HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Զվարդ Սարգսյանի գործով Վարչական դատարանում հարցաքննվեցին Սիսակյան 3-ի բնակիչները

Վարչական դատարանը դատավորԿ․ Զարիկյանի նախագահությամբ այսօր լսեց Սիսակյան 3 հասցեի ապամոնտաժված վթարային շենքի բնակիչ Զվարդ Սարգսյանի գործը, որի ժամանակ հարցաքննվեցին Սարգսյանի հարևանները։ 

Նիստին ներկա չէր քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը, որի փաստաբանի լիազորագրի ժամկետը լրացել էր։ Նրա փոխարեն ներկայացել էր քաղաքապետարանի մեկ այլ իրավաբան, որը, սակայն, իր հետ մոռացել էր բերել փաստաբանի վկայականը։ Նարիմանյանը գործընկերուհու միջոցով խնդրում էր հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, թե կցանկանար հարցեր տալ վկաներին։  Սակայն Զվարդ Սարգսյանի փաստաբան Ալինա Ղազարյանը հորդորեց լսել վկաներին, քանի որ նրանց համար դատարան ներկայանալը հեշտ չէ, մանավանդ որ ոչ բոլորն էին եկել, և հաջորդ նիստին քաղաքապետարանի ներկայացուցիչը կունենա վկաներին հարցաքննելու հնարավորություն։

Դատավոր Զարիկյանը որոշեց լսել վկաներին։

Առաջինը հարցաքննվեց վկա Սեդա Գասպարյանը: Նա նշեց, որ Զվարդ Սարգսյանին ճանաչում է ավելի ան 30 տարի։ Նրանք միասին են աշխատել Երևանի մետաքսի կոմբինատում և բնակվել միևնույն հանրակացարանում։ Երբ Գասպարյանը 1984թ․սենյակ է ստացել Սիսակյան 3-ում, Զվարդն արդեն այնտեղ բնակվելիս է եղել։

Հանրակացարանում 1978թ․-ից որպես դաստիարակչուհի աշխատած Անահիտ Նիկոլյանը Զվարդին ճանաչել է որպես բարեխիղճ և լավ մարդ, որը ծանր աշխատանքով է իր հացը վաստակել։ Անահիտը դուրս է եկել շենքից 1992թ․, բայց հաճախ այցելել է հարևաններին։ Նա նաև հարևաններից լսել է, որ անցած տարի Զվարդի թոռնիկի հետ դժբախտություն է պատահել, և նա ամիսներ շարունակ եղել է աղջկա մոտ՝ ՌԴ-ում։ Դա եղել է այն ժամանակ, երբ քաղաքապետարանն արդեն սկսել էր շենքի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնելու գործընթացը։

Վկաներ Վերգինե Սարգսյանը, Հայկ Կոստանդյանը և Մարգարիտա Շիբոյանը նույնպես հաստատեցին, որ Զվարդի հետ բնակվել են Սիսակյան 3-ում և ավելի քան 30 տարի ճանաչել են նրան։ Նրանք Զվարդի հետ նաև գործընկերներ են եղել։ Բոլոր հարևանները հաստատեցին, որ աղջկա հետ պատահած դժբախտության պատճառով Զվարդը մեկնել է ՌԴ և մի քանի ամիս մնացել այնտեղ։ Ըստ նրանց` հենց այդ շրջանում էին քաղաքապետարանի հանձանաժողովի այցելությունները շենք ավելի ակտիվացել, քանի որ սկսել էին բնակիչներին նոր բնակարաններ հատկացնել, և «Զվարդի մասին անընդհատ հարցնում էին»։ 

Դատավորին հետաքրքրում էր, թե որ հարկում էր գտնվում 105 բնակարանը, ովքեր էին Զվարդի հարևանները։ Նա նաև վկաներին հարցրեց, թե ինչ մեծության էր բնակարանի տարածքը․ մե՞կ սենյակ էր, թե՞ մի քանի։ Բնակիչները հաստատեցին, որ Զվարդի բնակարանը գտնվում էր կիսանկուղային հարկում, և որ նրա դրկիցն էր Սիրանուշ Գրիգորյանը։ Ոչ բոլորն էին հիշում Հասմիկ Գևորգյանին, որին քաղաքապետարանը ներկայացրել էր որպես 105-րդ բնակարանին հավակնող անձ։  Վկաներից երկուսն ասացին, որ Հասմիկը ինչ-որ ժամանակ բնակարան է վարձել իրենց շենքում՝ կարճ ժամանակով, այնուհետև հեռացել է, հետո հայտնվել միայն այն ժամանակ, երբ բնակարաններ էին սկսել հատկացնել։

Դատավոր Զարիկյանը Զվարդ Սարգսյանի ներկայացուցչին խնդրեց ներկայացնել երկրից բացակայությունը հաստատող ապացույց․ փաստաբանը դատարանին տրամադրեց Զ․ Սարգսյանի անձնագրի համապատասխան էջերի պատճենը։

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 8-ին, ժամը 12։00-ին։

Լուսանկարում՝ ձախից երկրորդը Զվարդ Սարգսյանն է՝ Սիսակյան 3-ի իր հարևանների հետ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter