
Հրազդան գետում ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից փրփրաջրեր են լցվել
«Փորձաքննությունը պարզել է, որ ջրի բաղադրությունում առանձնապես փոփոխություն չկա։ Բայց եղել են հեղուկներ՝ ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից։ Դրանց փրփուրներն է եղել»,- անդրադառանալով օրեր առաջ Հրազդան գետում փրփրանման զանգվածի հայտնաբերմանը` «Հետք»-ին այս մասին հայտնեց բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը:
Նա նաև հավելեց, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է տվել գետի այդ տարածքի ողջ երկայնքով ստուգումներ իրականացնել՝ պարզելու համար, թե որտեղից են թափվում փրփրաջրերը։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատեր Վահե Ավետիսն իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որում Հրազդան գետի մի հատված փրփուրանման զանգվածով է պատված:
Բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը մեզ հաղորդել էր, որ նախարարության մասնագետները նմուշառել են ջուրը և տվել լաբորատոր փորձաքննության:
Լուսանկարը` Վահե Ավետիսի
Մեկնաբանել