
Երկու զինծառայողներ կբուժվեն Ռուսաստանի Դաշնությունում
Երկու զինծառայողների բուժումը Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի։ Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման այս երկու նախագծերը։
Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 5 միլիոն 100 հազար դրամ։ Իսկ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը նույն երկրում իրականացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիոն 100 հազար դրամ։
Այս զինծառայողների բուժումը Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու համար դրական եզրակացություն է տվել առողջապահության նախարարությունը։
Մեկնաբանել