HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խոշորացվող սահմանամերձ համայնքների ապագա կարգավիճակն անհայտ է

Առաջիկայում Հայաստանում սպասվում է համայնքների խոշորացման նոր՝ ավելի մեծ ալիք, որին միանշանակ գնահատական տալը մեղմ ասած դժվար է: Հատկապես, որ դեռեւս չկա մոտ մեկ տարի առաջ խոշորացված համայնքների զարգացման հաջողությունների կամ խնդիրների համապատասխան վերլուծություն:

Այս անգամ, ըստ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագծի, 380 համայնքներից ձեւավորվելու է 31 համայնք:

Մի քանի օրինակ բերեմ. Ապարան քաղաքին է միանալու թվով 20 համայնք: Իսկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղը լինելու է 22 բնակավայրերից ձեւավորված համայնքի կենտրոն:

Վարդենիս քաղաքին կմիանա 21 համայնք, Ճամբարակ քաղաքին՝ 15, Տաշիր քաղաքին՝ 19 գյուղական համայնք, Ստեփանավանին՝ 16: Սիսիան քաղաքը կլինի 30 բնակավայրերից ձեւավորված համայնքային կենտրոն, Կապանը՝ 32 բնակավայրերից ձեւավորված համայնքային կենտրոն, Բերդը՝ 17, Իջեւանը՝ 19:

Երկու տասնյակ եւ ավելի բնակավայրերով ձեւավորվող համայնքների թիվը շատ է:

Եթե դիտարկում ենք Իջեւանի օրինակը, ապա իրար միացող 19 համայնքների բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ 40 հազար: Միմյանցից ամենահեռու գտնվող Գանձաքար եւ Կիրանց բնակավայրերի միջեւ հեռավորությունը 35 կիլոմետր է: Ամեն համայնք ունի իր առանձնահատկությունները, առանձին խնդիրը:

Ավելին, այս փնջի մի քանի համայնքներ կառավարության կողմից ստացել են սահմանամերձ համայնքի կարգավիճակ եւ որոշակի ֆինանսական արտոնություններ ունեն: Մյուսները չունեն:

Այսօր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում կայացած մամլո ասուլիսում նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու սահմանամերձ համայնքների արտոնյալ կարգավիճակի հետ: Խոշորացված համայնքի բոլոր բնակայրերը կդառնան արտոնյա՞լ, թե՞ հակառակը՝ սահմանամերձերը միավորվելով, օրինակ, Իջեւանի կամ Գանձաքարի հետ, որոնք սահմանամերձ չեն համարվում, կկորցնեն արտոնյալի իրենց կարգավիճակը:

Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը դեռեւս հստակեցված չէ: «Նոյեմբերյան խոշորացվող համայնք ձեւավորելիս մենք Նոյեմբերյան քաղաքին տվեցինք արտոնյալ կարգավիճակ, որն ունեին այդ փնջում ներառված որոշ գյուղական համայնքներ: Սակայն առաջիկա խոշորացվող համայնքների պարագան դեռ չի քննարկվել: Սա մեկ ընդհանուր քննարկման խնդիր է, ֆինանսական հարց կա այստեղ:

Բայց որ տվյալ համայնքը ընդհանուր արտոնությունների սխեմա կունենա, որպեսզի մեխանիզմը աշխատի ողջ տարածքում, միանշանակ է»,-ասաց Դավիթ Լոքյանը:

Դավիթ Լոքյանն իր ասուլիսում չնայած նշեց, որ համայնքներում կառավարման խնդիր կա, ավելին՝ վերջերս համայնքների ղեկավարների համար մշակվել եւ հրատարակվել է կառավարման մեթոդական ձեռնարկ, նաեւ սովորեցնում են համայնքի զարգացման պլան մշակել եւ այլն: Այս ֆոնին համայնքների ղեկավարներին այսպես ասած ծանրաբեռնել 20-30 բնակավայրերի կառավարմամբ՝ նշանակում է համայնքների ղեկավարներին, ավագանիներին վերագրել գերմարդկային հնարավորություններ: Ի՞նչ արդյունք է ակնկալում Դավիթ Լոքյանը ապագա կառավարումից՝ «Հետք»-ի հարցին նախարարը պատասխանեց.

«Ինչպես գիտեք, ամեն բնակավայրում ունենք համայնքի ղեկավարի վարչական ներկայացուցիչ: Հիմա օրենքով մեծացնում ենք վարչական ներկայացուցիչների լիազորությունները, որպեսզի ինքը դառնա հիմնական քաշող ուժը: Իսկ համայնքային կենտրոնը պիտի դառնա ծրագրերի, ֆինանսների, մնացած ընդհանուր ուրվագծային խնդիրները կառավարող»:

Նախարարն ինքը կողմնակից է մինչեւ 20 հազար բնակչություն ունեցող կլաստերների ձեւավորմանը: Պատմեց, որ կառավարությունը նախապես մտադիր էր Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը մեկ փոնջով խոշորացնել, իսկ երկրորդ փնջում միավորել Իջեւան քաղաքի հարակից գյուղերը, սակայն, նրա խոսքով, համայնքների «բացարձակ մեծամասնությունը» չի ցանկացել երկու կենտրոնով խոշորացման գնալ, հակառակը՝ ցանկացել է Իջեւան քաղաքի հետ մեկ շրջանի մեջ մտնել: Ես ինքս որպես քաղաքացի, առաջին փուլի համար կողմնակից եմ ոչ մեծ՝ մինչեւ 20 հազար բնակչության հասնող կլաստերների ձեւավորմանը: Կոտայքի մարզում ունենք մինչեւ 10-15 հազար բնակչությամբ կլաստերներ: Բայց պատկերն առայժմ այդպիսին է»:

Դավիթ Լոքյանը ասուլիսում խոսեց համայնքների զարգացման տարբեր ծրագրերից, այդ թվում՝ զբոսաշրջային: «Հետք»-ի դիտարկմանը, որ քանի տարի է խոսվում է Դիլիջանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին, սակայն համայնքի ճանապարհները խայտառակ վատ վիճակում են, բնակիչների կյանքն էլ էապես չի փոխվել, նախարարը պատասխանեց, որ նախորդ տարիներին ֆինանսական խնդիր կար, հիմա կլուծվի:

«Ուրեմն ճի՞շտ են այն պնդումները, որ խոշորացումն իրականացվում է դրսից ներդրումներ բերելու նպատակով, եւ ոչ թե կառավարման մոդելի փոփոխության խիստ անհրաժեշտության կար»՝ «Հետք»-ի հարցին Լոքյանը պատասխանեց.

-Բացարձակ ճիշտ չէ։ Ներդրումները խթանող նշանակություն ունեն, դրանք կարեւոր են: Ունենք արդեն խոշորացված համայնքներ, որոնք դեռեւս ֆինանսական ներդրումներ չեն ստացել, բայց իրենց միջոցներով ծրագրեր են իրականցրել:

Նշենք, որ վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքներում նախատեսվում է իրականացնել, իսկ որոշ համայնքներում արդեն իրականացվում են ներդրումային ծրագրեր՝ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ:

ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի 8,6 միլիոն ամերիկյան դոլարի, իսկ Շվեյցարական դաշնային զարգացման գործակալությունը՝ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Մեկնաբանություններ (1)

Սահակ Գրիգորյան
Ըստ ամենայնի, այդ մեծադղորդ պաշտոնյաները, միանգամայն ավելորդ լինելով, իրենք իրենց համար լուրջ ,,գործ,, (գործի տպավորություն) են ստեղծում: Առանց ծանրակշիռ հիմնավորումների, նրանք միացումներ ու բաժանումներ են կատարում, խեղճ գյուղացիների գլին նոր հոգսեր դնելով: Միթե պարզից էլ պարզ չէ, որ նման միացումները միայն արագացնում են բնակավայրերի ամայացումը: Այդպիսի լեցուն օրինակներ կան, սկսած խորհրդային ժամանակներից, որոնք բերել են միայն դժգոհության ու բացասական հետեւանքների: Ուրեմն ինչու՞ է այս չարաղետ գործընթացը առաջ մղվում համառորեն: Սա մեծ, անհասկանալի հարց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter