HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Նկուղներն ու տանիքներն՝ «իսկական աղետ»․ Արարատի բնակիչները գանգատվում են քաղաքապետարանի անտարբերությունից

Արարատ քաղաքի Զոդի բանավան թաղամասի մեկ տասնյակից ավելի բազմաբնակարան շենքերի շքամուտքերը լցված են կոյուղաջրերով։ Բնակիչների տեղեկացմամբ, շենքերի նկուղներում փտած խողովակների պատճառով կոյուղաջրերը խառնվում են խմելու ջրի հետ․ ծորակից հոսող ջրից հաճախ տարօրինակ համ է գալիս։

Նրանց տեղեկացմամբ, Արարատի շենքերի տանինքերի մեծ մասը նույնպես անմխիթար վիճակում է։ Դրանք անհապաղ վերանորոգման կարիք ունեն, բայց բնակիչներն ի վիճակի չեն սեփական միջոցներով լուծելու այս խնդիրներից ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Իսկ դրանք լուծելուն ուղղված քաղաքապետարանի ջանքերը մինչև այժմ եղել են ոչ արդյունավետ։ 

Քաղաքի Արարատյան զանգված  թաղամասում նույնպես կան վերանորոգման խիստ կարիք ունեցող տանիքներով շենքեր, մի քանիսի դեպքում նկուղները ևս անմխիթար վիճակում են։

Մեծ լեռան քաղաքի լացող տանիքները

Արարատյան զանգվածի թիվ 1-ին շենքի բնակիչ Գեղամ Կոստանյանը ցույց տվեց 5-րդ հարկի իր բնակարանն ու ասաց, որ չի կարողանա ինքնուրույն վերանորոգել։ Այս բնակարանն առայժմ ազատ է, բայց կնոջ որդին պետք է ամուսնանա, հարս պիտի բերեն, իրենք էլ կնոջ հետ ստիպված պիտի տեղափոխվեն 5-րդ հարկի այս բնակարանը, բայց ինչպե՞ս պետք է վերանորոգի տանիքը՝ չգիտի․ ծախսերը շատ են։ Նա ցույց է տալիս գրեթե առանց ծեփի մնացած առաստաղն ու ասում, որ անձրևների ժամանակ ստիպված է լինում բարձրանալ այստեղ, որ հասցնի կանխել ջրի հոսքը դեպի ներքև՝ հարևանների տները։ Նա ասում է, որ քաղաքապետարանի ուշադրությունից միայն իրենց շենքը չէ, որ դուրս է մնացել․ ամբողջ Արարատյան զանգվածն է այդ վիճակում։

Բայց եթե Գեղամը գոնե ֆիզիկապես կկարողանա մասնակցել տանիքի վերանորոգման աշխատանքներին, ապա նրա հարևան Ժիրայր Ավետիսյանը չունի այդ հնարավորությունը․ 64-ամյա տղամարդը կուրացել է երկու տարի առաջ և այժմ կնոջ՝ 60-ամյա Սոնայի խնամքին է։

Ավետիսյանների մեկսենյականոց բնակարանի բոլոր անկյուններում՝ պատշգամբում, խոհանոցում և նույնիսկ սենյակում՝ մահճակալի, սեղանի վրա, տարբեր չափերի ամաններ են շարված։ Հորդառատ անձրևները միացել են նրանց թշնամիների թվին՝ շոգ ու առանց խմելու ջրի ամառներին, անթիվ-անհամար մոծակներին։ Անձրևների ժամանակ տանիքից կաթում է, իսկ հետո մի քանի օր խոնավության հոտից են սկսում խեղդվել։  

Բակում երկու երիտասարդ, ովքեր խուսափեցին իրենց անունները նշելուց, ցույց տվեցին 4-րդ և 5-րդ շենքերի կողքին առաջացած ճահիճը, ջրով լցված նկուղներն ու ասացին, որ իրենց շենքերը բացառություն չեն․ Զոդի բանավանում այդպիսի տասնյակ շենքեր կան։

Զոդի բանավանի նկուղները «Մեզ հյուր եկող չկա»

Զոդի բանավանի մեկ տասնյակից ավելի շենքների նկուղներում կոյուղաջրեր են հավաքվում, որի  պատճառով այդ շենքներն արդեն վթարային են դարձել, իսկ մարդկանց բնակարաններում և բակերում տարածվող գարշահոտությունը հատկապես անտանելի է դառնում Արարատի կիզիչ ամռանը, որն ուղեկցվում է մոծակների առատությամբ և խմելու ջրի սղությամբ։

Նկուղներում հավաքված ջուրը փտած խողովակների հետևանքն է, թե գրունտային ջրեր են՝ բանավանցիները չգիտեն։ Եվ թեև պնդում էին, որ շենքերն արդեն վթարային են դարձել, չգիտեին նաև՝ արդյո՞ք քաղաքապետարանի կողմից փորձ արվել է գնահատելու դրանց վթարայնության աստիճանը։

11բ շենքի բնակչուհի Օֆելյա Մնացականյանը բացում է իր նկուղի դուռն ու ասում, որ ստիպված են մի կերպ հարմարվել։ Նկուղի երկայնքով տախտակներ են տեղադրել, որ կարողանան հասնել դարակների վրա շարված տարաներին։

«Ընտանիք ենք պահում, երեխաներ են մեծանում այս շենքում, զինվոր ենք բանակ ճանապարհում․ բա սենց ո՞նց կլինի», - ասում է նա ու ավելացնում, որ երևի ինքն ամենից շատն է բողոքել քաղաքապետարանին։ Հարևանները պատմում են, որ մի անգամ էլ նույնիսկ նավակ է խնդրել, որ քաղաքապետարանն իրեն նվիրի։

Հարցնում եմ՝ ծիծաղում է․ «Հա, բա ճիշտ եմ ասում, բա ստեղ ո՞նց շարժվենք»։

Բնակարանի ներսում սեղանին դրված թղթերը հաշված րոպեների ընթացքում խոնավացան․ ինձ թվաց, թե ջուր է կաթել վրան, շոշափեցի ու զարմացա․ օդի խոնավությունն էր ներթափանցել։

Օֆելյան հատկապես իր հարս Կարինեի համար է խնդրում․ «Խնդրում եմ, օգնե՛ք մեզ ազատվել այս խնդրից, խնդրում եմ, - ասում է նա տեսախցիկի առջև՝ դիմելով իշխանություններին, - այս պայմաններում հարսս աչքիս առաջ թփրտում է, օգնե՛ք, որ բուժումներն արդյունավետ լինեն», - նա նույնիսկ խնդրում է իրեն հանրակացարանային մի չոր բնակարան տրամադրել, որ Կարինեն կարողանա ապաքինվել․ առաջիկայում նրան ծանր վիրահատություն է սպասվում, այս պայմաններում ինչպե՞ս պիտի ապաքինվի»։

9-րդ շենքի բակում 8-ամյա Մայիսը ցույց է տալիս շենքի հիմքում բացված փոսը, որի մեջ մամռակալած ջուր կա, և ասում, որ վախենում են՝ գնդակը կընկնի մեջը ու իրենք չեն կարողանան հանել։  Իսկ բնակիչներից մեկը նշում է․ «Եկան, բացեցին էս անցքը, թե իբր պիտի սարքեն ու գնացին»։

Կանայք պատմում են, որ նախկինում ամռան ամիսներին մոծակների ու ճանճերի դեմ «գոնե գալիս էին, դեղ էին սրսկում, հիմա դա էլ չեն անում»։  

Նրանք ցույց են տալիս շենքի թեքվածությունը, որն անզեն աչքով տեսանելի է, աստիճանավանդակների ճաքերը և ասում, որ շենքն արդեն վթարային է  դարձել․ ո՛չ կարող են վաճառել, ո՛չ էլ հնարավոր է ապրել։

Բանավանի բնակիչները պատմում են, որ քաղաքապետարանի աշխատակիցները գալիս են, փորձում են ինչ-որ բան անել, «կիսատ-պռատ մի բան անում են, հետո թողնում են, հեռանում ու այդպես էլ չեն վերադառնում»։  Ճիշտ է՝ երբեմն փորձում են պոմպի միջոցով հավաքված ջուրը դուրս մղել, բայց հետո կեղտը հանում են, լցնում բակում ու գնում։

Բնակիչներից մեկը կատակում է, որ իրենց շենքից աղջիկ էլ չեն տանում, տարածին էլ ետ են բերում։ Մյուսն էլ ավելացնում է՝ կատակում ենք, բայց հարազատները խուսափում են իրենց հյուր գալ, իրենց բնակարաններն էլ առնող չկա։

Բնակիչները «Հետքին» ուղեկցեցին դեպի վերջերս կառուցված այգին, որտեղ շատրվան կար։  Երիտասարդ կանանցից մեկն ասաց․ «Ինչի՞ս էր էս շատրվանը պետք, եթե այս պայմաններում ենք շարունակելու ապրել․ ոնց որ ծաղրեն մարդկանց»։

11-րդ շենքի բնակչուհի Մարինե Գրիգորյանն ասում է, որ խոնավությունից շատերը հոդացավերով են տառապում․ ինքն ու ամուսինը նույնպես սաստիկ հոդացավեր ունեն։

Արարատի ՈԿՖ բանավանի 22 հասցեում տեղակայված թիվ 1 մանկապարտեզը նույն վիճակում էր, ինչ շենքերը։ Բանավանցիները «Հետքին» զգուշավորությամբ հուշեցին, որ մանկապարտեզում հոսող ջուրը ժամով է, երեխաների ափսեները լվանում են հավաքած ջրով և լավ չեն լվանում, իսկ նկուղում վերանորոգումից հետո դարձյալ ջուր է հավաքվում։ Մանկապարտեզում «Հետքի» հարցերին չպատասխանեցին՝ պատճառաբանելով, որ տնօրենն ու փոխտնօրենը տեղում չեն։ Այնուամենայնիվ, առաջին հարկի զննությունից պարզ էր, որ բնակիչների մտահոգությունը հիմքեր ուներ։

Արարատի փոխքաղաքապետ Խաչատուր Մնացականյանը ինքն էր եկել «Հետքի» լրագրողին հանդիպելու․ «Հետքի» լրագրողի այցելության մասին նրան էր պատմել բանավանի բնակիչներից մեկը։

«Էս գալիս եք մեր քաղաք ու մեզ մոտ էլ չեք գալիս, - լրագրողին դիմավորեց Մնացականյանը, - գայիք, ուղեկցող կնշանակեի, ամեն ինչ ցույց կտար»։

«Հետքի» այն հարցին, թե ինչ լուծում է ստանալու նկուղների ու տանիքների հարցը Մնացականյանն ասաց, որ ուղիղ երկու օր առաջ քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Զոդի բանավան՝ նկուղների իրավիճակը գնահատելու նպատակով և արդեն սկսել են աշխատել նախագծի վրա, 11-13 շենքների նկուղները վերականգնելու համար նախատեսվում է ծախսել մոտ 100-130 միլիոն դրամ գումար․ ավելի ստույգ կկարողանան պատասխանել, երբ նախագծային աշխատանքներն ավարտված լինեն։ 

Բանավանցիները չգիտեն՝ հավատալ Խաչատուր Մնացականյանի խոսքերին, թե ոչ․ այս անգամ էլ կսպասեն, ուրիշ ի՞նչ կարող են անել։ Նրանք խնդրում են քաղաքապետարանին նախ պարզել, թե ինչ ծագման են նկուղներում հավաքված ջրերը, որպեսզի միջոցների անտեղի վատնում չլինի։ Անհրաժեշտ է նաև գնահատել շենքերի վթարայնության աստիճանը, իսկ հարկ եղած դեպքում հոգ տանել բանավանցիներին այս թաղամասից հնարավորինս արագ տեղափոխելու մասին։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter