
Կառավարությունը Մանուչարյանների ընտանիքին կվճարի 2400 եվրո
Կառավարությունը Մանուչարյանների ընտանիքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, կվճարի 2400 եվրոյին համարժեք գումար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի որոշման այս նախագիծը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի նոյեմբերի 24-ին վճիռ էր ընդունել' հայտնելով, որ խախտվել է Մանուչարյանների իրավունքը, և Հայաստանի կառավարությունից պահանջել էր 2017 թվականի պետական բյուջեից վճարել այդ փոխհատուցումը:
Դիմումատուն պահանջել է 22000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև կրած ծախսերի հատուցում, սակայն Եվրոպական դատարանը վճռել է շնորհել 2400 եվրո' ոչ նյութական վնասի դիմաց: Հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 24-ն է:
Գործի նախապատմությունը
Ըստ ներկայացված որոշման նախագծի՝ գործի նախապատմությունն այսպիսին է: 2009 թվականի հուլիսի 1-ին սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դիմումատուն մեղայականով ներկայացել է ոստիկանություն, հանձնել իր զենքը և խոստովանել սպանությունը կատարած լինելու հանգամանքը: Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել սպանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու համար:
Նույն օրը ոստիկանությունը հարցաքննել է տուժողի ընկերուհուն: Նա հայտնել է, որ ականատես է եղել, թե ինչպես դիմումատուն՝ իր հարևանը, կրակել է իր ընկերոջ ավտոմեքենայի վրա և սպանել նրան:
2009 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն հարցաքննվել է: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց:
2010 թվականի մարտին կայացած լրացուցիչ հարցաքննության ժամանակ դիմումատուն հայտնել է, որ խոստովանել է սպանությունը կատարելու հանգամանքը՝ եղբոր արարքը քողարկելու համար:
2010 թվականի ապրիլին գործը դատաքննության նպատակով ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի դատարանը մի քանի անգամ հետաձգել է լսումները՝ փորձելով ապահովել տուժողի ընկերուհու ներկայությունը դիմումատուի գործով դատաքննությանը, ինչպես նաև այդ հարցում դիմել է ոստիկանության աջակցությանը: Ոստիկանությանն անընդմեջ չի հաջողվել կատարել տուժողի ընկերուհուն բերման ենթարկելու վերաբերյալ դատարանի կարգադրությունները, քանի որ նրա գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել. ենթադրվում է, որ նա մեկնել էր երկրից: Ի վերջո, առաջին ատյանի դատարանը դիմումատուի գործը քննել է տուժողի ընկերուհու բացակայությամբ և դիմումատուին ճանաչել մեղավոր՝ դատապարտելով տասներեք տարի ազատազրկման: Դիմումատուին դատապարտելիս առաջին ատյանի դատարանը հիմնվել է տուժողի ընկերուհու և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև դիմումատուի հոր ընկերոջ մինչդատական ցուցմունքների վրա, ում նա վկայակոչել էր սպանության գիշերն իր այլուրեքությունը հաստատելու համար, դատաբժշկական փորձաքննության վրա, որով հաստատվել էր դեպքի օրը դիմումատուի հագին եղած հագուստի վրա կրակոցի հետքերի առկայությունը:
2011 թվականի հունվարին Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ՝ հիմնվելով նույն ապացույցների վրա և չանդրադառնալով տուժողի ընկերուհու դատարան չներկայանալու հարցին:
2011 թվականի ապրիլին Վճռաբեկ դատարանը հիմքերի բացակայության պատճառով վերադարձրել է վճռաբեկ բողոքը:
Ինչ է արձանագրել ՄԻԵԴ-ը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով գործը, արձանագրել է, որ բոլոր ողջամիտ ջանքերը չեն գործադրվել՝ տուժողի ընկերուհու ներկայությունն ապահովելու համար, ով սպանության միակ ականատես վկան էր, և նույն օրը ոստիկանության կողմից հարցաքննվելու ժամանակ տվել էր դիմումատուի մեղավորությունն ուղղակիորեն հաստատող ցուցմունքներ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Եվրոպական դատարանը չի համարել, որ իշխանություններն «ակտիվորեն փնտրել են վկային» և ձեռնարկել «բոլոր ողջամիտ միջոցները՝ վկայի ներկայությունն ապահովելու համար»:
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ դատավարական որևէ միջոցառում չի ձեռնարկվել՝ դատաքննության ժամանակ տուժողի ընկերուհուն հարցաքննելու դիմումատուի հնարավորության բացակայությունը լրացնելու համար։
Սրա հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անհիմն կերպով սահմանափակվել է տուժողի ընկերուհուն հարցաքննելու իրավունքը, ում ցուցմունքը որոշիչ է եղել նրա դատապարտման համար:
Իսկ այլ ապացույցների մասով դատարանը արձանագրել է, որ դրանք չէին կարող որոշիչ լինել սպանության փաստի ապացուցման համար և դիմումատուի դատապարտման համար որոշիչ են եղել քննությունից բացակայող վկայի՝ տուժողի ընկերուհու ցուցմունքները:
Մեկնաբանել