22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության համար
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մարկոսյանի սպանության համար: ՔԿ լրատվական ծառայության հաղորդմամբ` մայիսի 5-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում դիակ կա: Դեպքի վայրում հայտնաբերվել էր տվյալ տան բնակիչ, 1940թ. Ստեփան Մարկոսյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 22-ամյա բնակիչը, 2017թ. մայիսի 5-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ նախկինում ունեցած տարաձայնությունների համար վրեժխնդիր լինելու նպատակով գնացել է Ս. Մարկոսյանի տուն, մուտք գործել ննջասենյակ և դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նոր արթնացած Ս. Մարկոսյանի կրծքավանդակի ձախ կեսին, գլխի և պարանոցի հատվածներին։ Ստացած մարմնական վնասվածքներից տանտերը մահացել է։
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել