
Հրազդան գետի ջուրը փորձաքննության է ենթարկվում
«Ֆեյսբուք»-յան օգտատեր Վահե Ավետիսը իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որում Հրազդան գետի մի հատված փրփուրանման զանգվածով է պատված:
«Հետք»-ի հետ զրույցում Վահեն ասաց, որ լուսանկարներն արել է առավոտյան 09:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում, որում Շենգավիթ վարչական շրջանով հոսող հատվածն է պատկերված, մասնավորապես` Երրորդ մասում ավելի հայտնի «Ղռերի փոս»-ը:
Վահեն կասկածներ ունի, թե փրփուրանման զանգվածը որտեղից է հայտնվել գետում, սակայն այս պահին չի ցանկանում դրանց մասին բարձրաձայնել' պատճառաբանելով, որ աշխատանքներ են տարվում դրանք հստակեցնելու ուղղությամբ:
Բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը մեզ փոխանցեց, որ գետում' փրփրանման զանգված երեկ ձկնորսներից մեկն է նկատել և զանգահարել է նախարարություն: Մասնագետները գնացել, նմուշառել են ջուրը, որպեսզի լաբորատոր փորձաքննության ենթարկեն, որի արդյունքների մասին դեռևս տեղյակ չեն:
Նրա փոխանցմամբ' նման ահազանգ Շենգավիթի բնակիչներից կրկին մեկ շաբաթ առաջ էին ստացել: Այդ տարածքով հոսող ջրի երեք նմուշ ենթարկել էին լաբորատոր փորձաքննության և պարզել, որ ջրի կազմում քիմիական կազմի էական փոփոխություն չկա, ենթադրվում է, որ այն եղել է վարարման արդյունքում, քանի որ եթե ջրում փրփուր լցված լիներ, կենդանական աշխարհը վնասված կլիներ, որի փաստ չի արձանագրվել:
Լուսանկարը` Վահե Ավետիսի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել