
Հայկական գյուղը իսլամական համաշխարհային սրբավայրի անվանակիցն է. բնակիչները դժգոհ են
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի համայնքների բնակիչների նախնիները եկել են 1829-1830 թթ. հիմնականում Ալաշկերտից ու Մուշից: Սակայն դա չի նշանակում, թե տարածաշրջանում մինչ այդ հայեր չեն ապրել. բնակավայրերը հարուստ են միջնադարյան եկեղեցիներով, մատուռներով, խաչքարերով, հին գյուղատեղիներով ու բրոնզեդարյան քարայր-կացարաններով, դամբարանադաշտերով:
Մադինա գյուղը գտնվում է Սեւան-Մարտունի մայրուղուց 15 կմ հեռավորության վրա, ծովից 2200 մ բարձրության վրա: Ներկա հայ բնակիչներն այստեղ հաստատվել են 1925-1930 թվականներից: Առաջին բնակիչները եկել են Մարտունու մեկ այլ գյուղից՝ Ներքին Գետաշենից (Ներքին Ադյաման, պատմական հայկական անունը՝ Կոթ):
Մադինայի տարեցներից 95-ամյա Գուրգեն Կարապետյանը Ներքին Գետաշենում է ծնվել, պատմում է, որ երբ 1920-ականներին գյուղերում սկսվեց կոլեկտիվացումն ու կուլակաթափը, իրենց ընտանիքն էլ մի քանիսի նման արտաքսվեց բարձրլեռնային այս բնակավայր, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում: Գյուղը կոչվում էր Մեդինա: Հայերի գալուց հետո նախկին բնակիչները հեռացել են, սակայն գյուղի անունը մնացել է:
Գուրգեն պապն ասում է, որ մահմեդականներն այստեղ հաստատվել են 1840-ին, սակայն բնակավայրի պատմական անունը հայտնի չէ: Մեդինա անվանումը ծագում է նույնանուն արաբական սրբավայրի անունից: Մեդինան (նաեւ Մադինա, «մադինա» արաբերեն նշանակում է քաղաք) քաղաք է Արաբական թերակղզում՝ Սաուդյան Արաբիայի տարածքում, որտեղ թաղված է Մուհամեդ մարգարեն: Այս քաղաքը իսլամի երկրորդ սրբավայրն է մարգարեի ծննդավայր Մեքքայից հետո:
Գ. Կարապետյանի ասելով՝ հայերի վերաբնակությունից հետո գյուղի անվան մեջ միայն մեկ տառ է փոխվել՝ Մեդինան դարձել է Մադինա, սակայն այդպես էլ հայկական անուն չի ստացել: Գուրգեն պապի հարսը՝ տիկին Սեդան, ասում է, թե ինչ անուն ուզում են, թող դնեն, միայն թե հայկական լինի: Առաջարկում է Արմաղան տարբերակը՝ գյուղի հարեւան սարի անունով:
Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում է 2008-ից, իսկ մինչ այդ գյուղապետի տեղակալ էր, «Հետքի» հետ զրույցում նշում է, որ 2007-ին համայնքի անվանափոխության վերաբերյալ գրություն են ուղարկել կառավարություն՝ առաջարկելով Արգիշտի տարբերակը (Մադինայով է հոսում Արգիճի գետը): Կառավարությունն իր պատասխանում առաջարկել է անվանափոխել Ցրտագետ, սակայն, Սարգսյանն ասում է, որ թե ավագանին, թե գյուղացիները դեմ են եղել այդ տարբերակին: «Գյուղացիները համաձայն չեղան էդ անվանը, ու մինչեւ էսօր անունը մնացել է նույնը: Ավելի լավ է անունը մնա Մադինա, քան Ցրտագետ,- ասում է Վ. Սարգսյանը ու հավելում, որ իր ղեկավարման տարիներին այլեւս չեն դիմել կառավարությանը,- եթե նման անուն պիտի լինի, չենք էլ ուզում դիմենք»:
Դիտարկմանը, թե գուցե մեկ անգամ էլ փորձեն հարցը բարձրացնել, պատասխանում է, որ արժե, առաջիկայում նորից կդիմեն:
Ցրտագետ պատմական անունով գյուղ հիշատակվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում, որի տարածքը համապատասխանում է ներկայիս Վարդենիսի ու Կարմիրի տարածաշրջաններին: Ներկայում Գեղարքունիքի մարզում Ցրտագետ անունով (նախկինում կոչվել է Դոնա) գետ կա, սակայն այն ոչ թե Մարտունու, այլ Կարմիրի տարածաշրջանում է, Սեւան թափվող Տոնաձոր գետի ձախ օժանդակն է: Ցրտագետ է անվանակոչվել նաեւ Մադինայի հարեւան Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում գտնվող Յանըղ հանդը:
Մադինայի մշտական բնակչությունը, 2011 թ. համապետական մարդահամարի տվյալներով, 1111 է, իսկ առկա բնակչությունը՝ 983:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել