող է լինել»,- ասում է նա:

Բակը որպես հանգստի գոտի ու խաղահրապարակ օգտագործելու համար բնակիչները պատրաստ են դիմել նաև դատական ատյաններին, եթե խնդիրը կարգավորելու այլ տարբերակ չմնա:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել