HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավրահամ Էիլաթի` ճամպրուկի մեջ տեղավորվող ցուցահանդեսը

Մարգարիտա Ղազարյան

«Արէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում Կարոյան ցուցասրահը «Աշխատանք և հիշողություն» ընդհանուր խորագրի ներքո ներկայացրեց իսրայելցի արվեստագետ Ավրահամ Էիլաթի չորս տարբեր ցուցադրություններ:

Ավրահամ Էիլաթի ստեղծագործության շրջանակը ներառում է ժամանակակից արվեստի բոլոր տեսակները: Գծանկարչություն, գեղանկարչություն, կոլաժ, ռենտգեն ժապավեններ ու ֆոտոգրամներ, քանդակ, պերֆորմանս և ինստալյացիա. ստեղծագործական այսպիսի բազմազանությամբ է աչքի ընկնում արվեստագետը:

«Ավրահամ Էիլաթի ստեղծագործության առանցքում մարդկային գոյության խնդիրն է: Աշխատանքն ու հիշողությունը, իբրև դրա երկու՝ նյութական և հոգևոր  ցուցիչներ, հարացուցային են արվեստագետի համար: Նա շարունակ քարտեզագրում է դրանց տարածությունները՝ բացահայտելով խաչաձևումներն ու ընթացքային նույնացումները», - այսպսես է բնութագրում արվեստագետին ցուցադրությունների համադրող Նազարեթ Կարոյանը:

«Հիշողության կղզիներ» 

Ավրահամ Էիլաթի «Հիշողության կղզիներ» անվանումով ցուցահանդեսը ներկայացվեց Հայ Արտ մշակութային կենտրոնում: Այն իրենից ներկայացնում էր գալարաձև ստվարաթղթի վրա արված 24 մետր երկարությամբ գծանկար: Գծանկարի կենտրոնական ֆիգուրը գանգն էր, որ արվեստագետն արել էր իր ուղեղի ռենտգեն պատկերի հիման վրա: Մյուս ֆիգուրը, որ ևս հանդիպում էր ստվարաթղթի երկայնքով, պալեոլիթյան Վեներաների արձանիկների դաջվածքներն էին: Այս երկու ֆիգուրները համադրելով՝ Էիլաթը ցույց է տալիս հիշողության և կնոջ կապը՝ առաջ բերելով մի շարք հարցեր:

Ցուցահանդեսի համադրող Նազարեթ Կարոյանը նշում է, որ ինքը նախապես չի տեսել այս աշխատանքը, մտքի մեջ կազմելով ընդհանուր պատկեր՝ որոշակի կոնցեպտ է մշակել: Իսկ Ավրահամ Էիլաթը բոլոր ցուցահանդեսներից հատկապես այս մեկն է հավանել, քանի որ գործը մինչ այս երբևէ ամբողջական չի ցուցադրվել:

«Ինքը տեսնում էր, որ մենք չնչին հնարավորություններով ենք աշխատում, բայց աշխատում ենք եռանդով, և մարդիկ են ներգրավվում: Այդ ոգևորությունը նրան շատ էր հուզել», - նշում է Նազարեթ Կարոյանը:

«Երկյուղն այն բանից, որ հանկարծ լինի շատ ուշ» ցուցահանդեսը բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:

Այս գործերի միջոցով արվեստագետը ներկայացնում էր մարդկային գոյությունը և դրա ցուցիչը՝ շարժումը, որի մարմնավորումը աշխատանքն է: Երբ մարդն աշխատում է, նրա շարժումը դառնում է ֆիգուրատիվ:

Այս ցուցահանդեսում ներկայացված գործերում մարդկային ֆիգուրներներ են՝ սխեմատիկ նույն պատկերներով: Մարդկային այդ խորհրդանիշները գտնվում են տարբեր շարժումների մեջ՝ աշխատանքային, պայքարի: Արվեստագետը դա ներկայացնում է ոչ միայն մեկ ֆիգուրի միջոցով, այլև ամբողջական պատկերով:  Նա հաճախ դիմում է կինոյի լեզվին՝ գծային առումով կրկնելով այդ շարժումները և պատկերելով շարժման բոլոր փուլերը: Արդյունքում ստացվում են կառուցվածքային առումով եգիպտական արվեստի պատկերներ հիշեցնող կոմպոզիցիաներ: Նման գծանկարներից մեկի վիդեոանիմացիան դարձել է «Երկյուղն այն բանից, որ հանկարծ լինի շատ ուշ» ինստալյացիայի հիմքը: Վերջինս իր կառուցվածքով Մաստաբա է հիշեցնում ՝ եգիպտական՝ ոչ բրգաձև կառուցվածքով դամբարան:

Էիլաթը ցույց է տալիս սոցիալական այն շերտը, որն անընդհատ գտնվում է շարժման մեջ, այսինքն՝ ներքևի շերտը՝ աշխատավորներ, ստրուկներ: Վերևի շերտերը՝ հրամայողները կամ աստվածությունը՝ փարավոնը, ներկայացված չեն: Այստեղ ցուցադրվում է հասարակության որոշակի աստիճանակարգվածությունը:

«Ավրահամը շատ հետաքրքիր ձևով հին աշխարհը կապակցում է նոր ժամանակներին: Արվեստագետը ֆիգուրները կամ պիկտոգրամները շարժման վերացականության մեջ է օգտագործում, ինչն էլ բերում է նրան, որ մարդու մարմինը, ի վերջո, վերածվում է նշանի: Մարդը դառնում է նախշ: Էիլաթի ընդվզումն այն է,  որ սոցիալական , սոցիալ-քաղաքական ռեժիմը երբեմն լինում է այնպես նորմատիվացված, որ մեկ մարդը կորցնում է իր անհատականությունը, դառնում է մասնիկ այդ զարդանախշի շղթայի մեջ և կորցնում է իր ազատությունն ու իբրև անհատ որոշելու հնարավորությունը: Սա է, որ Ավրահամի կարծիքով հանցագործություն է», -ասում է Նազարեթ Կարոյանը:

«Թագարանների արվեստը»

Որոշակի շարք են կազմում Ավրահամ էլիաթի՝ տարբեր թանգարաններում արված լուսանկարները, որոնք էլ «Թագարանների արվեստը» խորագրով ներկայացվեցին «Դալան» ցուցասրահում:

Թանգարանը 17-րդ դարի վերջի, 18-րդ դարի սկզբի գյուտ է, որ կապվում է հիշողության հետ: Թանգարանը մի տեղ է, որ բոլոր ժամանակներն է ներառում: Այստեղ տարբեր առարկաներ են, որոնք իրենց մեջ ինչ-որ ուրիշ ժամանակի, ուրիշ տեղի որոշակի հիշողություն են կրում՝ իբրև պատկեր, իբրև հիշողության արդյունք: Այլ կերպ ասած՝ թանգարանը գործիք է, որը տեղափոխություն է առաջարկում ժամանակների մեջ:

Կան շատ լուսանկարիչներ, ովքեր թանգարաններ են նկարում, օրինակ, թե ինչպես են մարդիկ արվեստի գործերի հետ շփվում, ինչպես են դիտում արվեստի գործը կամ լուսանկարում են արվեստի առարկաների հետ կապված նախնական աշխատանքները՝ մինչև ցուցադրությունում հայտնվելը: Էիլաթը թանգարանի մեջ ավելի շատ ուզում է ցույց տալ այն երևույթները, որ թանգարանի գործառույթի հետ ուղղակիորեն կապ չունեն:

«Ավրահամը թանգարաններում ուզում է գործ ունենալ ներկայի հետ, ոչ թե ուրիշ ժամանակների: Իսկ այն, ինչը որ կոչվում է ներկա, մի խողովակ է, որի միջով անընդհատ անցյալն է հոսում: Ավրահամը ցույց է տաիս այդ անցումը՝ ներկան իբրև անցում, իբրև խողովակ, իբրև չեզոք մի բան: Այստեղ ներկայացված գործերը հիմնականում վերաբերում են ներկայի այն թափանցիկությանը, որն օգնում է ուրիշ ժամանակներըի տեսանելի դառնլուն. դա կարող է լինել հաղճասալից պատ, պատուհաններ, աստիճաններ, որ նշանային առումով կապ չունեն թագարանի գործառույթի հետ», - ասում է Նազարեթ Կարոյանը:

Չնայած տեխնիկական, կազմակերպչական, ֆինանսական սուղ միջոցներին՝ համադրողը «Աշխատանք և հիշողություն» ցուցահանդեսների շարքը ստացված է համարում: Նրա խոսքով, Ավրահամ Էիլաթը հետաքրքիր արվեստագետ է, ում ընտրած մեդիաները տարօրինակ ձևով  հնոտ են, բայց նա շատ ժամանակակից արվեստագետ է՝ ելնելով իր առջև դրած խնդիրներից և առաջադրած լուծումներից։

«Հսկայական ցուցահանդես է, բայց այս ամբողջ ցուցահանդեսը փոքրիկ ճամպրուկի մեջ տեղավորվող մի բան է: Մեդիայի այդ տիպը, կարելի է ասել, գալիս է հակադրվելու գործերի բովանդակությանը: Ամենուրեք փաթաթվող, ծալվող-բացվող ֆորմաներ են, որ մոտեցմամբ շատ ժամանակակից, բայց կրիչով շատ հին են»,-ասում է ցուցահանդեսների համադրողը և եզրափակում. «Երբ առաջարկեցին ծանոթանալ Ավրահամի գործերին, զգաստացնող էր առաջին հերթին նրա տարիքը՝ 80-ին մոտ մարդ: Հետո, երբ ծանոթացա աշխատանքներին, մինչ այդ ունեցած գաղափարս սկսեց մարմին ստանալ, ավելի կոնկրետացավ, և արդյունքում այս երեք ցուցահանդեսները եղան: Ես ուրախ եմ, որ ստացվեց և լավ բան ստացվեց»:

Հիշեցնենք, որ ցուցադրությունները իրականացվեցին  «Արէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում, որ ընթացքի մեջ կլինի մինչև մայիսի 19-ը:

Լուսանկարները՝ www.eilatart.com  կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter