
ՊԵԿ նախագահ. «Խոշորների շրջանում ստվերը կրճատվել է»
2016 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի խոշոր հարկ վճարողների շրջանում ստվերը գնահատվում էր 48.8%, իսկ այս տարվա մարտի տվյալներով՝ 33.2%: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Ըստ նրա՝ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32%-ով:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ 7 ամիսների գործունեության ընթացքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել: 2016-ի հոկտեմբերից մինչև 2017-ի ապրիլը հարկային եկամուտները կազմել են 653.8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 46.1 մլրդ դրամով կամ 7.6%-ով:
Մասնավորապես, հարկային մարմինները հավաքագրել են 500.3 մլրդ դրամ, աճը՝ 43.1 մլրդ դրամ կամ 9.4%: Իսկ մաքսային մարմինները հավաքագրել են 153.5 մլրդ դրամը, որի աճն էլ կազմել է 3 մլրդ դրամ կամ 1.9%:
Ըստ ՊԵԿ-ի տվյալների
Թե որքանով կպահպանվի աճի տեմպը և որքանով կկրճատվի կամ կաճի ստվերը մինչև տարեվերջ, ՊԵԿ նախագահը նախընտրեց կանխատեսումներ չանել։ Նա միայն ընդգծեց, որ տնտեսության մեջ ստվերը պրակտիկորեն չի կարող զրոյի հասնել:
Միևնույն ժամանակ, լրագրողի հարցին, թե ՀՀ ամենախոշոր հարկատուի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի դեպքում ստվերը որքան է կազմում, Վարդան Հարությունյանը պատասխանեց՝ զրո։
ՊԵԿ նախագահը չնշեց անուններ, թե որ խոշոր հարկատու համարվող ընկերությունների հաշվին է ստվերը կրճատվել, և որոնք են տարիներ շարունակ թաքցրել իրական եկամուտներն ու պակաս հարկ վճարել։
Մեկնաբանել