«Մարտադաշտից դուրս գալուց հետո դու դառնում ես մեկը, ով ցանկացած պահի պատրաստ է հայտնվել էնտեղ, որտեղ քո կարիքը կա»,- պատմում է Շուշիի ազատագրման մասնակիցը
Պատմում է Շուշիի ազատագրման հերոսամարտի մասնակից, Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը։
1992-ի գարունն էր. Շուշիի ազատագրումը օրախնդիր հարց էր, այսինքն՝ հետաձգումն արդեն հավասարազոր էր պարտության, քանի որ օր օրի սաստկանում էր ճնշումը Շուշիի կրակակետերից շրջակա հայկական բնակավայրերի՝ Ստեփանակերտի և գյուղերի վրա: Կրակում էին ալազանով, գրադով, թնդանոթներով և մահ ու ավերածություն էին փռում շուրջբոլորը: Չազատագրել Շուշին նշանակում էր հաշտվել պարտության հետ: Այս գիտակցումով էլ սկսվեց արցախյան գոյամարտի ամենահետաքրքիր, ամենաարժանահիշատակ դրվագներից մեկի՝ Շուշիի մայր ամրոցի ազատագրման պատրաստությունը:
Շուշիի ռազմագործողությանը նախորդեցին Քարին Տակի հերոսամարտը հունվարի 26-ին, Ասկերանի պաշտպանությունը, Ստեփանակերտի արվարձաններում գտնվող ադրբեջանաբնակ Նաբիլյար, Ղուշչուլյար գյուղերի՝ ազատագրումը, Խոջալուի ազատագրումը՝ փետրվարին, որի դեպքերի շուրջ ահագին վայրահաչոցներ եղան ադրբեջանական մամուլում: Եվ արդեն մայիսի սկզբին նախատեսված էր Շուշիի ազատագրումը: Ձյուն տեղաց մայիսի սկզբին: Ստիպված եղանք մեկ շաբաթով հետաձգել: Ու քանի որ Վազգեն Սարգսյանը խոստացել էր, որ եթե Շուշին ազատագրենք, ինքը կամուսնանա, այս ռազմագործողությունն անվանվեց «Հարսանիք լեռներում»:
Մենք գիտեինք, որ ռազմագետների կարծիքով խենթ ռազմագործողություն էր: Հաշվի առնելով Շուշիի աշխարհագրական բարձր դիրքը՝ այն ազատագրելը կարող էր լինել միայն ուժերի՝ չորսը մեկի հարաբերությամբ, որ չկար. պետք է լիներ տեխնիկայի գերակշռություն և մարդկային ուժի գերակշռություն… չկար: Առաջին հայացքից անհնարին էր թվում Շուշիի ազատագրումը:
Բայց Արկադի Տեր-Թադևոսյանի նախագծմամբ մեր մարտիկները, որոնց թվում և ես Շոշի ջոկատում, հարավարևելյան ուղղությամբ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը չորսին արդեն գնում էինք դեպի ելման դիրքեր, որպեսզի նախապատրաստվենք ակացիաների մոտ (այդ վայրը կոչվում է Հարամ Ջուրի ուղղություն, քանի որ Շուշիի կեղտաջրերն էդտեղով էին թափվում):
Ես կնկարագրեմ հարավարևելյան ուղղությունը, քանի որ էդտեղ էի, բայց ասեմ, որ ճանապարհի մոտից էլ էին հարձակվում, Շուշիի արևմտյան՝ թիկունքային մասից էլ էին հարձակվում, մենք պահում էինք նաև Հայաստանից մտնող ճանապարհը, որպեսզի հակառակորդին օգնության չհասնեին, այդդ ուղղությամբ Սամվել Բաբայանն էր ղեկավարում, Քյոսալարի ուղղությամբ էլ Սեյրան Օհանյանն էր, որի ջոկատների խնդիրն էր՝ էնպես անել, որ ադրբեջանցիները Շուշիից օգնական ուժեր քաշեին Քյոսալար, և էստեղ մեզ համար հեշտ լիներ: Այսինքն, ամեն բան արդեն կազմակերպված էր, և մենք լուսաբացին գտնվում էինք ակացիաների մոտ:
Ամբողջ շարժը զուգակցվում էր մեր հրետանու ինտենսիվ հրետակոծությամբ, որպեսզի հակառակորդը խուճապի մատնվի և ելման դիրքերից հետ գնա: Մեր հատվածում դա էդպես էլ եղավ. քանի որ մեր հիմնական թիրախը պարսպի իրենց կրակակետերն էին, նրանք հետ քաշվեցին, և քանի դեռ մեր հրետանին աշխատում էր, մենք անարգել հասանք ակացաների մոտ, շղթա կապեցինք և արդեն սկսեցինք բարձրանալ: Կապվեցինք մեր հրետանու հետ, որպեսզի դադարեցնի կրակը՝ սխալմամբ արկ չգցի մեզ վրա: Սակայն դրանից հետո թուրքերը, քանի որ մեր հրետանին արդեն չաշխատեց, եկան իրենց ելման դիրքերը՝ պարսպի վրա, իսկ մեզնից ոմանք արդեն պարսպի տակ էին, որոշ մասը, որոնց թվում՝ ես, մի տասնհինգ- քսան մետր հեռու, մնացածներն՝ ավելի հեռու: Եվ այս դիրքում արդեն սկսվեց մարտական փոխհրաձգությունը:
Ես հայտնվել էի մի քարի հետևում՝ շատ բարենպաստ դիրք էր. Շուշիի հիվանդանոցից եկող կրակը պահում էր այդ քարը, և քարի հետևում ես արդեն դիրք էի բռնել, երբ հետևից մեկ էլ իմ համադասարանցի, մանկության ընկեր Իսահակը կանչում է, թե՝ պահի՛ր կրակը, հիվանդանոցից եկող կրակակետի վրա աշխատիր, որպեսզի ես կարողանամ անվտանգ հասնեմ քեզ մոտ: Ես կատարում եմ նրա խնդրանքը, և նա անվտանգ հասնում է իմ մոտ, մի քիչ շնչառությունը վերականգնում, ծխում, հիմա ասում է՝ պահիր, անցնեմ, էլի: Ու էդտեղ մեր միջև սկսվում է վիճաբանություն, քանի որ այդ պահին գտնվում էինք պարսպից տասնհինգ-քսան մետր հեռավորության վրա, և յուրաքանչյուրս էլ ձգտում էր րոպե առաջ հասնել, մտնել Շուշի, գրավել, ձգտում էինք իրար գերազանցել մարտական ոգով, հերոսությամբ, խիզախությամբ, և բնականաբար, այդ առաջարկությունը ես չեմ ընդունում:

«Ո՞նց, ես պահել եմ, դու եկել ես, հիմա էլ պիտի պահեմ, դու անցնե՞ս… այսինքս՝ դառավ, որ իմ գլխով անցար»,- իսկ դա արդեն շատ վիրավորական էր էն ժամանակ. ես քսաներեք տարեկան էի: Ասում եմ՝ չէ, Իսահակ, էդպես չի լինի, եղբայր, ես պահել եմ, դու եկել ես, հիմա էլ դու պիտի պահես, ես անցնեմ: Նա էլ չի ուզում զիջել, ու երկու երիտասարդ՝ թիկունք թիկունքի տված ադրբեջանիցների ուղղությամբ կրակելով՝ մի ահագին ժամանակ իրար «կոկորդ ենք կրծում»:
Շուշին թվում է տաս վայրկյանի հեռավորության վրա ու մտքում նորից ու նորից վազում ենք էդ երազանքի տաս վայրկյանն ու տեր դառնում հաղթանակի: Իսկ իրականում կանգնել՝ իրար համոզում ենք, թե ով պիտի առաջինն անցնի էս քանի մետրը, ով՝ երկրորդը: Վերջը՝ ես իրեն համոզում եմ. ինքը պահում է կրակը, ես անցնում եմ հաջորդ քարի հետևը՝ մի տաս մետր առաջ: Ապահով անցնում եմ, դիրքավորվում, և արդեն ես եմ պատրաստվում, որպեսզի ինքը գա: Տաքացել ենք. շտապում ենք. Շուշիի բաղձալի գրավումը մի քայլի վրա է թվում:
Աշխատում ենք պարսպի՝ մեզ վրա աշխատող հատվածի վրա. թվում է, թե ամեն ինչ ճշգրիտ անենք՝ ես պահեմ, ինքն անցնի, ինքը պահի, ես անցնեմ շուտով մեր հաղթանակը նվաճելու ենք… Ու էդ պահին մեզնից աննկատ… պարսպի հակառակ կողմից ելած հակառակորդը համարյա մեր թիկունքից խոցում է Իսահակին. տեսնում եմ՝ Իսահակը ընկավ: Ընկավ, նայում եմ, շրջվում է, որ մտնի քարի հետևը, գնդացրորդը խոցում է հիվանդանոցի մոտից. և հիմա մի քանի վայրկյանի ընթացքում երկու տեղից վիրավոր արդեն արյան մեջ թավալվում է քարի մոտ: Մի ձեռք մեկնելու չափ մոտ նպատակակետիս՝ մեջք եմ դարձնում անմիջապես, ինքս ինձ պահելով հետ դառնում իր մոտ:
Երկու տեղից վիրավոր է, իրեն քաշում եմ քարի հետևը, որտեղ ապահով է հիվանդանոցի կրակակետից, բայց երկու կրակակետ արդեն պարսպից աշխատում են: էն ժամանակ մենք ավտոմատի կոթերից բժշկական ժգուտ (ամրան) էինք կապում: Բացում եմ մեր ավտոմատներից մեկի կոթով ոտն եմ կապում, մեկով ձեռքն եմ կապում: «Բախտդ բերեց,- խոսեցնում եմ, մխիթարում եմ,- մայրս բժշկուհի չլիներ, ես էս կապելու գաղտնիքները որտեղի՞ց պիտի իմանայի»: Իրեն էդպես տեղավորում եմ, սկսում աշխատել երկու կրակակետերի վրա…
Ադրբեջանցիներն ամբողջ հասակով չեն կարողանում կանգնել, քանի որ տասնհինգ-քսան մետրից հեշտ է խոցելը: Բայց քանի որ պարիսպը լայն է, իրենք հանգիստ դասավորել են ինքնաձիգները, տեղավորված են. իրենց մի ավտոմատը հանում են, կրակում, ցած դնում, հետո պահունակը լիցքավորում ու նորից կրակում… Ու էդպես մինչև մոտավորապես կեսօրվա ժամը մեկը՝ համարյա յոթ ժամ այդ մեր փոխհրաձգությունը շարունակվում է:
Հիշում եմ, որ ժամուկեսը մեկ Իսահակի վիրակապերը պիտի բացեմ-փակեմ, որպեսզի անդամահատման գործը չգնա, գանգրենա (փտախտ) չդառնա: Իսահակը տնքտնքում է՝ էս ցավը դիմանալու չի: Նայում է դեպի իրենց տունը, լացում. իր արցունքն ու արյունը հողին են խառնվում թշնամու կրակի ու իրենց տան միջև: «Դիմացի, -ասում եմ,- դիմացի ախպերս»: Իսահակը գոռգոռում է՝ մահանալու եմ, ոչ ամուսնացել եմ, ոչ բան… Պատմում է գլխով անցածը, ոնց որ աչքի առջևով անցնում է: Հայհոյում է… Դպրոցն է հիշում… Հիշում է, որ «Սավետսկի սպորտ» էր ընթերցում… Զառանցում է…
Ես մեխանիկորեն անում եմ՝ ինչ որ պիտի անեմ. լիցքավորում եմ ավտոմատները, կրակում: Էլ չեմ մտածում՝ ինչ կլինի: Նման իրավիճակում չես կարող իմանալ՝ ինչ կլինի. այստեղ կավարտվի քո պատերազմը, թե… Իմն, օրինակ, շարունակվում է մինչև օրս: Էս վերջին ապրիլյան դեպքերով մինչև նախարար դիմեցինք, որպեսզի մեզ ուղարկի ամենաթեժ կետերը: Ինձ համար անսովոր էր. ինչ-որ տեղ սահմանում պատերազմ է, ու մենք հանգիստ մեզ համար՝ զորամասում: Բայց դե ամեն դեպքում հրամանի տակ ենք: Նախարարն ասաց՝ սպասեք, ձեր տեղը գիտեմ, ձեր հերթն էլ կգա, սակայն էս անգամ էդպես էլ բախտ չվիճակվեց…
Մարտի դաշտում, երբ կրակում ես ու պարբերաբար թուլացնում-ձգում վիրավոր ընկերոջդ վերքերի կապերը, չես մտածում նույնիսկ մի քանի րոպե հետոյի մասին: Դու չես կրակում, որպեսզի հետո քեզ շնորհեն լեյտենանտի զինվորական կոչում, Արիության մեդալ տան կամ Շուշիի ազատագրության մեդալ: Դու ուղղակի կատարում ես այն, ինչը որ պետք է՝ անկախ հետևանքից, անկախ արդյունքից, էդ բնավորություն չի, հպարտություն չի… էդ արդեն գործ է՝ մեր մասնագիտությունն է:
«Մենք Շուշի ենք եկել էն մտքով, որ վերջ, սա կենաց-մահու կռիվ ա,- ասում եմ Իսահակին դրանով որոշվում ա ամեն ինչ»: Ինքն ինձ էլ չի լսում, չի դիմանում՝ ցավից ուժասպառ եղած: Ժամը մեկի կողմերը խնդրում է արդեն, որ իրեն կանտրոլնի (ստուգողական) կրակեմ. «Երկու տեղից վիրավոր եմ, հույս չկա»,- համոզում է: Ես էլ, նայում եմ, ծանր վիրավոր, ահագին արյուն կորցրած… բայց դե հույսը վերջինն է մեռնում… պաշտպանվում ենք, էլի, կյանքը քաղցր է. «Արա, ասում եմ՝ տենց բան չի լինի…»,- ու էլ չեմ լսում իրեն:
Նման իրավիճակում թե ողջ մնալը, թե զոհվելը հավասար հնարավոր են, բայց միակ ճիշտը վիրավորի հետ մնալն է՝ չթողնելը: Տարածքի առանձնահատկություն էլ լինի, նահանջի հրաման էլ, միևնույնն է, մարտական ընկերոջդ մենակ չպիտի թողնես, ինչ վտանգ էլ սպառնա կյանքիդ: Դա ռազմական որևէ օրենքով սահմանված չի, դա ավելի շատ խղճի օրենք է: Էսպիսի իրավիճակներ մարտադաշտում շատ են լինում. մեկը կրակում-ելնում է, մեկը չի կրակում-ելնում է, մեկը խուճապի է մատնվում… ես կարծում եմ՝ ճիշտը միասին մնալն է: Մնում ենք. կամ միասին կզոհվենք, կամ միասին կապրենք:
«Կրակի, դուրս արի,- պնդում է Իսահակը,- որպեսզի ես չընկնեմ թուրքերը ձեռքը, դու էլ գնա, գործը շարունակի, կենդանի մնա. մեզ ոչ մեկն էլ չի կարա հանի, դու էլ կընկնես»: «Վերջացրու,- ասում եմ,- տենց բան չի լինի, կստացվի, կգնանք միասին, չի ստացվի, թող լինի այն, ինչ կլինի»: Հնարավոր չի հաշվել՝ ինչ կլինի. դա հանձնում ենք Աստծու նախախնամությանը. ինչ կլինի՝ կլինի:
Եթե մարտիկը կառչի կյանքից, թե ինչ անի, որ կենդանի մնա, դա արդեն կռիվ չի լինի: Մտքում միայն մարտական խնդրի կատարումը պիտի լինի. կապ չունի՝ ինչ գնով: Այսինքն՝ ըստ էության մահապատրաստ պիտի առաջ գնաս, որ խնդիրդ կարողանաս կատարել:
Ասում եմ. «Կստացվի՝ կկարողանամ, չէ, կտանեն երկուսիս էլ. դա արդեն էական էլ չի: Ամեն դեպքում, առաջինը՝ ձեռս չի բարձրանա քեզ վրա ստուգողական կրակոց արձակեմ, երկրորդ՝ գնամ, ի՞նչ ասեմ: Ես չեմ ուզում ամբողջ կյանքս կրեմ էդ խարանը»: Պատերազմական իրավիճակը՝ ոնց որ լակմուսի թուղթ, բացահայտում է մարդու էն ամենամաքուր ու ամենաստոր գծերը. դավաճանին դավաճան է բացահայտում, հերոսին՝ հերոս, խիզախին՝ խիզախ, նվիրյալին՝ նվիրյալ, անձնազոհին՝ անձնազոհ: Էստեղ չես կարող խաբել:
Սովորաբար, նրանք ովքեր շատ են խոսում՝ ես էսպես կանեմ, ես էնպես կանեմ, նրանք հիմնականում ձախողում են, չեն կարողանում առաջադրանքը կատարել, իսկ նրանք, ովքեր հանդարտ, հավասարակշռված իրենց գործն անում են, հիմնականում փայլում են պատերազմում: Խաղաղ ժամանակվա պարծենկոտներին, ձևամոլներին առաջնագծում չես տեսնի. առաջնագծի առյուծները որպես կանոն կյանքում պարզ, հասարակ, շփման մեջ՝ հավասարակշռված, մարդիկ են, բայց հենց մարտական իրավիճակում նրանց արդեն պահել չի լինում: Դա պատերազմն է բացահայտում. երևում է՝ մարդը կառչած է կյանքին, թե ոչ:
«Գնա»,- ցավից գալարվում է Իսահակը: Ես հիշում եմ տղերքի, որ վիրավոր ընկերոջը թողել են. ինձ համար նման արարքն արդարացում չունի: Ասում են՝ ոչ մի հնարավորություն չկար, դրա համար էլ դիակը թողել ենք, կամ վիրավորին թողել ենք: Չկա նման բան: Դու կմնայիր, կզոհվեիր. կամ հանեիր, կամ զոհվեիր: Թե վիրավորին, թե դիակը: Հիշում եմ՝ ադրբեջանական Շենլու գյուղում էինք, որ ազատագրել էինք, ընկած էր ադբեջանցի զինվորը՝ ավտոմատը ձեռին, ու շունը՝ մոտը նստած: Չի թողնում մոտենանք, որ զենքը վերցնենք: Շուն՝ դիակի մոտ նստած, արյունն արդեն լճացած, չի թողնում մոտենաս: Մինչև շունը չվնասազերծեցինք… Սա է՝ շան հավատարմություն: Կոշտ համեմատություն է, բայց նույնը պիտի մարտական ընկերը լինի:
Էն պայթյունները, էն մահվան վտանգը, էն մահվան սառը հայացքը լրիվ զգաստացնում են, ամեն ինչ դնում իրենց տեղերը: Մենք ինչ ասես տեսել ենք. մարդիկ կան, որ կրակում են, ու լացում են արդեն, չեն դիմանում. հետ ենք քաշում, թիկունքային աշխատանքներում ենք ներգրավում, որպեսզի իրենք ավելի օգտակար լինեն: Բայց մարդ էլ կա, իր տարերքը պատերազմն է. սպանելը չի, չէ, այլ հակառակորդի վնասազերծումը: Սպանությունը խաղաղ կյանքի երևույթ է, իսկ էստեղ մտածում ես, որ էս հակառակորդին վնասազերծել է պետք, հակառակ դեպքում վնաս կտա. հետևում ընտանիք կա, սրբություն կա, որ չպիտի պղծվի:
Քայլ առ քայլ պատերազմի կանոնները, քո մարդկային սկզբունքները պահելով՝ առաջ ես գնում. ամեն քայլը, նույնիսկ եթե քայլ չկա՝ մի քարի հետևում վիրավոր ընկերոջդ կողքին մնալու ամեն րոպեն մի հաղթանակ է. ու որքան առաջ ես գնում, էնքան ավելի կապվում ես էս գործին, սիրում ես էս գործը: Ճիշտ հասկացի. եթե ես ունենայի Աստծուց նոր կյանք խնդրելու հնարավորություն, ես կխնդրեի, որ էստեղ չծնվեմ: Կուզեի պատասխանատու չլինել իմ հայրենի հողի վրա թափված էսքան արյան համար, իմ կորցրած ընկերների, նրանց ընտանիքների առաջ, իմ զավակներին անվտանգ ապագա տալու համար… շատ ծանր բեռ է, բայց ինչ էլ լինի, դա արդեն մեր բեռն է… ու սիրով ենք տանում:
Էդպես, հետագայում որպես դասակի հրամանատար, որպես արդեն ուղղորդող՝ պաշտպանողական, հարձակողական ահագին մարտերի մասնակցեցի՝ Մարտակերտ, Մեծշեն, Ուսապատ, Դրմբոն, հեռուստաաշտարակների, Կուբաթլուի ազատագրմանը, Հորադիզ… Աղդամի ազատագրության նախօրյակին վիրավորվեցի ոտքից, բեկորով. մինչև հիմա էլ ծնկիս մեջ բեկորը կրում եմ սրբությամբ… Միշտ ձգտել եմ առավելագույն չափով լավ, ճիշտ, շատ կռվել. ամեն անգամ էլ, որ ջոկատի հրամանատարը՝ օղորմածիկ Արգամը գալիս էր, ասում՝ էսքան հոգի ա պետք, էն ցեմենտի գործարանի Ֆեդյայի նման «Ես, ես» ասելով, ձգտում էի ամենին մասնակցել: Էդպես շատերն իմ ընկերներից: Դա նկարագրել հնարավոր չի. երգելով էինք գնում, մարտական ոգին շատ բարձր էր. ուրիշ ժամանակներ էին: Այդ բոլոր մարտական գործողությունները մի-մի պատում են՝ ժամանակավոր դժվարություններով վերջիվերջո հաղթանակներ, բայց Շուշիի մարտը մի այլ կատարելություն էր՝ ինձ համար կրկնակի հրաշք:
Նախ հրաշք էր, որ տղաներից մեկը՝ Սամվելը, կարողացավ մեզ մոտենալ: Եկավ, ասեց՝ դե ասա, ինչ անենք: Ասեցի՝ դե ի՞նչ պիտի. մեկը պիտի հանի, մեկը պիտի պահի՝ կրակակետերի վրա ճնշում գործադրի: Ասաց՝ ո՞ր մեկը ես անեմ: Ասացի՝ որն ուզում ես արա. ես, որ ասեմ՝ որն անես, պիտի մտածես, թե ինձ համար հեշտն եմ ընտրում, քեզ համար՝ դժվարը, նայի, որն ուզում ես: Եվ ինքն ընտրեց հանելը: Ես պահեցի. երկու կրակակետ պահում էի, բայց արդեն քարի հետևից որ Իսահակին դուրս բերեց, մի տեղից էլ վիրավորվեց. էդ երրորդը կպավ ձեռին: Փաստորեն, արդեն երեք տեղից վիրավոր էր, որ իրար պահելով, մի հիսուն-վաթսուն մետր էլ պառկած փորսուղ տալով՝ հասցրինք մի ապահով տեղ: Ու նա ողջ մնաց: Տղան ապրեց: Իսահակին պատգարակին պառկեցրինք ժամը հինգի կողմերը. իր ու իմ բոլոր հագուստներն արյունոտ էին, ամբողջ ձեռքերիս վրա՝ չորացած արյուն:
Բաքվից մի փախստական կար՝ Յուրան, հաց էր բերել, ջուր էր բերել: Դե արդեն մոտ տաս ժամ սոված-ծարավ, չարչարված, տանջված, սպառված էի: Ասաց՝ բեր ջուր լցնեմ ձեռքերիդ, էդ արյունը լվա, մի կտոր հաց կեր: Ասում եմ՝ չեմ համբերի: Մի կտոր հաց-պանիր վերցրի ու սկսեցի ուտել: Էդ մարդը լացեց: Մինչև հիմա էլ, որ հանդիպում ենք, աչքերն արցունք են լցվում, ասում է. «Հիշում եմ՝ ոնց էիր չոր արյունը ձեռքերիդ հաց ուտում»: Ինքն էլ կռվում հազար բան է տեսել, բայց իմ չորացած արյունոտ ձեռքերով հաց ուտելն էդպես սրտին ազդել էր:
Դա մայիսի ութն էր. ամբողջ ութը պատերազմը շարունակվեց: Երբ մթնեց, մեզ հրաման տրվեց, որ վերադառնանք զորանոցները: Հետ եկանք: Սպասում էինք, որ լույսը բացվի նորից հարձակվենք: Իսկ դե հաջորդ օրն արդեն բարձրացանք հաղթանակով: Թուրքերը թողել հեռացել էին, մնացել էին անօգնական մի քանի հոգի… Շուշին ազատագրված էր: Ղազանչեցոց վանքում ահագին զենք կար՝ զինապահեստ էին սարքել. մտածել էին, որ մերոնք չեն խփի եկեղեցուն. Ճիշտ էլ մտածել էին:
Ազատագրեցինք Շուշին, դրանից մի շաբաթ հետո մասնակցեցինք Լաչինի մարդասիրական միջացքի բացմանը, բարձրացանք Քիրսը, հետո՝ Մեծշեն, Կուբաթլուի շրջանն ազատագրեցինք Գորիսի դեմ և բացեցինք կապը Մայր Հայաստանի հետ: Ու առաջին օգնությունը եկավ, ու էդ արդեն ոնց որ համազգային տոն էր: Ծանոթ-անծանոթ գրկախառնվում էին, շնորհավորում էին: Ոնց որ էդ ոգին ամենակատարյալն էր էդ ժամանակ:
Դրանից հետո ադրբեջանցիներն էլ որոշակի հաջողության հասան. ժամանակավոր հաջողության, որ մենք շուտով չեզոքացրինք, և երկու տարվա ընթացքում լիակատար հաղթանակի հասանք: Թեպետ հիմիկվա հեռավորությունից նայելով՝ դա տրամանաբանական վախճանը չէր: Եթե թողնեին, մենք շատ ավելին կանեինք, ու էդ ժամանակ եթե կապիտուլացվեր, հիմիկվա խնդիրները չէին լինի: Բայց դե մենք կատարեցինք մեզնից կախվածը, հայոց պատմության երկար տարագրության ընթացքում մեզ բախտ վիճակվեց կատարել էդ բեկումը՝ հողը վերադարձնել, ու դա մենք կարողացանք անել, քանի որ մեր մարտիկները, ամենքը մի ճանապարհով հասնում էին մահապատրաստության էս գաղափարին. «Դու մտել ես մարտի մեջ, մտածի, որ դու արդեն չես գալու. էդ ժամանակ արդեն իդեալական մարտ է դառնում. միակ խնդիրը մարտական խնդրի կատարումն է՝ տղամարդավարի կատարումը»:
Ու մարտադաշտից դուրս գալուց հետո դու դառնում ես մեկը, ով ցանկացած պահի պատրաստ է հայտնվել էնտեղ, որտեղ քո կարիքը կա, որովհետև դու մարտիկ ես մահապատրաստ:
Գրառեց ՝ Կարմեն Մարտիրոսյանը
Առաջին լուսանկարը` Հակոբ Պողոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել