Թեհրանում քննարկվել է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը
Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 3-4-ը Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն եղել են Իրանում:
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ գործարարների, տրանսպորտային ընկերությունների և 46 նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Քննարկման ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը:
«Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով:
Հանդիպմանը ներկա 120 գործարարներ և տրանսպորտային ընկերությունների ղեկավարներ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող այս այլընտրանքային նախագծի նկատմամբ»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել