Դատավորը մերժեց Եղնուկյանի գործն առանձնացնելու վերաբերյալ բողոքը
Ամալյա Մարգարյան
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյոթուն ընդհանուր իրավասության դատարանը շարունակել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը՝ քննիչի և դատախազի կողմից առանց հիմնավորումների պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները մերժելու վերաբերյալ: Այս մասին «Հետքի»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանը հայտնեց, որ նիստը կարճ է տևել և նորից հետաձգվել է՝ դատախազի կողմից փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:
Նույն դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի կողմից այսօր քննվել է նաև Կարո Եղնուկյանի գործը «Սասնա Ծռերի» 13 անդամների գործից առանձնացնելու բողոքը: «Նախագահողը մերժեց ներկայացրած բողոքը՝ նշելով, որ դատավարության այս փուլում չի կարող այդ հարցին անդրադառնալ, հարցը պետք է բարձրացնենք դատավարության ընթացքում»,- հայտնեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բերման է ենթարկվել 2016թ. հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ապա կալանավորվել է: Եղնուկյանին մեղադրում են «Սասնա Ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել